Զբաղված ենք հերքումներ հերքելով

Զբաղված ենք հերքումներ հերքելով
Այսօր առավոտյան մեր խմբագրություն էր զանգահարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ ներկայացած մեկը և հայտնել, որ նույն քրեակատարողական հիմնարկի շուրջ 20 դատապարտյալներով հացադուլ են սկսում, քանի որ իրենց նախորդ նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին, մնացել է անարձագանք, և խնդրում են հացադուլ հայտարարելու մասին իրենց հայտարարությունը հրապարակել։



Մենք, իհարկե, [հրապարակեցինք](https://www.hraparak.am/posts/5b4eebd11b95c206c5c66e85/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80-%D6%84%D5%AF%D5%B0%D5%AB-20-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%A4%D5%B8%D6%82%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC) այն, որից տառացիորեն րոպեներ անց հանրային կապերի բաժինը պարզաբանում տարածեց, թե հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. քրեակատարողական հիմնարկում նման պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան․



«Այսօր՝ հուլիսի 18-ին, «Հրապարակ» լրատվական կայքը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալ հացադուլ է հայտարարել համաներման իրենց պահանջին արձագանք չստանալու պատճառով: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. քրեակատարողական հիմնարկում նման պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան»։



Ավելի ուշ արդեն 20 կալանավորները հասցրել էին գրավոր դիմել ՔԿՀ-ի ղեկավարությանը`տեղեկացնելով, որ անժամկետ հացադուլ են հայտարարում։Բացի այդ էլ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր այցելել էր «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել եւ զրուցել հացադուլ հայտարարած կալանավորների հետ, քննարկել նրանց պահանջները: Պատգամավորը նաեւ առանձնազրույցներ է ունեցել կալանավորների հետ: Արդյունքում, հացադուլ հայտարարած 20 կալանավորները համաձայնել են դադարեցնել հացադուլը: Նրանք այդ մասին գրավոր դիմում արդեն ներկայացրել են ՔԿՀ-ի ղեկավարությանը: 



**Հ․Գ**․ _ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնին հիշեցնենք՝ Ձեր աշխատանքը օպերատիվ կերպով այս կամ այն լուրը հերքելը չէ, այլ դրանց հիմքերն ուսումնասիրելը, հավուր պատշաճի պարզաբանում տալը, հանրության շրջանում վստահության հասնելը։ Արե՛ք Ձեր աշխատանքը ու ավելորդ խոչընդոտ չեք հանդիսանա լրատվամիջոցների համար առանց այն էլ բարդ ժամանակաշրջանում։_