Գործելու ժամանակը

Գործելու ժամանակը
Գարունը նոր կյանքի, նոր նախաձեռնությունների, ծառ ու ծաղկի, զարթոնքի ամիս է, եւ պատահական չէր, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համընկան հենց այս շրջանի հետ՝ իրենց հետ բերելով հույս, հավատ, մեզանում այնքան պակասող լավատեսություն։ Երգով-պարով, ծափ ու ծիծաղով մենք իշխանություն փոխեցինք։ Մոտ մեկ ամիս մոռացանք մեր տաքուկ անկողինների ու տների, մեր ամենօրյա պարտականությունների ու անելիքների մասին։ Ոչինչ՝ նպատակն արդարացնում է միջոցները, մանավանդ՝ եթե դրանք շատ մեծ ավերածություններ չեն գործում։



Հիմա եկել է ժամանակը լծվելու աշխատանքի, մի փոքր մոռանալու այն խելահեղ օրերը, որի ժամանակ բոլորս լցվել էինք փողոցներն ու խելակորույս «մերժում էինք Սերժին» եւ պահանջում ընտրել մեր «սրտի վարչապետին»։ Գիշեր-ցերեկ ճռնչացնելով՝ մեքենաներ էինք վարում, շչակների ձայնից ոգեւորություն ապրում, դասադուլ անող 10-12 տարեկանների ու սպիտակ վերնաշապիկներով Հանրապետության հրապարակը գրաված աշխատող-չաշխատողների տեսքով զմայլվում։ Այս էմոցիոնալ, անզուսպ խինդն ու հաղթանակի հրճվանքը ժամանակն է, որ իրենց տեղը զիջեն շատ ավելի լուրջ մտածմունքների ու ծրագրերի։



Մենք պետք է հասկանանք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխավոր գործառույթը Ֆեյսբուքով «լայվ» մտնելը չէ, ոչ  նախարարներ նշանակելու «հաճելի» զբաղմունքը, ոչ էլ ասուլիսներ տալն ու բարեկամական այցելություններ կատարելը։ Մեր երկրի առաջ լրջագույն խնդիրներ են ծառացած, եւ դրանք «լայվ»-երով ու կադրերով չես լուծի, ոչ էլ Վլադիմիր Վլադիմիրովիչի կամ Նազարբաեւի շնորհավորանքը դրանց լուծմանը կնպաստի։ Որքան էլ վարչապետի հետ հանդիպած առաջին պաշտոնյաներն «իդեալական» պատկեր ներկայացրած լինեն, պետք չէ խաբվել դրանով՝ մեր երկրում շատ անելիքներ կան։