Հայաստանում որևէ կոռուպցիոներ չպետք է գիշերը հանգիստ քնի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում որևէ կոռուպցիոներ չպետք է գիշերը հանգիստ քնի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել պարոն Շահինյանին մեկ հարկի տակ բանիմաց քննիչներ հավաքելու համար եւ լավ կոլեկտիվ ստեղծելու համար»։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում ասաց կառույցի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսքն ուղղելով ՀՔԾ արդեն նախկին պետ Վահրամ Շահինյանին։



Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար․ «Շուրջ 20 տարվա իմ գործունեության ընթացքում այս ոլորտում շփվել եմ գրեթե բոլորի հետ։ Համոզված եմ, որ այս կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր, պարոն վարչապետ։ Ձեզ էլ շնորհակալ եմ կրկին՝ նման պատասխանատու աշխատանք մեզ վստահելու համար։ Վստահեցնում եմ՝ մենք կկատարենք Հատուկ քննչական ծառայության առջեւ ծանրացած բոլոր խնդիրները»։



Խաչատրյանի խոսքից հետո Փաշինյանը դիմեց ՀՔԾ-ի աշխատակազմին՝ հանձնարարելով, որպեսզի նրանք շարժվեն միայն օրենքով, եւ որեւէ մեկը պետք է Հայաստանում արտոնություն չունենա․ «Երբ Հայաստանի քաղաքացիներն իրենց ամենօրյա շփումների բերումով տեսնում են, որ երկրում համատարած ընտրակաշառք է բաժանվում և հետո չեն տեսնում գոնե մեկ դեպք, որը բացահայտվել է, և կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվել, այդ պրոցեսում կորսվում է այն հարգանքը, որը կարող է լինել քննչական մարմինների, իրավապահ մարմինների և ընդհանրապես պետության նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունում որևէ կոռուպցիոներ չպետք է գիշերը հանգիստ քնի, փոխարենը Հայաստանում, ցանկացած օրինապահ քաղաքացի պետք է գիշերը հանգիստ քնի, իրեն զգա ազատ և երջանիկ»։



**Աննա Պապիկյան**