Մենք ապրիլի 24-ից՝ վերածննդից գնում ենք դեպի հաղթանակ՝ մայիսի 9

Մենք ապրիլի 24-ից՝ վերածննդից գնում ենք դեպի հաղթանակ՝ մայիսի 9
Օրեր առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ, ի թիվս այլ ծրագրերի, տեղեկացրել էր, որ այս տարի նախատեսված է Համահայկական նվագախմբի ելույթն Արցախում՝ մայիսի 9-ին, եւ Երեւանում՝ մայիսի 14-ին։ Նա տեղեկացրել էր նաեւ, որ ստեղծվում է համահայկական երգչախումբ, որի առաջին ելույթը կկայանա ապրիլի 24-ին, Երեւանում։



Համահայկական նվագախմբի առաջին համերգը, որ տեղի ունեցավ 2017 թ. գարնանը՝ ապրիլի 24-ին, Երեւանում, համախմբեց 71 հայ երաժիշտների աշխարհի 20 երկրից։



«Համահայկական նվագախումբ» նախագծի տնօրեն **Ռուզաննա Սիրունյանը** մեզ հետ զրույցում նշեց, որ նվագախմբի առաջին համերգն այս տարի տեղի է ունենալու Ստեփանակերտում եւ անցնելու է «Վերածննդից՝ հաղթանակ» կարգախոսի ներքո․ «2 ծրագիր ենք ընտրել․ մեկը Երեւանում է լինելու՝ ամսի 14-ին, այն տեղի կունենա օպերային թատրոնում, մյուսն էլ՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտի հրապարակում, որը մի փոքր տարբեր կլինի։ Այստեղ մեզ միանալու են նաեւ Արցախի երգչախմբերը, ջազ եւ էստրադային սիմֆոնիկ նվագախմբերը, ինչպես նաեւ պարի պետական անսամբլը։



Համերգների ընթացքում հնչելու են ամբողջությամբ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մեջ՝ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից, Ռոբերտ Ամիրխանյանի, Արթուր Գրիգորյանի, Ավետիս Բերբերյանի երգերից։ Համերգը կլինի դասական եւ էստրադային երգիչներով։ Լինելու են նաեւ պրեմիերաներ, որոնց մեջ՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Ազգի համբույրն է հերոսի դեմքին» երգը»։



Դիրիժորներից ովքե՞ր կղեկավարեն նվագախումբը։ Սիրունյանն ասաց․ «Այս պահին վստահորեն կլինեն Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, Կոնստանտին Օրբելյանը կլինի միայն ղարաբաղյան համերգում, կլինի Վահան Մարտիրոսյանը, Կարեն Դուրգարյանի երգացանկի հետ կապված խնդիրներ կան, եւ առայժմ նրա պատասխանին ենք սպասում, Ստեփանակերտում կմիանա նաեւ Գեւորգ Մուրադյանը»։



Համահայկական նվագախմբի կազմը, փոքրիկ փոփոխություններով հանդերձ, գրեթե պահպանվել է, դարձյալ երաժիշտներ կընդգրկվեն 20 պետությունից, այս անգամ նախագծին միացել է նաեւ «Հովեր» երգչախումբը, ինչպես նաեւ մեկական երաժիշտներ Գյումրուց եւ Ստեփանակերտից։



Թե այս ընթացքում նվագախումբն ինչ է արել՝ հյուրախաղեր ունեցե՞լ է, հատկապես, որ նախատեսված է եղել ի սկզբանե։ Նպատակը, ըստ Սիրունյանի, տարին մեկ հավաքվելն է, այս տարի թեեւ նպատակ կար դրսում համերգ ունենալու, բայց որոշեցին համերգներով հանդես գալ Արցախում եւ Երեւանում․ «Եթե ամեն ինչ շարունակական լինի, համերգներ կլինեն նաեւ դրսում։ Վերջերս ես բանակցություններ ունեցա ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, փորձում ենք մյուս տարի համերգ ունենալ Լոս Անջելեսում՝ երեւի թե այն նույն ծրագրով, որ կունենանք Արցախում»։



Ինչ վերաբերում է նորաստեղծ համահայկական երգչախմբին, որի առաջնաելույթը կկայանա ապրիլի 24-ին՝ Երեւանում, ապա նախագծի բեմադրող ռեժիսորն է Ժիրայր Դադասյանը, պրոդյուսերը՝ **Արման Պադարյանը**, ում խոսքերով՝ երգչախմբի կազմը բաղկացած է լինելու տարբեր երգչախմբերից, որոնց մեջ են լինելու Ազգային ակադեմիական կապելլան, «Հովեր» երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային դպրոցը, Արցախի պետական երգչախումբը։ Ակնկալում են նաեւ Սփյուռքի մի քանի երգչախմբերի մասնակցություն։ Երգչախմբի ընդհանուր թիվը կկազմի մոտավորապես 260-300 երգիչ, որոնք կներկայանան Մարզահամերգային համալիրում։



Համահայկական երգչախմբի համերգում հանդես կգան Ռոբերտ Մլքեյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ Էդուարդ Թոփչյանը։ «Ներկա դրությամբ 12 ստեղծագործություն արդեն հաստատված է, որոնց մեջ են Մաշտոցի, Կոմիտասի, Մանսուրյանի գործերը, նաեւ՝ Վերդի, Մոցարտ, պետք է հնչի Տիգրան Մանսուրյանի կողմից հատուկ գրված մի նոր ստեղծագործություն, որը կոչվում է «Վերածննդից՝ հաղթանակ», եւ Ռոբերտ Ամիրխանյանի «Ազգի համբույրն է հերոսի դեմքին» գործը, որը պետք է կատարվի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ընդհանուր գաղափարն այն է, որ մենք ապրիլի 24-ից՝ վերածննդից գնում ենք դեպի հաղթանակ՝ մայիսի 9-ը»,- նշեց Պադարյանը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**