Խաղի կանոններ, իմ կարծիքով, չեն գործում․ ՊԵԿ փոխնախագահ (տեսանյութ)

Խաղի կանոններ, իմ կարծիքով, չեն գործում․ ՊԵԿ փոխնախագահ (տեսանյութ)
ԱԱԾ-ն հայտնի «Երևան Սիթի»-ի ԱՁ-ների գործով հարցաքննության էր հրավիրել նաև ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին։ Նա այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց, որ ըստ ծանուցագրի՝ եղել է ԱԱԾ-ում, և հարցաքննության ենթարկվել։ Գործի, իր պատասխանների ու հարցաքննության վերաբերյալ Մաշադյանը ոչինչ չասաց, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում։



**Hraparak.am**-ին, թե ինչո՞ւ էին իրեն հրավիրել, Մաշադյանն ասաց․ «Որովհետև ես ունեի որոշակի տվյալներ, որոնք վերաբերում էին Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին առնչվող հարցերին»։ Մաշադյանը ժամանակին հայտարարել էր, որ ՊԵԿ-ը տեղյակ է եղել այդ ԱՁ-ներից, այսինքն՝ ՊԵԿ-ը արտոնությո՞ւն է տրամադրել այն ժամանակ սուպերմարկետներին։



Մաշադյանն ասաց, որ ՊԵԿ-ը որևէ մեկին արտոնություն չի տրամադրել, որևիցե կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվառման առումով պայմանավորվածություններ ձեռք չի բերել։ «Մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր որ մեկ տարածքում գործել են երկու և ավելի կազմակերպիչների կողմից։ Ըստ էության՝ իմ կողմից հայտարարությունն այդ մասով է արվել»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը։



**Hraparak.am**-ի հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ նախկինում խաղի այլ կանոններ են գործել, թեկուզ հենց այդ ԱՁ-ների մասով, հիմա այլ կանոններ են գործում, Ռաֆիկ Մաշադյանն ասաց․ «Խաղի կանոններ, իմ կարծիքով, չեն գործում, Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է իր գործառույթներն օրենքի շրջանակներում, այլ խնդիր է, որ որոշակի ժամանակահատվածում որպես թիրախ ընտրվում է այս ոլորտը կամ այն ոլորտը, կամ բիզնեսի վարքագծի որևիցե ուղղություն»։



Հարցին՝ հիմա այդ ԱՁ-ների թեման օրինակա՞ն է, եղել, թե՞ ոչ, Մաշադյանն այս հարցին այդպես էլ հստակ պատասխան չտվեց, թեպետ քանիցս այն ձևակերպեցինք մաքսիմալ հստակ։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**