«Ծառուկյան դաշինքը» հեղափոխական ուժ չէ

«Ծառուկյան դաշինքը» հեղափոխական ուժ չէ
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այս պահին հեղափոխություն չի տեսնում փողոցում, բայց տեսնում է ժողովրդի արդարացի դժգոհություն։ Կմիանա՞ «Ծառուկյան դաշինքը» փողոցում ընդվզող ժողովրդին, Պետրոսյանը չի կարող դաշինքի անունից պատասխանել։ Ինքն այս պահին կմնա ԱԺ-ում եւ այնտեղ կշարունակի իր գործունեությունը, սակայն չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է հայտնվել նաեւ փողոցում։ «Ես այն ժամանակ կհայտնվեմ փողոցային պայքարում, երբ համոզվեմ, որ իմ մասնագիտական կարողությունները կարող եմ դրսեւորել փողոցում, այլ ոչ թե Ազգային ժողովում»։



**- Պարոն Պետրոսյան, Դուք կարծում եք, որ Ազգային ժողովում հնարավո՞ր է հեղափոխություն անել, եւ մինչ այս պահն ի՞նչ եք արել, որը մարդկանց կյանքում որակական փոփոխություններ է բերել։**



Դուք շատ լավ հասկանում եք, որ ԱԺ-ում հեղափոխություն անելը ո՛չ խելամիտ է, ո՛չ էլ հնարավոր։ Խոսքն այն մասին է, որ մենք, որպես պատգամավորներ, մեր գործառույթները պատշաճ իրականացնում ենք։



**- Բայց ձեր խմբակցությունը մշտապես դժգոհում է, որ կառավարությունը մերժում է ձեր ներկայացրած նախագծերը։**



Ես չունեմ իրավունք, որպեսզի դանակի սպառնալիքով հետապնդեմ մեր նախագծերը մերժող պատգամավորներին կամ կառավարության ներկայացուցիչներին։ Մենք ամեն ինչ անում ենք, հանդես ենք գալիս մեր քննադատական ելույթներով, մեր քվեարկություններով, բայց այսօր անցնել օրենքով արգելված միջոցառումներին, ես անձամբ չեմ պատրաստվում։ Եթե ես գնամ նման միջոցառումների, ուրեմն վայր պետք է դնեմ պատգամավորական մանդատս։ Ոչ թե նրա համար, որ մանդատի բույրն այդքան գայթակղիչ է, այդ պատճառով չեմ գնում, այլ այդ դեպքում ես պետք է գնամ որպես քաղաքացի։ Իսկ ես կյանքում ոչինչ չեմ բացառում։



**- Այսինքն՝ կարող ենք ասել, որ «Ծառուկյան դաշինքը» հեղափոխության պահանջ չի տեսնում։**



«Ծառուկյան դաշինքը» հեղափոխական ուժ չէ։ Մեր դաշինքի համար կարեւորն այն է, որ մարդն իրեն հարգված զգա այս երկրում, կարեւորված զգա այս երկրում՝ որպես քաղաքացի, անկախ իր սոցիալական ծագումից, ինտելեկտուալ եւ նյութական հնարավորություններից, պաշտպանված զգա իր երկրում։ Մինչդեռ գիտեք, որ «Ապահով Հայաստան» կարգախոսը մինչ օրս մնում է հանրությանը հանձնված ընդամենը խոստում։



**- Չե՞ք կարծում, որ սա եւս մեկ ապացույց է, որ խորհրդարանական պայքարն իշխանության դեմ արդարացված չէ, եւ պետք է այն տեղափոխել փողոց։**



Չեմ կարծում, որ իմ ու իմ գործընկերների խորհրդարանական առաքելությունն անպտուղ է եւ որեւէ բանի չի ծառայում։ Կրկնում եմ՝ որ պահին հասկացա, որ իմ կարողություններն ավելի շատ կարող եմ ծառայեցնել փողոցում, մի վայրկյան չկասկածեք, որ վայր կդնեմ մանդատս ու կտեղափոխվեմ փողոց։



**- Իսկ ինչո՞ւ «Ծառուկյան դաշինքում» չհաջողվեց վարչապետի քվեարկության վերաբերյալ միասնական որոշում կայացնել։**



Ոչ թե չհաջողվեց, այլ՝ նպատակ չդրվեց։ Եթե դրվեր միասնական քվեարկելու խնդիր, չկասկածեք, որ որեւէ մեկը չէր դրժի։ Պարզապես պարոն Ծառուկյանը նման խնդիր չդրեց, հանձնարարական չտվեց՝ հաշվի առնելով Սահմանադրության 94 հոդվածը, որ պատգամավորներն իրենց գործունեությունն իրականացնում են խղճի եւ համոզմունքների համաձայն, ինքը հնարավորություն տվեց, որ յուրաքանչյուրը վարվի իր խղճին ու համոզմունքներին համաձայն։



**- Չե՞ք կարծում, որ սա այն հարցն էր, որ պետք է միասնական դիրքորոշում լիներ։**



Ես սեփական կարծիք ունեմ, այո, ցանկալի կլիներ, որ միասնական լիներ, բայց ասել, որ դա էր միակ ճշմարտությունը, ես զերծ կմնամ նման պնդումից։



**- Ընդդիմադիր հռչակված դաշինքի կեսը Սերժ Սարգսյանին դեմ է, կեսը՝ կողմ, հիմա ինչպե՞ս հասկանալ՝ դուք ընդդիմադի՞ր եք, թե՞ կիսաընդդիմադիր։**



Եկեք անձնավորման չտանենք, ես անձամբ դեմ եմ քվեարկել եւ կարծում եմ, որ պետք է իմանամ, թե այդ վարչապետն ինչ ծրագիր է իրականացնելու եւ ինչ մարդկային ռեսուրսներով։ Եթե այդ վարչապետն իր առաքելությունը պետք է իրականացնի լեւոնալթունյանների միջոցով, իհարկե, ես դեմ եմ նրան։ Իշխանությունը չպետք է կտրվի ժողովրդից։



**- Այսինքն՝ ձեզ համար խնդիրը վարչապետը չէ, այլ նրա կադրերը։**



Ես երբեք անձնական պայքար չեմ տարել եւ պայքարում եմ ոչ թե անձանց, այլ երեւույթների դեմ։ Եթե կառավարության կաբինետը համալրվի հայրենասեր գործիչներով, ես ամեն ինչ կանեմ կառավարությանն աջակցելու համար։ Բայց եթե կառավարությունը պետք է համալրվի նույն անբաններով, ես դեմ եմ։



**- Դուք է՞լ եք կարծում, որ ցույցերն են կանխարգելել տնտեսության զարգացումը։**



Իհարկե, հասարակական խռովությունները չեն կարող չանդրադառնալ տնտեսության որեւէ ճյուղի զարգացմանը։ Դրանք անհետեւանք չեն կարող մնալ։ Եթե խաթարվում են դասապրոցեսները, դրանք հետեւա՞նք չեն։ Բայց ես չեմ գտնում, թե ցույցերն են մեր երկրի ու տնտեսության գլխավոր սպառնալիքը, այլ կոռումպացված պաշտոնյաներն են, ովքեր գնում են ամեն ինչի՝ իրենց դիրքերն անսասան պահելու համար։