Հրազդանում ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ մինչեւ քաղաքապետը հրաժարական չտա

Հրազդանում ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ մինչեւ քաղաքապետը հրաժարական չտա
Հրազդան քաղաքում կրկին ցույցեր են: Արդեն մի քանի ժամ է փակ են մի քանի փողոցներ եւ Ծաղկաձոր տանող ճանապարհը: Չի գործում քաղաքային եւ հարակից գյուղերի տրանսպորտը: Մարդիկ գյուղից-գյուղ ոտքով են գնում, չեն հոգնում, անգամ կատակում են. «ՀՀԿ-ին «ջնջելու» համար արժե նաեւ մի քանի օր ոտքով ման գալ»: Ծաղկաձոր տանող օղակաձեւ խաչմերուկը բազմամարդ է: Ոմանք պարում եմ, ոմանք էլ՝ խաղում: «Երբ Սերժը հրաժարական տվեց, ՀՀԿ ասաց, որ իսկական տղամարդ էսպես պետք է անի, հիմա ես ասում եմ՝ ՀՀԿ –ի մեջ էլ տղամարդ չկա, որ հրաժարական տա»,-ելույթով հանդես եկավ բնակիչներից մեկը:



Հրազդանում պահանջում են նաեւ Հրազդանի քաղաքապետ՝ Արամ Դանիելյանի հրաժարականը: Նշենք, որ նա ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից եւ պաշտոնավարում է արդեն 17տարի: Դեռ ամիսներ առաջ հրազդանցիները ակնկալում էին, որ Արամ Դանիելյանը հրաժարական տա: Բանն այն էր, որ իր անչափահաս տղան հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին, ով էլ տեղում մահացել էր: Այս ամենից հետո ոչ քաղաքապետ Արամ Դանիելյանը, ոչ էլ որդին պատասխանատվության չենթարկվեցին: Ընդակառակը՝ Սերժ Սարգսյանը քաղաքապետի որդուն պարգեւատրեց ոսկե մեդալով: Հրազդանում ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ մինչեւ քաղաքապետը հրաժարական չտա: Մեր տեղեկություններով վաղը Հրազդանի քաղաքի դպրոցները փակ կլինեն, ուսուցիչները որոշել են գործադուլ անել:



Նելլի Կարապետյան