Ելքը միակն է՝ ապստամբություն․ Արամ Մայիլյան

Ելքը միակն է՝ ապստամբություն․ Արամ Մայիլյան
Hraparak.am-ի հարցերին պատասխանում է 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը։



**-Պրն Մայիլյան, Դուք, թերևս, հետևում եք ներհայաստանյան քաղաքական գործընթացներին: Ի՞նչ է տեղի ունենում Ձեր գնահատմամբ:**



-Անշուշտ, հետևում եմ: Ըստ իս, տեղի են ունենում Հայաստանի համար բախտորոշ հասարակական-քաղաքական իրադարձություններ: Դրանք կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր ապագայի վրա: Կարող եմ ասել, որ հայ հասարակությունը հերթական անգամ կանգնած է ընտրության առջև. կա՛մ առաջ ընթանալ՝ փշոտ և քարքարոտ ճանապարհով, կա՛մ մնալ տեղում՝ նորից վերադառնալով ճահիճ:



**-Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս շարժումը:**



-Պայմանականորեն ասած «Քայլ արա. մերժի՛ր Սերժին» շարժման ամենաբնորոշ առանձնահատկությունն այն է, որ գրեթե ամբողջովին երիտասարդական ընդվզում է: Սկսած շարժման առաջնորդից և նրա անմիջական շրջապատից: Երիտասարդ ավյունին համապատասխան էլ տեղի են ունենում անակնկալ շրջադարձեր ու զարգացումներ, ինչը շփոթության մեջ է գցում հակառակորդին: Գլխավոր անակնկալն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ օգտագործել հասարակական տրամադրությունները և սովորական, գրեթե աննկատ բողոքի ելույթը վերածել, ըստ էության, համաժողովրդական շարժման: Փառք ու պատիվ Նիկոլին: Նա, իր անսահման էներգիայով, կարողացավ արթնացնել մարդկանց: Իհարկե, եղան մի քանի ռազմավարական և մարտավարական թերություններ, որոնք, սակայն ընդհանուր ընթացքի ուղղության լուրջ մեջ փոփոխություն չմտցրեցին:



**-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ շարժումը:**



-Խնդիրն այն է, որ շարժումն արդեն իր մեջ խորքային ընդվզման, հեղափոխության, ապստամբության սաղմեր է պարունակում: Դրա հիմքերը ստեղծել է հենց կառավարող կլանն իր ամբարտավան, կեղեքիչ, անհայրենիք վարքով: Ս. Սարգսյանի աճպարարությունը, այն է՝ փոխել սահմանադությունը, որպեսզի նախագահական ընտրություններ չլինեն, գայթեց հասարակության գիտակցությանը և, այնուամենայնիվ, բողոքի պոռթկում եղավ: Ելքը միակն է՝ ապստամբություն: Համաժողովրդական ապստամբություն: Նիկոլն արդեն երեկ այդ մասին ասաց հանրահավաքում՝ կոչելով այն հեղափոխություն: Նա նույնիսկ դրա կատարման մեխանիզմի մանրամասները ուրվագծեց: Ապստամբությունն այլընտրանք չունի:



**-Բայց դա հղի՞ չէ բռնությունների ալիքով:**



-Անշուշտ, հղի է: Նիկոլը շատ է սիրում կրկնել, որ ինքը և իր կողմնակիցները դեմ են բռնություններին: Չունենալով բռնություն կիրառելու հնարավորություն՝ նա իր վրա է վերցնում նման պատասխանատվություն: Մինչդեռ, բռնության միջոցները ու հնարավորությունները հակառակորդի ձեռքում են: Եվ հակառակորդի ծագումնաբանությունը թույլ է տալիս պնդել, որ նա չի վարանի կիրառել դրանք: Այդ ուժերն են՝ անձնական օգտագործման սափրագլուխները, Հայաստանի բանակի թվաքանակին հասնող ոստիկանությունը, բուն բանակը և եթե այս ամենին խառնվեն Ղարաբաղից բերված պատժիչ ջոկատները, ապա Մարտի 1-ը կարող է կրկնվել: Այսպիսով, ապստամբությունը պետք է ոչ թե բռնություն չկիրառի, այլ բռնությունները կանխելու ազդեցության մեխանիզմներ ստեղծի: Դրա խաղաղ ձևը բողոքի, քաղաքական գործողությունների համաժողովրդական ալիքն է՝ ապստամբությունը:



**-Ներկայիս վիճակը և շարժման ղեկավարման ձևն այդ հնարավորությունն ընձեռու՞մ է:**



-Նիկոլն արեց անհնարինը: Բայց ժամանակի հրամայականը՝ ապստամբությունը, նա միայնակ չի կարող ղեկավարել: Կարծում եմ, նա արդեն հակվել է դրան, հայտարարելով պետք է ստեղծել տեղական ժողովրդական խորհուրդներ: Անհրաժեշտ կլինի ներգրավել ավելի փորձված մարդկանց նաև առաջնորդների շարքերում: Փորձված, բայց ոչ՝ վարկաբեկված: Փորձված, բայց ոչ՝ սպառված: Շարժման ղեկավարությունը պետք է ընդլայնվի: Նրանց ներգրվամամբ շարժման անընդհատականությունը, շարունակականությունը կապահովվի: Եվ Շարժումը կհասնի իրական արդյունքների, այլ ոչ թե միայն բարոյական հաղթանակի: