Հարցերը մի քիչ շա՞տ չեն

Հարցերը մի քիչ շա՞տ չեն
Լրահոսից տեղեկացա, որ Մարտի 1-ի գործի հետաքննության շրջանակներում, որպես առանցքային դերակատարում ունեցած գործիչ, ներգրավված է նաեւ նախկին Պնախարար, նախկին գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Լուրն ինքնին հուսադրող է այն առումով, որ ներկայիս իշխանությունները կարծես թե դրսեւորում են բավարար կամք եւ կունենան բավականաչափ հաստատակամություն, որպեսզի բացահայտեն այդ «բարդ եւ դժվարբացահայտելի» գործը: Ինչո՞ւ «կարծես թե», որովհետեւ հաստատ համոզված չեմ բավարար կամքի եւ հաստատակամության մեջ, քանի որ իշխանափոխության գործընթացը դեռ չի ավարտվել, գլխավոր դատախազը նախկին իշխանության դրածոն է, եւ, ամենակարեւորը՝ կասկածում եմ, որ կգա մի բեկումնային պահ, երբ ազգի դեմքերը կմտածեն, որ Մարտի 1-ի ոճիրի բացահայտումը ոչ բոլորին է ձեռնտու եւ առաջին հերթին՝ քաղաքական դաշնակիցներին: Մի շտապեք ինձ քարկոծել, մեր հանրապետության խորհրդային եւ հետխորհրդային պատմության մեջ նման դեպքերը քիչ չեն, երբ «պետական շահը» վեր է դասվել բարոյականությունից եւ սկզբունքներից:



Առանձնապես դժվարբացահայտելի մի բան էլ չկա, չնայած տասը տարվա ընթացքում որքան որ հնարավոր է, ոչնչացվել է իրեղեն ապացույցների բազան, խեղաթյուրվել են փաստերը, ակտիվ դերակատարում ունեցող դեմքերից շատերը հեռացել են Հայաստանից, շատերին՝ լռեցրել: Եվ հիմա Միքայել Հարությունյանին կալանավորելու որոշում կայացնելով՝ ինձ չեն համոզի «կեցցեք» գոչել, որովհետեւ դա սպասելի քայլ էր, միանգամայն նորմալ քաղաքական որոշում այն ուժի կողմից, ով տասը տարի նախկիններին մեղադրել է մարտիմեկյան դեպքերը կազմակերպելու, իրագործելու եւ կոծկելու մեջ: Ինձ անհանգստացնում են մի շարք հարցեր, որոնց կանդրադառնամ ըստ հերթականության․



Ա. Ինձ հետաքրքրում է՝ հետաքննություն իրականացնող մարմինները տեղյա՞կ են, թե ներկայումս որտեղ է գտնվում Միքայել Հարությունյանը: Հետախուզում հայտարարվել է հանրապետությա՞ն մասշտաբով, թե՞ միջազգային:



Բ. Ինձ համար անհասկանալի է նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի կարգավիճակը, քանի որ եթե Միքայել Հարությունյանը հրամայել է, ապա Սեյրան Օհանյանը կատարել է: Դիցուք, այդ ժամանակ զբաղեցնելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնը՝ պարոն Օհանյանն ի պաշտոնե պատասխանատու էր ստորաբաժանումների տեղաշարժի եւ օպերատիվ իրավիճակի համար, ասել է թե՝ առանց նրա գիտության, ավելին ասեմ՝ առանց նրա եւ նրա ենթակայության տակ գտնվող վարչությունների ուղղակի իմացության եւ հրամանի բացառված էր զորքերի եւ ռազմական տեխնիկայի տեղաշարժը հանրապետության տարածքում, մանավանդ՝ եթե խոսքը վերաբերում է սահմանից զորքերի տեղափոխմանը Երեւան:



Զորքերի տեղաշարժ ասվածն էլ մի հսկայածավալ օպերացիա է եղել: Զորամասերում եւ բանակային կորպուսներում կազմվել են հրամաններ, որտեղ կետ առ կետ նշվել են, թե երբ, ով, ինչ եւ ինչպես պետք է անի: Առհասարակ, զինվորականները, իրենք իրենց հետագա անցանկալի զարգացումներից ապահովագրելու համար, հրամանները կազմում են առավելագույնս մանրակրկիտ կերպով, որտեղ հստակ նշվում է, թե ով ինչի համար է պատասխանատու: Տոննաներով դուրս գրված վառելիք, սնունդ, պահեստից հատկացված զինամթերք, մարտական դիրքերից իջեցված զինծառայողներ եւ էլի հազար ու մի նմանատիպ փաստեր, եւ, որ ամենակարեւորն է՝ այս ամենը հրամանագրված է: Թե նախկինում ինչպես չեն «կարողացել» բացահայտել այս գործը, աբսուրդի շարքից է, բայց թե հիմա ինչու են «ակտիվորեն տեղում դոփում», մի փոքր անհասկանալի է: Չնայած դրան էլ կարծես թե բացատրություն կա, որը կփորձեմ նույնպես ներկայացնել հարցերի տեսքով:



Գ. Ինչո՞ւ են հետաքննության մարմինները համառորեն լռում նախկին ԶՈՒ ԳՇ պետ, ներկայումս ՀԱՊԿ պատասխանատու գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի մասով․ նա այդ ժամանակ Պնախարարի տեղակալն էր եւ Երեւան քաղաքի պարետն էր, որին ենթարկվում էին Երեւանի կայազորում տեղակայված զորամասերը եւ գործուղված ստորաբաժանումները: Այդ իրադարձությունների ժամանակ գեներալիտետից շատերի նյարդերը տեղի էին տվել, բայց ո՛չ Խաչատուրովինը։ Ավելին՝ իրեն վերապահված լիազորություններն արդյունավետ կիրառելով, հետագայում նա իր համար ապահովեց պաշտոնի կտրուկ բարձրացում:



Իսկ միգուցե մեր հետաքննությունը բավարար իրավական հիմքեր չունի՞ Խաչատուրովին ներգրավելու համար, իսկ գուցե բավարար քաղաքական կա՞մք չունի: Ռուսաստանի հովանավորյալ «ազգային, ռազմական, քաղաքական» գործիչ Խաչատուրովը կարծես թե ժամանակին իրեն լավ ապահովագրել է:



Դ. Եվս մեկ շատ կարեւոր հարց: Ինչպե՞ս է հետաքննությունը պատրաստվում ներգրավել գործին այն դեմքերին, որոնք հիշյալ դեպքերի ժամանակ եղել են ՊԲ ստորաբաժանման կազմում կամ ներկայումս ծառայում են ՊԲ-ում: Համարյա համոզված եմ, որ իսկույն կհիշեն Արցախի առանձին պետական-իրավական սուբյեկտ լինելու հանգամանքը, նունիսկ կհերքեն, որ Արցախից զինծառայուղներ են տեղափոխվել Երեւան, ներգրավվել խաղաղ ցուցարարներին ցրելու եւ ճնշելու գործողություններին: Բայց փաստեր կան, չէ՞: Հանկարծ նման փուչ հայտարարություններ չանեք:



Իմիջիայլոց, եթե դուք «չգիտեք» կամ «մոռացել» եք, ապա հիշեցնենք, որ, օրինակ, ՊԲ-ից ժամանած զինծառայողները հանգիստ տեղավորվել էին Երեւանի քաղաքապետարանի շենքում, 3-րդ ԲԿ-ի զինծառայողները՝ հին կրկեսի, 4-րդ ԲԿ-ի զինծառայողները՝ ԴՕՍԱԱՖ-ի շենքում: Արժե՞ արդյոք շարունակել: Կարող եմ նաեւ հիշեցնել, որ նախկին իշխանությունները նույնիսկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներին էին ներգրավել այդ խայտառակ գործընթացին, այն էլ՝ որպես իրենց սրբատեղի հանդիսացող ՀՀԿ գրասենյակը պաշտպանելու համար կուրսանտական ստորաբաժանումներն ավտոբուսներով տեղակայելով Մելիք-Ադամյան եւ հարակից փողոցներում, եւ մարտիմեկյան իրադարձությունների բոլոր մասնակիցները պարգեւատրվել են 50 հազար ՀՀ դրամի չափով, անուն առ անուն կազմված ցուցակներ՝ ստորագրություններով:



Ե. Մի շատ կարեւոր հարց էլ կա: Արդյոք քննչական մարմինները պատրաստվո՞ւմ են բացահայտումներ անել եւ հանրությանը ներկայացնել, թե այդ իրադարձությունները բացասական առումով ինչպիսի անդառնալի հետեւանքներ են թողել մեր պաշտպանական համակարգի վրա․ սահմանային զորամասերից մեծ թվով զինծառայողներ հանելով եւ Երեւան գործուղելով՝ թուլացել է մեր սահմանների պաշտպանությունը, որի արդյունքում մենք ունեցել ենք դիրքի կորուստ… կամ չենք ունեցել: Եթե եղել է, նշանակում է մեղավորներ էլ պետք է լինեն, չէ՞:



Զ. Ենթադրենք՝ քննչական մարմինները, ոգեւորվելով այն հանգամանքից, որ մեր երկրում իրավիճակ է փոխվել, շատ սեղմ ժամկետներում կարողանում են բացահայտել տասնամյա վաղեմության գործը, ի՞նչ պետք է անի այն բոլոր դեմքերի հետ, ովքեր հիմա իշխանություն են ներկայացնում, բայց այդ դեպքերի ժամանակ էլ իշխանություն են եղել: Շատ բարդ հարց է, չէ՞, ցավալիորեն՝ զավեշտի հասնող, կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ ՊԱՐԱԴՈՔՍ:



Իրոք, էլի, ինչպե՞ս պիտի հանրությանը բացատրեք, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը մեղավոր է, իսկ շատերը՝ նրա տեղակալները, վարչության պետերը, ԲԿ հրամանատարները, նրանց տեղակալները, որոնք նախկինում մեղավոր էին, հիմա անմեղ են, քանի որ մաս են կազմում նոր իշխանության:



**Կարեն ՄԵԼՅԱՆ**