Կառավարության նշանակումներն ու գիտության ոլորտի թոհուԲՈՀը

Կառավարության նշանակումներն ու գիտության ոլորտի թոհուԲՈՀը
Գիտության ոլորտին առնչվող պետական 2 գերատեսչությունում՝ Գիտության կոմիտեում եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովում (ԲՈՀ), երեկ նախագահներ նշանակվեցին։ Սամվել Հարությունյանը, ով 2007 թվականից զբաղեցնում է Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, վերանշանակվեց այդ պաշտոնում, իսկ ԲՈՀ-ի նախագահը փոխվեց՝ նշանակվեց Սմբատ Գոգյանը։ Սակայն երկու նշանակումն էլ միանշանակ չընդունվեցին հանրության կողմից։



Սամվել Հարությունյանի վերանշանակման առիթով սոցցանցերում զանազան գրառումներ հայտնվեցին, որտեղ նրան մեղադրում էին գրագողությամբ թեզ պաշտպանելու, պետական գումարներն իր ընկերներին բաշխելու եւ նույնիսկ Սերժ Սարգսյանի կլանին ծառայելու մեջ։ Իսկ ԲՈՀ նոր նախագահ Սմբատ Գոգյանի մասով էլ սկսեցին շրջանառել նրա «ոչ ստանդարտ» լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջից։



Մինչդեռ ԿԳ նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԳԱԱ անդամ Արա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ողջունեց երկու նշանակումներն էլ՝ մի դեպքում վկայակոչելով Սամվել Հարությունյանի փորձն ու արած գործը, մյուս դեպքում՝ Սմբատ Գոգյանի գիտական ձեռքբերումներն ու երիտասարդությունը․ «Իմ կարծիքը խիստ դրական է երկու դեպքում էլ։ Նոր կառավարությունը, բնականաբար, քննարկելով տարբերակները եւ մարդու արած աշխատանքի գնահատականները՝ ընդ որում, նշանակումները կատարել է։ Ես կարծում եմ՝ Սամվել Հարությունյանի եւ Սմբատ Գոգյանի նշանակումները լրիվ համապատասխանում են հիմիկվա քաղաքականությանը։ Սամվել Հարությունյանը հաջողությամբ է աշխատել 10 տարիների ընթացքում։ Լիլիթ Արզումանյանը, ով լքեց ԲՈՀ-ի նախագահի պաշտոնը, շատ լավ աշխատող էր ԲՈՀ նախագահի տեղակալի պաշտոնում եւ հետո՝ արդեն որպես նախագահ, բանիմաց, լավ աշխատող էր։ Ինչո՞ւ փոխեցին։ Երեւի թե երիտասարդացման խնդիրն էր, ուրիշ ոչ մի պատճառ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու կարող էին փոխել։ Սմբատ Գոգյանը մեր փառավոր երիտասարդության ներկայացուցիչներից մեկն է, իրեն վաղուց եմ ճանաչում՝ դեռեւս դպրոցական տարիներից, երբ օլիմպիական էր»։



Հարցրինք, թե ինչ վերաբերմունք ունի երիտասարդացման միտումներին, գոնե գիտության ոլորտում չպե՞տք է շեշտն ավելի շատ դրվի փորձի վրա։ «Ես կարծում եմ՝ վերջին նշանակումներից ամենափորձառուն այս երկու նշանակումներն են՝ ե՛ւ Հարությունյան Սամվելինը, ե՛ւ Սմբատ Գոգյանինը։ Դուք մի հատ Գոգյանի կենսագրությունը նայեք՝ դպրոցական տարիներից համաշխարհային օլիմպիադաների հաղթող, փայլուն սովորել է համալսարանում, մինչեւ 30 տարեկանը լրանալը դոկտորական թեզ է պաշտպանել, Դուք դեռ հարցականնե՞ր ունեք այդ մարդու մասով»։



ԲՈՀ-ի հիմնադիր նախագահ Արեգ Գրիգորյանը չցանկացավ խոսել Սամվել Հարությունյանի վերանշանակման մասին՝ ասելով, որ պարզապես չի ցանկանում․ «Ես Հարությունյան Սամվելի մասին ոչինչ չեմ կարող ասել, չեմ ուզում ասել՝ ավելի ճիշտ։ Մենք պաշտոնական հարաբերությունների մեջ ենք եղել միշտ, ես հիմա որեւէ կերպ չեմ ուզում դա մեկնաբանել, բացարձակ չեմ ուզում»։



Փոխարենը նա շատ լավ արտահայտվեց ԲՈՀ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի մասին՝ նրան ներկայացնելով որպես խստապահանջ եւ ժամանակի հետ համահունչ մարդու․



«Ես ԲՈՀ-ի հիմնադիր առաջին նախագահն եմ եղել։ Լիլիթ Արզումանյանի մասին պետք է ասեմ, որ ինքը չափից դուրս պահանջկոտ մարդ է, նույնիսկ չափից դուրս խիստ՝ բոլոր տեսակ ոչ ընդունելի երեւույթների նկատմամբ։ Վերջին 5 տարում, որ ինքն է եղել ԲՈՀ-ի նախագահը, շատ բան է փոխվել համակարգում։ Գրագողության դեմ պայքարը Հայաստանում հնչեղություն ստացավ Լիլիթ Արզումանյանի օրոք, ինքն էդ հարցի մասին սկսեց խոսել, հրապարակել հոդվածներ, ինքը սկսեց բացահայտել դեպքեր ու մերժել, իսկ դրա համար ոչ միայն պաշտոն է պետք, այլեւ՝ քաջություն։ Վերին աստիճանի բարեխիղճ, պարտաճանաչ ու խիստ եւ վերին աստիճանի պրոֆեսիոնալ։ Երկու ստեղծագործական միությունների անդամ է, բանասիրության դոկտոր է, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ։ Պետք է ասեմ, որ Լիլիթ Արզումանյանը, զարմանալիորեն, նախկին վարչակարգի ժամանակ շատ սուր հոդվածներ է գրել, ապրիլյան պատերազմից հետո շատ սուր հոդված է գրել, ինքը նաեւ շատ ակտիվ քաղաքացի է եղել միշտ, պաշտոնն իրեն երբեք չի խոչընդոտել։ Ես կարծում եմ, որ ինքը մեր այսօրվա նոր օրերին համահունչ էր, ինքն էս օրերին էր սպասում ու, երեւի, ինչ-որ տեղ իր աշխատանքով ու գործունեությամբ փորձում էր էս օրերը մոտեցնել։ Ես չգիտեմ՝ իր փոփոխությունն ինչով է պայմանավորված, գուցե նրանով, որ պետք է կադրային փոփոխություններ լինեն… չեմ կարող ասել»։



Գրիգորյանին անհանգստացրել է այն հանգամանքը, որ, ինչպես ինքն է ասում, Արզումանյանին ոչ ոք չի տեղեկացրել, որ այլեւս ԲՈՀ նախագահը չէ։ Այս դեպքը նրան 90-ական թվականներից մի արտահայտություն հիշեցրեց․ «Երկրորդ հարցը, որ ինձ համար անհասկանալի է ու մի քիչ էլ տխրեցնող, այն է, որ մարդուն աշխատանքից ազատելիս չեն ասում, հրաման չեն տալիս․ ես ինչքան գիտեմ՝ ինքը մինչեւ հիմա հրաման չի ստացել։ Սա զարմանալի բան է, ինքը հավաքել է իրերը, դուրս եկել աշխատասենյակից, որովհետեւ կառավարության կայքում տեսել է, որ նոր մարդ են նշանակել, բայց իրեն որեւէ մեկը չի տեղեկացրել, որեւէ հրաման չի ստացել։ Գիտեք ինչ՝ 1991 թվականին մի այսպիսի արտահայտություն կար, որ հեռուստացույցով մարդկանց գործից ազատում էին, օրինակ՝ Պերճ Զեյթունցյանը, երբ որ մշակույթի նախարար էր, մեկի տանը հյուր էր գնացել եւ էնտեղ հեռուստացույցից իմացել էր, որ իրեն ազատել են։ Հիմա, կարծես թե, մենք այդքան տարի հետ գնացինք, բայց պետություն ենք սարքում։ Դա ինձ համար անհասկանալի է, անհանգստացնող է վերին աստիճանի»։



ԲՈՀ առաջին նախագահը ոչինչ չկարողացավ ասել Սմբատ Գոգյանի նշանակման վերաբերյալ, քանզի նրան չի ճանաչում, սակայն հաջողություն մաղթեց․ «Գոգյանին ես բացարձակ չեմ ճանաչում, չգիտեմ։ Բնականաբար՝ ես կուզեմ, որ ինքը հաջողակ լինի, լավ նախագահ լինի։ Ես այդ կառույցի նկատմամբ պատասխանատվություն եմ զգում»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**