Մի անգամ բալկոնում` պիժամայով

Մի անգամ բալկոնում` պիժամայով
Ի՞նչ կլինի, եթե Մասիսն այլեւս չլինի: Այդ ժամանակ ոչինչ էլ չի լինի: Երկրագունդն էլ չի լինի, գուցե՝ արեւն էլ, իսկ կենդանի օրգանիզմները վերացած կլինեն այդ օրվանից մի քանի հազարամյակ առաջ: Մա՞րդը: Մարդը բոլոր կենդանիներից առաջինը կվերանա, եւ կակղամորթները կհասցնեն մարսել նրա մնացորդները:



Ահա, մի մարդ Երեւանում արթնացել է, ծույլ-ծույլ քայլերով դուրս եկել պատշգամբ եւ վայելում է իր դառը սուրճը: Նայում է Մասիսին ծույլ-ծույլ, հետո պատշգամբի տակով անցնող մարդկանց.



-Բարի լույս, մարդիկ,- ձայն է տալիս,- որոշել եմ փչացնել ձեր բարիլույսը:



Մի երեւանցի կանգ է առնում.



-Խի՞, արա:



-Եսիմ, Մասիսը չկա:



-Ո՞նց թե չկա:



-Հա, չկա, ո՞ւր է, ոչ ոք չգիտի, երեկ կար, այսօր չկա…



Բոթն արագորեն տարածվում է Երեւանով մեկ, բոլորի բարիլույսները հարամ է լինում: Ոստիկանության, շտապօգնության եւ ԱԻՆ-ի փրկարար ծառայությունների մեքենաները սուլոցներով շտապում են դեպի Կիեւյան, Հաղթանակի, Դավիթաշենի կամուրջներ, հոգեբուժարանները բերվում են առաջին պատրաստության, BBC-ն լուրը տարածում է աշխարհով մեկ, եւ մոտ 10 միլիոն հայերից 7 միլիոնը մի քանի վայրկյանում այլազգի է դառնում, որովհետեւ Մասիսով էր իրեն հայ զգում:



Դառը սուրճի մրուրից մարդը հասկանում է, որ գավաթը դատարկ է: Մեկ էլ է նայում Մասիսի կողմը` չկա, հորիզոնը բա՛ց-բաց է, մի քանի անհրապույր մացառ է տեղը… Բայց ի՞նչ դեմագոգ են այդ Չարենցն ու Շիրազը` Մասիս, Մասիս, ո՞ւր է այդ Մասիսը, այդ քարակույտը, չկա, չի եղել, միֆ էր, ուղեղի մորմոք: Իսկ մարդիկ ապուշ են, ահավասիկ խելագարվում են, նետվում կամուրջներից: Մինչդեռ Մասիսի ի՞նչ վատ երկընտրանք է Կողբացի-Պուշկին խաչմերուկի «դալանը» կամ Հերացու փողոցի ծայրի նստարանը: Չեղած սա՞րն էլ կպաշտեն այսպես, դեմագոգներ…



Սուրճի դատարկ գավաթը ձեռքին` ներս մտավ, պատշգամբի դուռը ծածկեց, որ աղմուկ չլինի, եւ ծույլ-ծույլ քայլեց դեպի համակարգիչը` [շարելու կիսատ թողած միտքը](https://www.hraparak.am/posts/5accaf6aeb721906c3aafe9e/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%BD%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%AC%D6%87%D5%BD-%D5%B9%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB).



Եվ այդ մարդկանցից շատերը չգիտեն էլ, որ Մասիսը Հայաստանում չէ: Հիշեցնեմ` այն Թուրքիայում է: Դալանը Հայաստանում է, նստարանը Հայաստանում է, իսկ Մասիսը` ոչ: Չկա Մասիսը, վերջապես այս ժողովուրդը կհասկանա՞, որ պետք է իր կյանքը կառուցի առանց Մասիսի։ Գոյություն չունեցող լեռը չի կարող ազգային ինքնության կենտրոնական բաղադրիչներից մեկը լինել, քանի որ դրա բացասական պատրանքն անխուսափելիորեն հանգեցնում է բացասական ինքնության՝ կազմաքանդելով հանրային գիտակցական տիրույթը:



Ստորագրեց` Կարպիս Փաշոյան: «Սեյվ» արեց հոդվածը եւ ուղարկեց խմբագրին: Այն դեռ պետք է հայտնվեր թերթում, կայքում, Ֆեյսբուքում ու մնացյալ ցանցերում, որպեսզի մարդկանց խելագարությունը դառնար կատարյալ, իսկ կարճ ժամանակ անց այդ մարդիկ ստացիոնար հոգեբուժարաններում ձեռք բերեին ազգային ինքնության նոր եւ ռեալ կենտրոնական բաղադրիչ` դալանի, նստարանի, պատշգամբի, խալաթի կամ դառը սուրճի տեսքով: Դեմագոգ շանորդիներ, Մասի՞ս եք ուզում, սա է ձերը, կերեք այն, ինչ ունեք` միզած դալան` Կողբացի-Պուշկին խաչմերուկում:



-Կարդացած, խելացի երիտասարդ է Կարպիս Փաշինյանը, որակումներ մի տուր, չես հասկացել նրա հոդվածը, փոխաբերական իմաստի վրա է կառուցված, կարծիք է՝ վերջապես…



Ու էլի լիքը բաներ ասաց գլխավոր խմբագիրս, երբ ես վրդովմունքս հայտնեցի Կարպիսի հոդվածի կապակցությամբ: Պարզվեց` իսկապես պատմաբան է, կրոնագետ ու իր կյանքն էլ Հայաստանից դուրս չի պատկերացնում: Ինչ-որ դիպվածով, կարծեմ սահմանադրական «այո-ոչ»-ի ժամանակ, վռնդել են դպրոցից, որտեղ դասավանդելիս է եղել: Մի կարճ ժամանակահատված «Նախիջեւան» է պահանջել, իր պատմելով` 14 օր եղել է խրամատում եւ հասցրել զինակից ընկերջը պատմել, որ Մասիսը Թուրքիայում է:



Խրամատում: Գնացել էր Արցա՞խը պահելու: Իսկ ինչո՞ւ էր պահում Արցախը: Ժամանակին Արցախն Ադրբեջանում չէ՞ր: Երեւանի տան պատշգամբից էլ չէր երեւում: Մարդիկ, որ այսօր խելագարվեցին Մասիսը կորցնելուց, կռվեցին եւ Արցախը հետ բերեցին: Ու գիտե՞ս ինչպես եղավ դա, Կարպիս: Արցախը նրանց ազգային ինքնության կենտրոնական բաղադրիչն էր, հուսամ` նաեւ քո: Քո տրամաբանությամբ, Կարպիս, Վանն էլ է Թուրքիայում: Դա նույն Մասիսն է` իր «բացասական պատրանքով»: Սովորե՞նք մեր կյանքը կառուցել առանց Վանի, Կարսի, Կարինի, Մուշի: Բա Էրդողանի ուզածն էլ հենց դա է, գնա, թող քեզ մրցանակ տա, ռեալ մրցանակ` Քեմալը` Կողբացի-Պուշկին խաչմերուկի դալանում:



Բայց ի՛նչ ապուշ են հայկական զբոսաշրջային կազմակերպությունները, որ «չեղած» Մասիսը ներառել են Հայաստանի տեսարժան վայրերի ցանկում, կամ էլ էն գեղացի նկարիչներին տես, որ Մասիս են նկարում: Բա ի՞նչ նկարեն, դալան ու նստարա՞ն, թե՞ քեզ ցույց տան զբոսաշրջիկներին` բալկոնում` պիժամայով, ծույլ-ծույլ սուրճ խմելիս: Հոդվածդ էլ գուցե դնեն թանգարանում, որ աշակերտներդ էշ-էշ չնայեն Մասիսին ու պատրանքներ չունենան, որ մի օր էլ Արցախի նման Մասիսն է տուն գալու: