Գյումրիում բազմամարդ հավաքը շարունակվում է. գյումրեցիների ոգևորությունը գագաթնակետին հասավ

Գյումրիում բազմամարդ հավաքը  շարունակվում է. գյումրեցիների ոգևորությունը գագաթնակետին հասավ
Երեկվա երևանյան  դեպքերից հետո Գյումրիում պայքարն առավել  սրվեց: Այսօր առավոտ կանուխ Գյումրու տարբեր ծայրամասային թաղամասերից մարդիկ երթերով ուղղություն էին  վերցնում դեպի Թատերական հրապարակ:Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Գյումրիում համընդհանուր գործադուլ եւ դասադուլ է: Ուսանողներին եւ աշակերտներին միացել են մանկավարժներ, պետական կառույցների եւ մի քանի ֆաբրիկաների աշխատակիցներ, առևտրականներ եւ անգամ հոգևորականներ: Ցուցարարները խաղաղ երթով  անցնելուն  են  քաղաքի մի ծայրից մյուսը, երեկոյան կրկին հավաքվելու են թատերական հրապարակ: Ցուցարարների պահանջ ու կոչը շարունակում է նույնը  մնալ՝ իշխանափոխություն,  ազատ արձակել  բերման ենթարկվածներին: Հիշեցնենք, որ երեկ բազմամարդ ցույցը Գյումրիում ճնշելու նպատակով՝ ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստ, ցույցի կազմակերպիչ Ղարիբ Հարությունյանին, ով ի դեպ, «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» տնօրենն է: Նրան մեղադրանք էր  առաջադրվել  քր. Օրենսգրքի 258.1 մասով ՝ խուլիգանություն. դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով։ Սակայն մինչև ուշ երեկո ցոցարարների ճնշմամբ  եւ փաստաբանների միջնորդությամբ Ղարիբ Հարությունյանին ազատ արձակեցին: Նա այսօր առաջնորդում էր հավաքը: Երեկ  Ոստիկանները բերման էին ենթարկել նաև ակտիվիստ, դասախոս Կարեն Պետրոսյանին, ում  երեկոյան նույնպես ազատ արձակեցին: Գյումրեցիների ոգևորությունը գագաթնակետին հասավ, երբ լսեցին ազատ արձակված պատգամավորների լուրը: