ԿԲ-ի տարօրինակ մոտեցումը կրիպտոարժույթների հարցում

ԿԲ-ի տարօրինակ մոտեցումը կրիպտոարժույթների հարցում
Երեկ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնը մտադիր է կրիպտոարժույթների արտադրությամբ զբաղվել։ Այդ նպատակով նա հսկայական տարածք է կառուցել, որտեղ, ի թիվս այլ արտադրությունների, նաեւ բլոքչեյն տեխնոլոգիայի ներդրմամբ կզբաղվեն կրիպտոարժույթների արտադրությամբ՝ բիթքոյն, էթերիում, դաշ եւ այլն։ Այս ամենին ծանոթացել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ այցելելով տեղանք։ Այսինքն՝ սա տեղի է ունենալու երկրի բարձրագույն ղեկավարության իմացությամբ։ Մինչդեռ Կենտրոնական բանկը դեմ է կրիպտոարժույթի տարածմանը Հայաստանում եւ չի խրախուսում այն, ավելին՝ հակված է արգելելու դրա շրջանառությունը մեր երկրում, քանի որ ռիսկեր է տեսնում։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ **Ներսես Երիցյանը** երեկ այս թեմայով մեր հարցերին պատասխանելիս մի տեսակ խուսանավում էր, հատկապես, երբ խոսքը հասավ Ծառուկյանի նախաձեռնությանը, որից պարզվեց` տեղյակ չէր։ Բայց, այնուամենայնիվ, նշեց, թե որն է ԿԲ դիրքորոշումը կրիպտոարժույթների հարցում։



«Կենտրոնական բանկն արտահայտվել է էդ թեմայով, եւ դիրքորոշումը հստակ է․ դրանք ռիսկեր են պարունակում տարբեր տեսակի, ամբողջ աշխարհը, կարեւորագույն, հեղինակավոր կառույցները հրաժարվում են կամ ագրեսիվ պայքարում են դրա ընդլայնման դեմ, մինչեւ կարգավորման ձեւերը գտնվեն։ Այդ տեսակետից ՀՀ Կենտրոնական բանկի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը պետք է զերծ մնա կրիպտոարժույթների հետ որեւէ առնչությունից»,- ասաց Ներսես Երիցյանը։



-**Այսինքն՝ ԿԲ-ն կարող է արգելե՞լ կրիպտոարժույթներով գործարքներ կատարելը**։



-Այո, մենք արգելում ենք։



-**Իսկ դրա արտադրությո՞ւնը։ Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է կրիպտոարժույթի արտադրություն հիմնել**։



-Դա արդեն Կենտրոնական բանկի լիազորություններից դուրս է, արտադրությունով մենք չենք զբաղվում։



-**Այսինքն՝ չի՞ կարող արգելել արտադրությունը**։



-Մենք այդ հարցով չենք զբաղվում։



-**Ամեն դեպքում, «Մուլտի գրուպ» ընկերությունը կրիպտոարժույթի արտադրություն է հիմնում Հայաստանում, եթե այդ արտադրությունը հիմնվի, այդ ռիսկերը չե՞ն լինի…**



-«Եթե»-ով չխոսենք, էլի, ես չեմ տիրապետում այդ հարցին։



**ՀԳ․** ԿԲ նախագահի տեղակալի այս անորոշ պատասխանն ու վերաբերմունքն առնվազն տարակուսելի է։ Իրենք մի կողմից արգելում են կրիպտոարժույթների տարածումը Հայաստանում, թեպետ պարզ չէ, թե ինչպես են արգելում, մյուս կողմից՝ չեն տիրապետում դրա արտադրության ու դրանից բխող հավանական ռիսկերի վերաբերյալ հարցին։ Այսինքն՝ կարող են թույլատրել արտադրությունը, բայց արգելել շահագործումը, ինչը տարօրինակ է։ Կամ գուցե որոշել են էքսպերիմենտալ կարգով ազատ թողնել արտադրության մասը՝ հասկանալու, թե դա ինչ ռիսկերի կարող է հանգեցնել։ Այլ հարց է, որ եթե իսկապես կան կամ կարող են լինել ռիսկեր, նման անորոշ վիճակում դաշտը թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի բարդ հետեւանքների, այնպես, որ հետո այն վերահսկելը դժվար կամ անհնար կլինի։ Ամեն դեպքում, ԿԲ պահվածքն անհասկանալի է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**