Լույս է տեսել Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն (լուսանկարներ)

Լույս է տեսել Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը:



Միջոցառմանը ներկա էին քաղաքական և կուսակցական գործիչներ, գրողներ, պատմաբաններ, գիտնականներ, հյուրեր Վրաստանից և սփյուռքից: Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, պետական, հասարակական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն կազմել է պատմաբան Երվանդ Փամբուկյանը:



Ժողովածուն կազմելիս պատմաբանը մեծամասամբ օգտվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության արխիվներից: Պատմական այս բացառիկ փաստաթղթերը լույս են սփռում Արամ Մանուկյանի` 1904-1915-ներին ծավալած գործունեության վրա: Ժողովածուում հրապարակված են Արամ Մանուկյանի նամակներից 354-ը, որոնցից 325-ը երբեևէ չեն տպագրվել: Նամակներից 260-ը վերաբերում են հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպման համար անհրաժեշտ զենք-զինամթերթի մատակարարմանը:



«Նամակները նոր լույս են սփռում և վկայում ազգային-ազատագրական պայքարում Արամ Մանուկյանի ունեցած բախտորոշ դերակատարության մասին»,-իր ելույթում նշեց հեղինակը:



Փամբուկյանը նկատեց, որ միայն մեկ տարվա ընթացքում` 1904-1905 թթ Մանուկյանը 240-ից ավելի նամակներ է գրել: «Ցավոք 1914-1915 թթ Արամ Մանուկյանից սակավաթիվ գրություններ են պահպանվել: Այդ տարիներին Վասպուրականի, ինչպես նաև մյուս հայկական շրջանների կուսակցության արխիվները ժամանակին Ժնև չփոխադրելու արդյունքում ոչնչացվել են»,-նշեց Փամբուկյանը:



Ժողովածուի հեղինակի խոսքով` Արամ Մանուկյանը բավականին ընթեռնելի ձեռագիր է ունեցել, չնայած նրան, որ նամակներից շատերը հապճեպորեն են գրված: Նամակներում առանձնանում են Արամ Մանուկյանի լեզվական և ուղղագրական առանձնահատկությունները:



Երվանդ Փամբուկյանի խոսքով` Արամ Մանուկյանն իր նամակներում հաճախակի գործածել է ծածկանուններ, որոնք հիմնականում վերաբերել են տեղանուններին: Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ դաշնակցական գործիչը հաճախ գործածել է թվանշանային ծածկագրեր:



Խոսելով Արամ Մանուկյան պետական և հասարակական գործչի մասին, Փամբուկյանն ասաց. «Արամ Մանուկյանը խստապահանջ և կարգապահ կուսակցական էր: Նա օժտված էր մարդկանց համախմբելու արտասովոր հմայքով և կարողությամբ: Նրա խոսքը հանդուգն էր և համոզիչ»:



Նշենք, որ նամակների ժողովածուն լույս է տեսել 1000 օրինակով: Հատորը տեղադրված է նաև ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի[ historyofarmenia.am](http://www.historyofarmenia.am/) կայքում: