Հանցագործության դեմ պայքարը կինո չի սիրում

Հանցագործության դեմ պայքարը կինո չի սիրում
Հայաստանի ուժային կառույցի նախկին ղեկավարներից մեկը, ուշի ուշով հետեւելով ԱԱԾ-ի բացահայտումներին, մի քանի դիտարկում արեց՝ խնդրելով հրապարակել դրանք եւ չցանկանալով բացահայտել իր ինքնությունը։ Իրավապահների այսօրվա գործելաոճը մի քանի վարկած է առաջ բերում՝ կա՛մ իրոք չեն հասկանում իրենց գործից, կա՛մ զբաղված են հենց «վենդետաներով»: «Այլ կերպ չի կարելի որակել թե՛ Մասիսի քաղաքապետի գործը, թե՛ Սաշիկին պարբերաբար բերել-թողնելը, թե՛ Արա Վարդանյանի դեպքը: Իսկ եթե իրականում պարզվի, որ Վարդանյանն այդ արարքը չէր կատարել, ի՞նչ ենք անելու: Մարդուն խայտառակ անելու համար ո՞վ պետք է պատասխան տա: Լրջացեք, տղերք, վնասից բացի գործող կառավարությանն այլ բան չեք բերում։ Հանկարծ այնպես չստացվի, որ Փաշինյանի կառավարության նպատակն էր Սաշիկի տղու ընկերուհու մեքենան հայտնաբերելը»:



Նշենք, որ ԱԱԾ-ն Սաշիկ Սարգսյանի տանը կատարված խուզարկության արդյունքում հաղորդագրություն էր տարածել, որում նշում էր, որ մոտ «90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան կասկածելի գործարքներում ներգրավված եւ ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի Նարեկ Սարգսյանը, առանց վարանելու, նվիրել է ընկերուհուն»: Դրանից հետո սոցցանցերում սկսեցին բացահայտումներ անել, թե ով է այդ թանկարժեք նվերի տիրուհին: Նարեկ Սարգսյանը, ի դեպ, թանկարժեք նվերների սիրահար է, իր արդեն ամուսնալուծված կնոջ համար մի հսկա ծաղկեփունջ էր ժամանակին տեղադրել Հյուսիսային պողոտայում, որը կարող էր արժենալ մինչեւ 50 մլն դրամ, եւ որի մասին մամուլն օրեր շարունակ գրում էր:



Ինչ վերաբերում է «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրենին, ապա դատարանը նրան ազատ արձակեց 1 մլն դրամ գրավի դիմաց: ԱԱԾ-ն հաղորդել էր, որ «փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ, տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն»: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Ըստ ԱԱԾ-ի՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել առցանց խաղատներին, իսկ 2016-2018 թթ․ ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ: Նրա փաստաբաններն էլ հայտարարել են, որ Ա. Վարդանյանը չի օգտվել «Հայաստան» հիմնադրամի գումարներից, իսկ վարկային գծի գումարները ժամանակավորապես օգտագործելով՝ որեւէ վնաս չի պատճառել հիմնադրամին: Այսօր արդեն Արա Վարդանյանն աշխատանքի է գնացել, ասես ոչինչ էլ չի եղել: Հարց է առաջանում՝ եթե բավարար հիմքեր չունեն, ինչո՞ւ են դհոլ-զուռնալով, ճռիկ-վռիկներով մարդկանց բռնում, կինոներ նկարում, երկու օր հետո ազատ արձակում, երբ կարելի է այդ ամենն անել լուռումունջ, ստուգել ինֆորմացիան, վերջնական համոզվել, որ գործ ունենք հանցանքի հետ, հետո նոր հրապարակումներով հանդես գալ, փաստական հրապարակումներով, ոչ թե որակումներով, գնահատականներով՝ ցոփ ու շվայտ, առանց վարանելու նվիրել եւ այլն:



Սա համակարգում երկար տարիներ աշխատած անձի տեսակետն է։



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**