Ընտրությունը մեկ տարի անց

Ընտրությունը մեկ տարի անց
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հենց այս տարվա ընթացքում, քաղաքական շրջանակներում պնդում են, որ դա անհնարին է։ Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած սկզբունքների համաձայն՝ Սահմանադրության կամ սահմանադրական օրենքում ընտրակարգի փոփոխությունից առնվազն 1 տարի հետո կարող են միայն ընտրություններ անցկացնել։ Իսկ առայժմ նույնիսկ փոփոխությունների ժամկետները հայտնի չեն։



Ի դեպ, ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը՝ արտահերթ ընտրությունների իրենց պատկերացումների մասին խոսելիս, մեզ հետ զրույցում կրկին հիշեցրել է այդ պահանջի մասին՝ ասելով նաեւ, որ ընտրությունների երկրորդ նախապայման պետք է հանդիսանա քաղաքական ուժերի համաձայնությունը, որովհետեւ, Համբարձումյանի խոսքով, պետք է բոլոր քաղաքական ուժերը, որոնք ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, նախապատրաստվելու ժամանակ ունենան․



«Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ողջամիտ ժամկետներում, անկախ քաղաքական հաշվարկներից, ցանկություններից եւ մոտեցումներից, Հայաստանում մեկ անգամ պետք է ունենանք ազատ, անկախ ընտրություններ, որը կլինի նախադեպ հաջորդ ընտրությունների համար, իսկ դրա համար ընտրություններին պետք է գնալ լավ նախապատրաստված, ինչը ենթադրում է, որ Ընտրական օրենսգրքում եւ հարակից փաթեթներում պետք է կատարվեն փոփոխություններ, տեխնիկական բազմաթիվ խնդիրների լուծում՝ մատնահետքերի հետ կապված, էլեկտրոնային քվեարկության հետ կապված, ընտրացուցակների եւ այլն, իսկ այս ամենը ենթադրում է ժամանակ եւ ֆինանսներ»։