Էդ մարդուն շատ եմ սիրում․ ավագանու արտահերթ նիստը՝ փոխմարզպետի մասնակցությամբ

Էդ մարդուն շատ եմ սիրում․ ավագանու արտահերթ նիստը՝ փոխմարզպետի մասնակցությամբ
Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել: Որքան հասկանալի էր, արտահերթ նիստ հրավիրելու հիմնական պատճառը Գյումրու պատվավոր քաղաքացի, բարերար, նյուրորքաբնակ բժիշկ Հովհաննես Օյունջյանի առաջարկն էր մարզպետին եւ քաղաքապետին, ըստ որի՝ խնդրում էր տարածք տրամադրել Գյումրիում համերգասրահ կառուցելու նպատակով:



Մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ այդ դիմումի եւ հնարավոր տարածքների ուսումնասիրությունց հետո դիմել է քաղաքապետ Բալասանյանին՝ խնդրելով Մհեր Մկրտչյան փողոցի №47/6 հասցեում գտնվող հողամասը հատկացնել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին: Մինչդեռ 2016 թ. մայիսի 6-ին Գյումրու ավագանին 30 տարի ժամկետով նշված տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Գյումրու ՊՈԱԿ ժողգործիքների նվագախմբին:



Նվագախմբի անդամները ահազանգում են, որ մտավախություն ունեն, թե դրսում կհայտնվեն եւ կդադարեցվի իրենց գործունեությունը: Գյումրու ավագանին որոշումը կայացնելուց առաջ երկար քննարկեց, թե ինչ է լինելու ժողգործիքների նվագախմբի ճակատագիրը:Այսօրվա արտահերթ նիստին ներկա էր նաև փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, որը, հանդես գալով ելույթով, ավագանու անդամներին վստահեցրեց, թե ժողգործիքների նվագախումբը տեղափոխվելու է նոր շենք, որն ստեղծագործական առումով առավել հարմար է լինելու:



Մարզպետարանն այս փուլում զբաղված է նոր շենք գտնելու հարցով, որի ծախսերը նույնպես իր վրա է վերցել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ, նշելով, որ բարերարին էլ են հասկանում, նրա ցանկությունն էլ, հիշեցրեց այն դառը փորձը, որ տարիներ առաջ ունեցան, երբ նույն հիմնադրամի համառ ջանքերով եւ մարզպետարանի անշրջահայաց որոշման պատճառով Գյումրին զրկվեց քաղաքային տպարանից եւ 1920 թվականից գործող «Կումայրի» («Բանվոր») թերթի խմբագրությունից:Այնուհետև հարց ուղղեց քաղաքի գլխավոր ճարտարապետին, թե երբ եւ ինչպես են հանդիպել բժիշկ Օյունջյանին:Քաղաքապետ Սամվել Բալասանյանն շտապեց անձամբ պատասխանել․



«Ինքը եկավ մեզ մոտ՝ սայլակի վրա, ես ասացի՝ ինչու եք եկել, ես կգայի ձեզ մոտ, մենք ընդունեցինք, խոսեցինք․․․, էդ մարդուն շատ եմ սիրում, մեր քաղաքի համար շատ բան է արել։ Հիմա մոտ 3մլն դոլարի ներդրում է անում, որ ֆիլհարմոնիայի շենք կառուցեն:Ամսի 13-ին Օյունջյանի ծնունդն է, վատառողջ է, հաշվի առնելով տարիքը, խնդրում է, որ իր աչքերով տեսնի տարածքը, խնդիրն այն է, որ այդ օրը արարողությունը կայանա»,-հարցն ավագանու արտահերթ նիստում քննարկելու անհրաժեշտությունն այդկերպ մեկնաբանեց քաղաքապետը։ Ինչևէ, երկար քննարկումներից եւ հավաստիացումներից հետո, որ Գյումրու ժողգործիքների նվագախումբը դրսում չի հայտնվելու, ավագանու անդամները նախագծին կողմ քվեարկեցին։



**Արևիկ Հակոբյան**