Ո՜վ տիրակալ, ինչպե՞ս ես մեզ լքելու այս ճակատագրական պահին

Ո՜վ տիրակալ, ինչպե՞ս ես մեզ լքելու այս ճակատագրական պահին
Իմ գրությունների առաջին քննադատն ընդհանրապես կինս է, օրինակ, վերջին հոդվածիս հետ կապված՝ ասաց. «Սերժ Սարգսյանը մի քանի տարի պլանավորում է իր իշխանության երկարաձգումը, իսկ դու վերջին րոպեին քո հոդվածում «կոչ ես անում» վարչապետության պաշտոնը փոխանցել ուրիշին: Միամիտ մարդ ես»:



Չեմ հասկանում՝ իշխանական կոալիցիայի մեջ գտնվող այրերն իրենց քննադատող կանայք չունե՞ն: Ասենք՝ առավոտյան սուրճին կինն ասի. «Բայց շեֆդ լա՜վ քաշեց քեզ, հա՜, Մոսկվայից բերեց հասցրեց էստեղ, ընտրություններին էլ լա՜վ չլեց, հիմա էլ, թե բա՝ արի միասին շարունակենք աշխատել, ես՝ դարձյալ որպես առաջին դեմք, դու էլ դարձյալ՝ որպես իմ փոխանորդ»:



Մի ուրիշ դեպք․ ասենք՝ մեքենայում նրանցից մեկը կարող էր հիշեցնել իր ամուսնուն. «Երեսուն տարի շարունակ ջատագովում էիք սահմանադրական բարեփոխումները, ասում էիք՝ մենք հարյուր տարվա կուսակցություն ենք, գիտենք ինչ ենք անում: Ասում էիք՝ խորհրդարանական մոդելի ընդունումը կբացառի մեկ մարդու իշխանության հավերժացումը...: Սա՞ էր ձեր ուզածը. դարձյալ մնացի՞ք միեւնույն կոտրած տաշտակի առջեւ»:



Այսպես կարելի է անընդմեջ շարունակել, սակայն վերադառնանք բուն խնդրին: Ես նորից փորձում եմ ինձ համոզել, որ սահմանադրական փոփոխությունները ձեռնարկելիս, այնուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանն առաջնորդվել է երկրի շահով: Ես ուզում եմ հավատալ, շատ եմ ուզում հավատալ, որ այժմ ճակատագրական որոշում ընդունելիս նա չի առաջնորդվի նեղ անձնական շահերից դրդված:



Հիմա ընդդիմադիրները հազար ու մի փաստարկ կբերեն՝ փորձելով ինձ հավատափոխ անել: Նրանք կսկսեն առաջին փոխվարչապետի պաշտոնի ստեղծումից ու կվերջացնեն Բաղրամյան 26–ը վարչապետական նստավայր անելու որոշումով: Այո՛, ես լսել ու հավանել եմ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական այն ելույթը, ուր նշում էր, որ պիջակը հարմարեցնում են շեֆի կազմվածքին: Այո,՛ բոլորս գիտենք, որ հանրապետական մեծամասնությունը մի շարք օրենքներ է ընդունել՝ ստեղծելու սուպերլիազորություններով օժտված վարչապետի պաշտոն, որը գրեթե ոչնչով չի տարբերվում այժմյան նախագահականից: Հակառակ այս բոլորին, հակառակ կնոջս հետ առերեսվելու հեռանկարին՝ ես համառորեն շարունակում եմ հավատալ, թե Սերժ Սարգսյանն իր որոշումը կայացնելիս կառաջնորդվի ազգային շահերով:



Այս հարցով ամեն ինչ ասված է ե՛ւ ընդդիմադիրների, ե՛ւ իշխանամետների կողմից: Ավելացնելու բան չկա: Քայլը Սերժ Սարգսյանինն է: Նա պիտի ծանրութեթեւ անի, արդյո՞ք իր վարչապետ աշխատելը օգուտ կբերի Հայաստանին: Արդյոք այդ իրողությունը չի՞ խորացնի այն անդունդը, որն առկա է հանրային կյանքի մեջ: Արդյոք հայ ժողովուրդն ու Հանրապետական կուսակցությունն արժանի չե՞ն նոր ավյունի, նոր մոտեցումների՝ քաղաքական դաշտի թարմացման: Արդյոք վարչապետ աշխատելը նոր դափնիներ կավելացնի՞ «վաստակյալ» Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ:



Անցնող տասը տարիներն արդեն իսկ պատմություն են ինքնին: Սերժ Սարգսյանը, ինչպեսեւ Լեւոն Տեր Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, պատմական անձնավորություններ են՝ իրենց ձեռքբերումներով ու ձախողումներով: Թողնենք պատմությանն ու ժողովրդի հիշողությանը, որպեսզի նրանք, բյուրեղացնելով այդ ժամանակաշրջանի իրողությունները, տան իրենց դատավճիռն այս գործիչների նկատմամբ:



Համաձայն եմ՝ կաշառքով, թե առանց կաշառքի, Հանրապետական կուսակցությունը մինչեւ 2022 թվականը Հայաստանը ղեկավարելու մանդատ է ստացել ժողովրդից: Սակայն համաձայն չեմ, որ այդ մանդատը պետք է տարածվի նաեւ այդ կուսակցության տասնամյա ղեկավարի վրա: Համաձայն չեմ, որ Հանրապետական կուսակցության մեջ չկա մեկը, ով կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: Ախր, սա քաղաքական երգիծանքի հին ու մաշված ժանրից է: Եթե առիթ ունենաք, անպայման դիտեք վերջերս էկրաններին ցուցադրվող «Ստալինի մահը» երգիծական կինոն: Դուք է՞լ եք ուզում ապագայում այդպիսի կինոնկարի հերոսներ դառնալ:



Քանի որ քաղաքական երգիծանքից խոսեցինք, մի բան էլ հուշեմ: Ընդհանրապես, այսպիսի պարագաներում քաղաքական պրոցեսն այսպես է զարգանում՝ քաղաքական առաջնորդը հրաժարական է տալիս: Շուրջը եղած գործիչները պնդում են, որ ոչ ոք՝ այո՛, ոչ ոք չի կարող փոխարինել ազգի փրկչին: Նրանք խնդրում են, առաջարկում, ապաեւ ստիպում, որ նա երկիրն անտեր չթողնի: Կկործանվենք՝ պնդում են նրանք: Նայիր մեր շուրջը, ո՜վ տիրակալ, ինչքան թշնամիներ ունենք, ինչպե՞ս ես մեզ լքելու այսպիսի ճակատագրական պահին՝ աղերսում են բոլորը միաբերան: Շեֆը միանգամից չի համաձայնում: Թվում է, թե անտարբեր է իշխանության նկատմամբ: Նա լռում է: Լռում է երկար: Հետո մի երկու անհասկանալի բառեր է մրթմրթում: Կողքինները խառնվում են իրար. ի՞նչ ասաց առաջնորդը, ի՞նչ էր արդյոք նա ակնարկում այդ մրթմրթոցով: Այս երկիրը, այս ժողովուրդը ձեր խելամիտ ղեկավարման կարիքը տակավին շա՜տ ունի՝ իրար նայելով տարակուսած շարունակում են համհարզները: Ի վերջո, առաջնորդը դժկամությամբ ընդունում է այդ աստվածահաճո ծանր բեռը եւ խոստանում առաջնորդել այս բազմաչարչար ժողովրդին մինչեւ վերջնական «հաղթանակ»:



Համաշխարհային պատմությունը լեցուն է նմանատիպ օրինակներով: Տա Աստված, որ Հայաստանում քաղաքական պրոցեսը չզարգանա այս ուղիով։ Ամեն:



**Սեպուհ ԱՎԵՏԻՔՅԱՆ**



**ԱՄՆ, Միչիգան**