ՊԵԿ-ը կա՛մ սխալ է լուծում խնդիրը, կա՛մ թերի ինֆորմացիա տրամադրում

ՊԵԿ-ը կա՛մ սխալ է լուծում խնդիրը, կա՛մ թերի ինֆորմացիա տրամադրում
Այսօր Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, որ 2018 թվականի հուլիսի 9-ին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախապատրաստվել են նյութեր:



ՊԵԿ-ից մեզ ասացին, որ հարուցվել է քրեական գործ։ Պատճառը ՊԵԿ-ի ստացած փաստական տվյալներն են առ այն, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 18,671,808,672 դրամի 61.084.701 կիլոգրամ քաշով լոլիկի արտահանում Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում «Սպայկան» իր արտահանած լոլիկի մի զգալի մասը՝ շուրջ 45 տոննա, ներկայացրել է ոչ արժանահավատ արժեքներով։ Ըստ ՊԵԿ-ի ձեռք բերած տվյալների՝ ընկերությունն իր արտահանած մեկ կգ լոլիկը հայտարարագրել է 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել: Արդյունքում, ըստ ՊԵԿ-ի, պետական բյուջե ավելի քան 2 մլրդ 45 մլն դրամ գումարի չափով պակաս գումար է մուտք արվել։



Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 13-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:



Մենք հետաքրքրվեցինք ՊԵԿ-ից, թե որքա՞ն է կազմել մեկ կգ լոլիկը այն ժամանակահատվածում, երբ «Սպայկան» արտահանել է այդ 45 տոննա լոլիկը՝ այն հայտարարագրելով կիլոգրամը 105-373 դրամ արժեքով, որպեսզի հասկանանք, թե «Սպայկան» շուկայականից որքա՞ն ցածր արժեքով է լոլիկը հայտարարագրել։ ՊԵԿ-ից, սակայն, մեզ տվեցին ահա այսպիսի տարօրինակ պատասխան․ «Հարցը քրգործի շրջանակներում է, կատարվում է նախաքննություն, այլ ինֆորմացիա չենք կարող տրամադրել»։



Մեր ջանքերը՝ բացատրելու, որ այստեղ որևէ նախաքննական գաղտնիք չկա, անցան ապարդյուն՝ ՊԵԿ-ից միայն սա կարողացան ասել։ Տարօրինակ է, որ ՊԵԿ-ում հրապարակում են պակաս վճարած գումարը, հրապարակում են հայտարարագրած լոլիկի արժեքը, բայց չեն ասում այն իրական արժեքը, որը պետք է լիներ։ Այսինքն՝ իրենք գիտեն, որ «Սպայկան» լոլիկն էժան է հայտարարագրել, բայց չեն ասում՝ որքան էժան, ինչքան է եղել այդ ընթացքում լոլիկի գինը շուկայում։ Սրան զուգահեռ՝ ՊԵԿ-ում կարողացել են հաշվել ու պարզել, որ «Սպայկան» ավելի քան 2 միլիարդ դրամ պակաս գումար է բյուջե վճարել։ Սա պարզ մաթեմատիկական հավասարում է՝ մեկ անհայտով, որը ՊԵԿ-ում «թարս» են լուծել․ պատասխանը հաշվել են՝ առանց X-ը գտնելու։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**