Ես ի՞նչ իրավունք ունեմ նրա աշխատանքին հետեւելու

Ես ի՞նչ իրավունք ունեմ նրա աշխատանքին հետեւելու
Լոռու մարզի երիտասարդները մի բաց նամակ էին գրել վարչապետին՝ անստորագիր, եւ շարունակ զանգահարում էին խմբագրություն՝ տեղեկանալու, թե ստացե՞լ ենք նամակը, հրապարակելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Մենք նամակը տեղադրեցինք կայքում, բայց չհասկացանք, թե ինչու են լոռեցիները թաքցնում իրենց անունները։ Մանավանդ՝ նամակում չգիտես ինչ վտանգավոր մտքեր չտեսանք՝ ընդամենը մտահոգություն, թե ինչու է մարզպետ նշանակվել ԲՀԿ ներկայացուցիչը, եւ տվյալներ, թե ինչով է նա զբաղված այս օրերին։ Մասնավորապես, ահազանգ են հնչեցրել նրա կադրային նշանակումների մասով։ «Այսօր Լոռու մարզում շարունակվում է ՀՀԿ-ի որդեգրած կադրային քաղաքականությունը, այն է՝ ընտրել կադրեր նեղ կուսակցական սկզբունքով եւ ծանոթ-բարեկամով: Եվ մարզպետարանը ՀՀԿ-ից վերածվում է ԲՀԿ կառույցի»,- ասված է նամակում։ Հրանտ Մարգարյանը, հիշեցնենք, մինչ այդ Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ էր։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է արել նորանշանակ մարզպետը, ինչով է արժանացել երիտասարդների զայրույթին, եւ կապվեցինք մի շարք լոռեցիների հետ։



Նախ զրուցեցինք Լոռու նախկին մարզպետ **Արթուր Նալբանդյանի** հետ՝ ենթադրելով, որ նա հետեւում է մարզպետարանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա մեզ հետ զրույցում նախ ասաց, որ մարզպետի գործունեությանը չի հետեւում, որովհետեւ հանգստանում է, բայց ճանաչում է նրան ու շատ նորմալ է վերաբերվում։ Մեր մեջբերմանը, թե, ոմանց կարծիքով, Լոռու մարզը ՀՀԿ-ից վերածում է ԲՀԿ-ի կառույցի, Նալբանդյանն ասաց, որ տեղյակ չէ նման բանից։ Իսկ իր ժամանակ մարզպետարանը ՀՀԿ-ականներով համալրելու մասով էլ ասաց, որ մարզպետարանում երբեք կուսակցական աշխատանքով չեն զբաղվել։ «Ոչ, նման բաներ երբեւիցե չեն եղել։ Պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով եւ խիստ մասնագիտական կադրեր են ընտրվել։ Մենք կուսակցական աշխատանքով զբաղվել ենք միայն ազատ օրերին եւ աշխատանքից հետո»,-ասաց Նալբանդյանը։



Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար **Քրիստ Մարուքյանն** էլ է դրական վերաբերվում նոր մարզպետին։ «Ես ճանաչում եմ ու ասեմ՝ որպես մարդ, շատ լավ մարդ ա, շատ շնորհքով, բոլոր տեսանկյուններից պարկեշտ մարդ ա։ Բայց մարզպետի պաշտոնում էդ մարդը պիտի հլա նոր աշխատի, որ հասկանանք՝ ինչ ա, ոնց ա եւ այլն»,- ասաց Ք․ Մարուքյանը։ Ինչ վերաբերում է կադրային նշանակումներին, ապա ասաց, որ ինքն այս ընթացքում շատ զբաղված է եղել, մեծ հաշվով՝ տեղյակ էլ չէ նշանակումներից։ Բայց նկատեց․ «Ինձ թվում ա՝ պետք ա էդ մարդկանց աշխատանքով դատել, ոչ թե, ասենք, իրանք ՀՀԿ են, ԲՀԿ են, թե ինչ… եթե էդ մարդը նորմալ ա աշխատում, ինքն իրա տեղում ա, ուրեմն նորմալ ա, եթե իրա տեղում չի, ուզում ա, ասենք, դրսից հրավիրված մասնագետ լինի։ Կուսակցական պատկանելությամբ ասել՝ այո, որ տենց ա, ուրեմն վա՞տ ա»։



Նկատեցինք, որ տարիներ ի վեր տեսել ենք, որ դաշնակցականները գալիս են եւ իրենց կուսակիցներով են համալրում շրջապատը, ՀՀԿ-ն՝ ՀՀԿ-ականներով, ԲՀԿ-ն՝ ԲՀԿ-ականներով եւ այդպես շարունակ։ Հավանաբար, սրանից են բողոքում Լոռվա երիտասարդները։ «Քաղաքական պաշտոններն ունեն նաեւ հայեցողական պաշտոններ, այսինքն՝ թիմ ձեւավորելու խնդիր կա եւ այլն։ Եվ թիմ ձեւավորելուց մարդիկ առաջին հերթին իրենց թիմից են կադրեր ընտրում։ Ինչ վերաբերում է քաղծառայության կամ համայնքային ծառայության դեպքերին, էդ արդեն յուրաքանչյուր մարդ պաշտպանված ա օրենքով։ Եթե կա ինչ-որ պաշտոնի հետ անհամատեղելիություն կամ, չգիտեմ, այլ խնդիրներ, որ մինչեւ էդ չի բացահայտվել կամ չի խոսացվել դրա մասին, հիմա ա խոսացվում, էդ նշանակում ա՝ լավ առիթ ա փոփոխությունների։ Նոր եկած մարդիկ էլ, էլի եմ ասում, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կաշխատեն, կտեսնենք՝ ոնց են աշխատում»,- ասաց Քրիստ Մարուքյանը։



Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական **Սամվել Դարբինյանն** էլ գովեստի խոսքեր շռայլեց նորանշանակ մարզպետի հասցեին, բայց ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում հետեւել նրա աշխատանքին։ «Չէ, ես ի՞նչ իրավունք ունեմ նրա աշխատանքին հետեւելու, բայց նորմալ մարդ ա, լավ ընկեր ա, շատ լավ հոր տղա ա, ինձ թվում ա՝ լավ կլնի։ Բայց աշխատանքի մեջ չգիտեմ, էլի, որովհետեւ ես իրա հետ չեմ աշխատել, մի քանի օր ա, որ նշանակվել ա, աշխատանքին գնահատական տալն էլ շատ շուտ ա»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե ԲՀԿ-ականներով է համալրել մարզպետարանը՝ այն ՀՀԿ-ի կառույցից վերածվելով ԲՀԿ-ի կառույցի, Դարբինյանն ասաց․ «Չեմ կարա ասեմ, որովհետեւ ո՛չ հետաքրքրվում եմ, ո՛չ էլ նման տվյալներ ունեմ»։ Ի դեպ, Սամվել Դարբինյանի որդին՝ Աղասի Դարբինյանը, մի քանի օր առաջ նշանակվեց ՀՀ վարչական դատարանի նախագահ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**