Պատերազմից հինգ րոպե պակա՞ս

Պատերազմից հինգ րոպե պակա՞ս
Բաքվում անցկացվեց զորահանդես: Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում՝ բացահայտել է Իլհամ Ալիեւը: Նա ասել է, որ Ադրբեջանը «համառակորդին ցույց տվեց իր հզորությունը»: Զորահանդեսին ցուցադրվել են չեխական արտադրության ինքնագնաց հրետանային համակարգեր, իսրայելական ԱԹՍ-ներ եւ հրթիռներ, բելառուսական Պոլոնեզ զենիթահրթիառային կայանքներ: Որ Ադրբեջանը նման զինատեսակներ է ձեռք բերել՝ հայտնի էր վաղուց, դրանք առանձին-առանձին ցուցադրվել էին զորահանդեսից շատ առաջ:



Միջոցառման «մեխը» բնավ էլ դա չէր, այլ՝ որ Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման հանդիսություններին մասնակցում էր թուրքական բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկը: Քաղաքական ուղերձն, այսպիսով, ակնհայտ է՝ Ադրբեջանը եւ Թուրքիան աշխարհին ներկայանում են որպես ընդհանուր շահ ունեցող, ռազմավարական դաշնակից երկրներ:



Ըստ էության, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն «ալիքի վրա» մնում է շնորհիվ Թուրքիայի: Բաքվում վեր է հառնում «թուրք ազատարար զինվորի» հուշարձանը, որը մի բան է միան խորհրդանշում՝ Ադրբեջանը որպես պետություն ստեղծվել է Թուրքիայի կողմից: Խնդիրն այն է, թե ներկա պահին ի՞նչ են ծրագրում Անկարան եւ Բաքուն: Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական կողմի վերջին ագրեսիվ քայլերից կարելի է ենթադրել, որ դրված է իրավիճակը լարելու, գրեթե պատերազմականի հասցնելու խնդիր:



Այդ դեպքում Թուրքիան կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միջամտելու ֆորմալ առիթ՝ հաշվի առնելով Նախիջեւանի կարգավիճակի հանգամանքը: Հնարավոր է, որ առաջիկայում լարվածությունն աճի ԼՂ հակամարտության գոտում: Ադրբեջանը փորձելու է բանակցությունների վերսկսման միջնորդական ջանքերի վրա ճնշում գործադրել՝ քննարկումներին իր համար նպաստավոր բաղադրիչներ մտցնելու համար:



Ներկայումս հայկական կողմը պնդում է, որ առանց նախկին պայմանավորվածությունները կյանքի կոչելու հնարավոր չէ խոսել ապագա համաձայնությունների թեմայով: Դա Ադրբեջանին ձեռնտու չէ, ուստի Ալիեւը փորձ է անելու նոր լարվածություն ստեղծել, որպեսզի միջնորդները կենտրոնանան դրա հետեւանքները կանխելու քայլերի վրա: Հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել է, որ բանակը պատրաստ է պատերազմի, բայց որոշումը կընդունվի միջազգային իրավիճակի նկատառմամբ: Թուրքիայում նախագահական ընտրություններն ավարտվել են:



Բայց Էրդողանն ունի՞ Ադրբեջանի պատերազմի քարտ-բլանշ տալու միջազգային կշիռ: Ուժային ոչ մի կենտրոնից Ադրբեջանը չունի օժանդակության հույս: Մնում է Թուրքիան: Թուրք-ադրբեջանական տանդեմը կհամարձակվի՞ խախտել Հարավային Կովկասի ներկայիս ստատուս-քվոն: Կա՞ն այլ կենտրոնի հետ պայմանավորվածություններ: Ադրբեջանական բանակը վերջերս ամերիկյան ուղղաթիռներ է ձեռք բերել: Դա չափազանց խորհրդանշական է:



**Վահրամ Աթանեսյան**