ՀԱԿ-ում այդպես էլ չկարողացան հաշվի նստել իրավիճակի փոփոխության հետ

ՀԱԿ-ում այդպես էլ չկարողացան հաշվի նստել իրավիճակի փոփոխության հետ

ՀԱԿ-Սերժ Սարգսյան տասնամյա համառ ու անզիջում պայքարից հետո ի վերջո հաղթող դուրս եկավ վերջինս։ Սխալված չենք լինի, եթե նշենք, որ Կոնգրեսը Հայաստանի նորագույն պատմության ամենազորեղ ընդդիմադիր քաղաքական ուժն է եղել, որին հաջողվել է առնվազն երկու անգամ լրջագույն մարտահրավեր նետել Սարգյանի իշխանությանն ու կասկածի տակ դնել դրա շարունակականությունը։ Բայց տևական ժամանակ բարիկադների առաջնագծում գտնվող քաղաքական ուժն ի վերջո սպառվեց՝ չկարողանալով դիմակայել իր առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին։ Սպառվեց և ամփոփվեց անշարժության ու հանգստության ինչ-որ տիրույթում։ Պատճառները բազմաթիվ են ու տարասեռ։

Կոնգրեսի թուլացման գործում մեծ դեր խաղացին ինչպես արտաքին հուժկու ներգործությունն, այնպես էլ՝ օբյեկտիվ իրականությունը։ Արտաքին ներգործություն ասելով առաջին հերթին նկատի ունենք իշխանությունների նպատակաուղղված դիրքավորումը, այն է՝ Սերժ Սարգսյանն հետևողական քաղաքականության արդյունքում ամեն ինչ արեց, որ ՀԱԿ-ը վերջնականապես կազմաքանդվի և դուրս մղվի ներքաղաքական իրականությունից։ Պետք է նշել նաև, որ զգալի դեր խաղացին նաև արտաքին խաղացողները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, որոնք որևէ աջակցություն ցույց չտվեցին ինչպես Կոնգրեսին, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի ընդդիմությանը։ Ավելին՝ կարելի է պնդել, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ձևավորվել են գերտերությունների կոնսենսուսի արդյունքում։

Եթե խնդիրը դիտարկենք օբյեկտիվ իրականության դիրքերից, ապա 2008 թ․ ձևավորված զորեղ ընդդիմադիր շարժումը օրինաչափորեն չէր կարող նույն կառուցվածքով պահպանվել նաև հետագա տարիներին։ Դա վերջնական և վճռական ճակատամարտի ու հաղթելու համար նախատեսված չափազանց մեծ միավորում էր։ Ինչու չէ նաև արհեստական գոյացություն հիշեցնող, քանի որ բոլորը եկել էին հաղթելու և պատրաստ չէին վճռական ճակատամարտում անհաջողություն կրելուց հետո անցնել դիրքային մարտեր մղելու մարտավարությանը։ Պարզապես պատրաստ չէին և դա ավելի քան տրամաբանական է։ Արդյունքում շուրջ երկու տասնյակ ուժերից կազմված շարժումն աստիճանաբար սկսեց հալվել։ Բնական է, որ այսպիսի պայմաններում կառույցի ներսում պետք է բույն դնեին ներքին խորը հակասություններն ու անլուծելի տարաձայնությունները։

Բայց վերը նշված մարտահրավերներն ու խնդիրներն ամենևին էլ անհաղթահարելի և անլուծելի չէին։ Քաղաքագիտական միտքն ունի նաև դրանց կարգավորման դեղատոմսերը, քանի որ Կոնգրեսի շուրջ ծավալվող իրադարձությունները աննախադեպ ու բացառիկ չէին։ Համաշխարհային պատմության պրակտիկան ասվածի լավագույն վկայությունն է։ Եթե այդպես է, ապա ինչու՞ ՀԱԿ-ը չկարողացավ դիմագրավել իր առջև ծառացած մարտահրավերներին։ Երկու պատասխան լինել չի կարող, ակնբախ է, որ քաղաքական ուժն ուներ լրջագույն ներքին խնդիրներ, որոնց անլուծելիությունը թույլ չտվեց ըստ պատշաճի կենտրոնանալ իշխանական «էքսպանսիայի» և օբյեկտիվ իրականության առաջադրած արգելքների շուրջ։

Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում։ Իրականությունը կերպափոխվում է տարեց տարի և ինչու չէ նաև՝ ամսե ամիս։ Հարափոփոխության այս համատարած միջավայրում փոփոխվում են նաև քաղաքական իրադրություններն ու դրանց հետ առնչվող մոտեցումները, գործիքազմերը և իհարկե պայքարի ու հռետորաբանության տարակերպերը։ Բայց ՀԱԿ-ում այդպես էլ չկարողացան հաշվի նստել իրավիճակի փոփոխության հետ։ Իրականությունը փոխվեց, բայց նրանք այդպես էլ չկարողացան հրաժարվել իրենց արդեն հնացած մոտեցումներից ու գործիքներից։ Նույնիսկ հռետորաբանությունը չփոխվեց, երբ արդեն բոլորը հոգնել էին ծեծված լոզունգներից։ Այսինքն Կոնգրեսը չկարողացավ ժամանակի հետ շարժվել համընթաց և համակարգը ենթարկել աստիճանական տրանսֆորմացիայի։ Չկարողացավ արդիականանալ ու այլանալ, թարմ դիմագծով նախապատրաստվել ու դիրքավորվել նոր իրավիճակին համապատասխան։ Այլ խոսքով ասած Հայաստանը հասավ 2018 թ․, իսկ Կոնգրեսը մնաց 2008-ի քարացած «դիմանկարների» ազդեցության ներքո։

Մյուս խնդիրը ոչ այնքան խնդիր է, որքան՝ սինդրոմ։ Գործ ունենք «ֆանտոմ» ցավերի հետ։ Հնարավոր է մի փոքր ոչ կոռեկտ համեմատություն ստացվի, բայց իմ կարծիքով այն չափազանց բնութագրական կլինի, որպեսզի կարողանանք պատկերացում կազմել, թե ի վերջո ինչ ցավերի մասին է խոսքը։ Կայսրությունների փլուզումից հետո դրանց փլատակների հիմքի վրա վերակազմավորված և հետնորդի կարգավիճակ ունեցող պետությունները երկար ժամանակ չեն կարողանում ուշքի գալ այդ խորը շոկային ցնցումից հետո։ Քանի որ կայսրությունը անհետանում է, իսկ կայսերական գիտակցությունը՝ ոչ։ Օրինակ՝ արդի Թուրքիան և Ռուսաստանը։ Օսմանյան կայսրությունն ու ԽՍՀՄ-ը չկան, բայց դրանց կայսերական գիտակցությունները մինչ օրս ապրում են Թուրքիայում և Ռուսաստանում։ Արդյունքում երկրներն այդ «ֆանտոմ» ցավեր են ապրում, քանի որ իրականությունը հաճախ չեն կարողանում համատեղել գիտակցական ցանկալիի հետ։

Իմ համոզմամբ վնասարար երևույթն այս բնորոշ է ոչ միայն պետություններին, այն կարող է գործարկվել նաև շատ ավելի փոքր և լոկալ նշանակություն ունեցող կառույցների պարագայում։ Տեսեք, մեծ շարժումը չկա, բայց Կոնգրեսի պատերի ներսում դեռևս ապրում է դրա զորեղ շունչը, այդ գիտակցությունը դեռևս միս ու արյուն ունի, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Արդյունքում քաղաքական ուժի պատերի ներսում տիրապետող միջավայրը չի համապատասխանում արտաքին իրադրության հետ։ Փաստորեն ՀԱԿ-ն այդպես էլ չկարողացավ դիրքավորվել որպես առանձին փոքր քաղաքական ուժ, քանի որ մինչ օրս ապրում է 1990-ականների անպարտելի ՀՀՇ-ի և 2008 թ․ զորեղ շարժման գիտակցությամբ։ Սա չափազանց ծանր արժեքային կոնֆլիկտ է, որի ներգործությունից հետո չափազանց դժվար է ուշքի գալ։

Մյուս կարևորագույն խնդիրն «անհատի պաշտամունքն» է, որը թերևս ամենաանլուծելին է Կոնգրեսում։ Որքան էլ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անսահման հեղինակություն և ազդեցություն ունենա կուսակցության ներսում, բայց քաղաքական ուժը չպետք է կառչած մնա մեկ անձի կամքից ու որոշումից։ Փաստորեն ամբողջ համակարգը կառուցվել է միայն մեկ անձի հեղինակության և ազդեցության հիմքի վրա՝ քաղաքական ուժին դարձնելով ոչ կենսունակ, դանդաղկոտ և անշարժունակ։ Օդում շրջանառվում է այն հարցադրումը, թե ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ն առանց առաջին նախագահի, արդյո՞ք այն կկարողանա գոյություն ունենալ, եթե Տեր-Պետրոսյանը որոշի հեռանալ քաղաքականությունից։

Սրանք լրջագույն խնդիրներ են, որոնք մշտապես ուղեկցել են Կոնգրեսին և պատճառ դարձել բազմաթիվ սխալների ու բացթողումների համար։ Եվ արդյունքում չկարողանալով լուծել ներիքն մարտահրավերները՝ կուսակցությունն անպաշտպան է մնացել արտաքին հարվածներն ու մարտահրավերները դիմակայելիս։ Հիմա ունենք այն ինչ-որ ունենք։ Երբեմնի հզորագույն քաղաքական ուժն այլևս չկա, ներգրավված չէ քաղաքական ակտիվ արենայում, չի կարողանում վերստին ապահովել իր հաստատուն ներկայությունը։ Իհարկե տողերն այս գրում ենք խորը ափսոսանքով և կսկիծով։ Չէ՞ որ Հայաստան պետությունն առանց հզոր ընդդիմության ապագա և առհասարակ զարգացման հեռանկար ունենալ չի կարող։ Հույս ունենք, որ Կոնգրեսը մոտ ապագայում ի վերջո դուրս կգա ճգնաժամից, կկարողանա տրանսֆորմացվել և հանդես գալ նոր որակներով՝ ոչ թե մեկ անձի հեղինակության հաշվին, այլ՝ որպես ամուր և կուռ թիմ։