Հայաստանն այլևս չի մնա սեփական անկախության փլատակների տակ

Հայաստանն այլևս չի մնա սեփական անկախության փլատակների տակ
Դույզն ինչ ձևափոխելով քաղաքագետ, միջազգայնագետ, վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի /1964-1999/ խոսքը,  անկարելի է չերևակայել, թե ինչ ապրումներ, հոգեսուզումներ կունենար իմ վաղեմի ընկերը՝ «Կապուտաչյա հայրենիքը», երբ ապրեր այսօր, վայելեր վերջին ամիսների դարձակետային իրադարձությունները...



Իրապես, վաղամեռիկ քաղաքագետի գիտակցական ողջ կյանքը միտված էր Մովսես Գորգիսյանի «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» բաղձանքի հանրահռչակմանը: Ինքնայրվող նրա տեսակը՝ հախուռն նպատակայնությամբ զատորոշվող էր դեռևս 90-ական թվականներից, երբ գրում, արձանագրում էր. «Հանրապետության գաղութացված տարածքի» մասին՝ Հայոց լինելության խնդիրը դիտարկում տարածաշրջանային կենաց և մահու իրողությունների խորապատկերի վրա: Ըստ այդմ՝ լայն և խորազնին քնության ենթարկելով ներկա անելիքները, ապագա գործընթացների ծիրում, որոնք ուղղակիորեն առնչվում էին Հայաստանի պետական անվտանգության հետ՝ դրանից բխող աշխարհաքաղաքական ակնհայտնի անխուսափելի որոգայթների «զարգացումներով»:



Այս ամենը իրականում այսպես էր. 90-ակաների վերջերի «օրվա» քաղաքականության հրամայականը և դրանից ածանցվող ներպետական և մինչպետական «զարտուղի» քաղաքական գործելաոճը, պետական չինովնիկների ժողովրդի կողմից անկառավարելի գործառույթները գրեթե ինքնահոսի էին մատնված:



ժամանակին հրատապորեն  խնդրո առարկա «Կովկասյան հանգույցի» շուրջ ձևավորված տեսակետները համաշխարհային հանրության կողմից միտոմնավոր անտեսված էր: Պատճառը՝ ժողովրդավարությունից հեկտարներով հեռու գտնվող Հայաստանի իշխանությունների ինքնաբավ գործելակերպն էր՝ երկիրը ինքնագաղութացման իրենց համար չափազանց ձեռնտու հուն «գլորող»:



Եւ եթե թերթենք այդ օրերին հրատարակվող մամուլը /«Հայաստան-Միջին Արևելք» վերլուծական կենտրոն, «Ազգ», «Դրօշակ», «Լրագիր-օր», «Մոլորակ» և այլն, ինչպես նաև հետմահու հրատարակված «Անապատի հազար տարի» և Երրորդ աշխարհամարտի մատույցներում », Գիրք Ա,Բ, հոդվածների ժողովածուները / և «առավելագույն լավատեսություն ցուցաբերենք», ապա չենք կարող չնկատել հայոց բազմադարյա ոդիսականը արգելակող այն խուճ ու խութերը, որոնցք պատմական տարբեր ժամանակաշրջաններում և տարածաշրջանում մեզ «ուղեկցել են» կամ Տ.Հայրապետյանի աֆորիստիկ բնորոշմամբ՝ «Ու՞ր է գնում Ռուսիան, ու՞ր է քաշում մեզ. եթե նույնիսկ իսկապես մարդկության մի զգալի հատվածը դաստիարակվում է Դոստոևսկու իմաստության վրա, ապա միևնույն է առայսօր շատ քչերի կողմից է գիտակցված այն պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ոճիր ունենալու է համապատասխան պատիժը»:



Ավելորդ է նշել, որ ոճիրի և պատիժի հարաբերակցությունը ինչու և հատկապես ում համար /ում կողմից/ է առանձնացնում քաղաքագետը: Ավելին, պատժելիության նշանակությունը,- եթե կուզեք՝ նշանառությունը,- ու՞մ համար է էականորեն կարևորվում, մանավանդ անկախ պետականության պայմաններում, եթե առանձնացված չեն և ինքնուրույն չեն գործում ժողովրդավարության ինստիտուտները: Անշուշտ. «Ռուսաստանի կողմից ներդրված հակահամակարգերի օգնությամբ» ազգային ինքնագիտակցության մթագնումը օրեցօր պետք է հանգեցներ այն գաղափարին, որ ցանկացած ժողովուրդ ունակ ու պատրաստ չէ ինքնուրոյն ապրելու և տնօրինելու իր ճակատագիրը:



Մեծապետական շովինիզմի և նոմենկլատուրային բանդիտիզմի հովերով տարված և ընդգծված հակվածություն ցուցաբերող եղբայրական հարաբերությունների քողի տակ Հայաստանը վերջին ավելի քան քսան տարիների ընթացքում՝ անկախ երկրի իր սահմանադրական կարգավիճակին անտեղյակ էր, շփոթված ավանդական «բարեհաճությունից»: Ուրեմն, «գաղափարական դրդապատճառների պատճառ ամենևին չէր զգացվում. Տիգրան Հայրապետյանի հիմնովին գաղափարական «Ինչպես չհայտնվել մուրճի և սալիկի արանքում» հարցադրումը այսօր ավելի քան ճշմարտացի և առարկայական է, քանի որ. «Նորագույն ժամանակներում իրադարձությունների զարգացումը հավաստում է, որ սոսկ ուժային մեթոդները, այն էլ մեծ վերապահումներով, դարձել են խիստ նեղ շրջանակի գերտերությունների մենաշնորհը: Փոքր ժողովուրդների ինքնադրսևորման թատերաբեմը սահմանափակված է քաղաքական-դիվանագիտական պայքարի շրջանակներով»:



Ինքնադրսևորման այլ հնարք ու ճանապարհ քաղաքագետը չէր տեսնում անվիճելի ժողովրդավարական ուժերին պահպանողականների դեմ «պայքարում» ուղղագիծ և ճշմարտացի է ասված. ասել է թէ այդ օրերին տակավին չթոթափած մեծապետականության լուծը Տիգրան Հայրապետյանը Հայաստանում քաղաքացիական հասարակության արթնացման անդիմադրելի «ցանկություն էր հայտնում»: Այն, ինչ անհասկանալի, գուցեև անհաղթահարելի էր թվում, վերահսկելի ոչ միայն ռուսաց, այլև օտարազգի՝ ժողովրդավարություն ճոռոմաբանող քաղաքական նաև տնտեսական էմիսարների կողմից:



Նպատակը՝ ինչ և ինչպիսի Հայաստան նրանց տեսնելու ցանկությունն էր, առավել ևս, որ խնդրո առարկան միշտ եղել և ցայժմ էլ մնում է աշխարհաքաղաքական դիրքը, նրանց տարածաշրջանային շահերի բախումը և այլն: Եւ եթե հավելենք, որ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության վտանգը տեսանելի և անարդարացի էին համարում նաև ժամանակի իշխանությունները,- ՀՀՇ-ից սկսյալ մինչև վերջերս «սիրով և համերաշխությամբ» իշխանաթող եղած ՀՀԿ-ականները, ապա չենք կարող չնշել, որ Տիգրան Հայրապետյանը իրապես Նոր Հայաստանի «սերմնացաններից էր»: Ազգային-քաղաքական գաղափարաբանության այն զտարյուն այրերից, ում չներվեց ազգային նորաբուխ գիտակցականություն ունենալու և այն կենսագործելու համար: Չներվեց՝ վրեժխնդիր, ծրագրավորված... «Մեղավորը»՝ ներկան ըստ ամենայնի պատկերացնելու և ապագան կանխորոշելու վերլուծաբանական բնատուր շնորհն էր, ազգային իդեալ ունենալու կենսադիրքորոշումը: Շատերին քմահաճորեն զարմացնող,  թերահավատորեն մերժվող նրանց կողմից, ովքեր հանձն էին առել իրենց վտիտ ուսերին կրելու պետականակերտման ծանրությունը: Նրանք միևնույն «բանակից» էին՝ առարկություն չհանդուրժող, քաղաքականապես թերուս լինելու իրողությամբ:



Այժմ, տարիների հեռվից առնվազն զարմանահարոյց է, երբ խոսքը վերաբերում է մտավոր-վերլուծական բարձրակարգ ըմբռնողություն, հանդգնություն ունեցող 30-ամյա մի մտավորականի. ե՞րբ, ինչպե՞ս, ինչպիսի՞ տիպական հանգամանքներում դրսևորվեց Տիգրան Հայրապետյանի նորամուտը մեր իրականություն:Ինչպիսի առնչություններ ուներ հանրության հետ, փոխկապակցվածության ի՞նչ «ազդակներ» էր ստանում, որ հանրության «բնական զարգացումն»ու կենսադիրքորոշումն այդքան առաջնային էր համարում երկրի բնականոն զարգացման ճանապարհին...



Տարածաշրջանային ամեն աննշան և նշանակալից իրադարձության նկատմամբ սևեռուն ուշադրությամբ համակված վերլուծաբանի միտք ու մտահորիզոն պետք է ունենալ պատկերացնելու ու տրամաբանորեն ուղենշելու անցյալի իրողությունների շարանուակականությամբ ընթացող ներկայի և ապագայի մարտահրավերների ուղղին. «Ռուսական քաղաքական միտքը շտապում է ընդլայնել արյունոտ ալիքի անդրադարձի ծավալները՝ պատերազմ սանձազերծելով նաև կովկասյան ճակատում»: 90-ական թվականներին արծարծված այս մտահոգությունը ոչ միայն և ոչ այնքան հակառուսականությանն է վերաբերում, - թեև դա էլ է խնդրո առարկա,- այլ ռուսական ազդեցության ուժեղացման դեպքում ազգային ռազմավարությունը գոնե հնարավորինս պետականորեն «հանգուցալուծելուն»:



Այսպիսին էր Տիգրան Հայրապետյանը իմ, և վստահ եմ, շատերի պատկերացումներով. բարեկրթությամբ վերլուծամիտ, բայցև առերևույթ մտահոգություններ հարուցող նրանց համար, ովքեր նրա մահվամբ իսպառ ձերբազատվեցին... Հայրենիք չունենալու ավելորդ մտահոգությունից...



**Արթուր Անդրանիկյան**



Հ.Գ.



2019 թ. լրանում է Տիգրան Հայրապետյանի ծննդյան 55-ամյակը: Վստահ ենք, որ «Տիգրան Հայրապետյան» Ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամի նախաձեռնությամբ /նախագահ՝ Նազենի Ղարիբյան/ հոբելյանը կնշվի արժանավայել. կհրատարակվեն  Տ.Հայրապետյանի քաղաքագիտական հոդվածների ժողովածուները, կկազմակերպվի քաղաքագիտական-վերլուծական համաժողով:



Ա.Ա.