Եթե բարեկամ եմ, թող ինձ տեղավորեին Սունդուկյան թատրոնի տնօրեն

Եթե բարեկամ եմ, թող ինձ տեղավորեին Սունդուկյան թատրոնի տնօրեն
Արտաշատի Ա․ Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը կկայանա մարտի 29-ին, մշակույթի նախարարությունում։ Ինչպես տեղեկացանք, տնօրենի պաշտոնի համար հայտ են ներկայացրել 2 հոգի, որոնցից մեկը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար** Գագիկ Ռոստոմյանն** է, ով երկար տարիներ աշխատել է Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ որպես դերասան, ապա նաեւ՝ փոխտնօրեն։



Արդեն 3 ամիս թատրոնի տնօրենի ԺՊ-ի պարտականություններն իրականացնող Ռոստոմյանն ընդգծում է՝ իր աշխատանքային գործունեությունն սկսել է Արտաշատի թատրոնից, երբ թատրոնի բեմ էին բարձրանում ժողովրդական եւ վաստակավոր արտիստներ, իսկ թատրոնի գեղղեկավարն էր Մայիս Ռաֆայելյանը։ «Մի օր փոխնախարարն ասաց՝ այսպիսի գործ կա, կարո՞ղ ես համաձայնել, ասացի՝ մտածելու առիթ է, ասաց՝ չէ, հիմա՛ ասա, եւ ես նորից համաձայնեցի գնալ Արտաշատ։ Ես այդտեղ չեմ տեսնում ինչ-որ նախապայման կամ ցանկություն՝ լինել Արտաշատից կամ այդ թատրոնից սկսել ու այդ թատրոնում աշխատել»,- ասում է նա։



Իր դեպքում նշում են նաեւ, որ Ամիրյանի բարեկամն է (քենակալը), դա ինչքանո՞վ կազդի մրցույթի ելքի վրա։ «Եթե ես բարեկամ եմ, ապա թող ինձ տեղավորեին Սունդուկյան թատրոնի տնօրեն կամ Երեւանում ինչ-որ մի թատրոնի տնօրեն, այստեղ նման խնդիր չկա, եւ ես չգիտեմ էլ, թե ովքեր են դիմել, ինչ ընթացք է ունենալու»,- ասում է նա ու, անդրադառնալով ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի արտահայտած այն կարծիքին, որ ինքն իդեալական ընտրություն է, ընդգծում է․ «Դա աշխատանքային պրոցեսի արդյունքում ձեւավորված կարծիք է, որ տեսել են, գնահատում են, թատրոնում պատահական մարդ չեմ երեւի ու ինչ-որ բան ներկայացնում եմ»։



Թե ինչպես է պատկերացնում թատրոնի զարգացումը, հատկապես որ այդ մասով պետք է հայեցակարգ ներկայացնի, Ռոստոմյանն ասաց, որ Արտաշատի թատրոնը, լինելով Երեւանին կպած թատրոն, ե՛ւ շատ մոտ է, ե՛ւ շատ հեռու, որը տարիներ շարունակ կես ծանրաբեռնվածությամբ է աշխատել․ «Հիմա ես խնդիր եմ դրել ու նաեւ ասել եմ դերասաններին, որ թատրոնն անպայման մեծահասակների համար պետք է աշխատի։ Ես չեմ մեղադրում նրանց, տարիներ շարունակ նրանք պահել են թատրոնը, բայց աշխատել են մանկապատանեկան ծրագրով։ Դա, ինչ խոսք, շատ կարեւոր պայման է հանդիսատեսի կրթման համար, բայց թատրոնը պետք է ունենա լիարժեք երեկոյան ներկայացումներ մեծերի համար։ Ինչքան էլ մարզը կապված է հողի հետ, այնուամենայնիվ, մարդիկ լավ թատրոնի, լավ ներկայացման, լավ համերգային ծրագրի կարիք ունեն։ Պետք է կյանքն աշխուժացվի, մարդիկ գոնե ամսվա մեջ 2-3 անգամ պետք է կարողանան կտրվել առօրյայից ու հանգստանան։ Ես այդպիսի խնդիր եմ դրել, տեսնենք, թե ինչպես կընթանա։ Իմ նշանակման առաջին օրվանից բանակցում եմ շատ ռեժիսորների հետ, որպեսզի իրենց առաջարկները ներկայացնեն, թե ինչ կբեմադրեն թատրոնում՝ կյանքը մի քիչ աշխուժացնելու համար»։



Արտաշատի թատրոնում աշխատում է 60 հոգանոց կոլեկտիվ, որը, ըստ նրա, դրամատիկ թատրոնի համար շատ քիչ է։ «Ունենք բեմի մեկ բանվոր, մեկ հսկիչ, պատկերացնո՞ւմ եք դրամատիկ թատրոնի համար մեկ բանվոր, ով պետք է դեկորները շարժի, դա էլ է խնդիր՝ բեմը ձեւավորելու, աշխատանքները կազմակերպելու համար»,- ասում է նա ու հավելում, որ ամսական 5-7 ներկայացում են խաղում․ «Թատրոնի խնդիրը նաեւ մեքենան է, որ չունենք ո՛չ մարդատար, ո՛չ բեռնատար։ Սրանք խնդիրներ են, որ ժամանակի ընթացքում պետք է լուծվեն։ Ես ներկայացրել եմ նաեւ միջնաժամկետ ծրագիր, թե ինչ է անհրաժեշտ թատրոնի համար՝ հիմնավորելով դրանք կետերով»։



Ինչ վերաբերում է թատրոնի շինարարությանը, ապա այն դադարեցված է մարզպետի որոշմամբ, եւ շինարարությունն իրականացնող ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացվել՝ աշխատանքները ժամանակին չավարտելու հիմքով։ Ավելին՝ շինարարություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, պատերը ներկել են ու գնացել․ «Ինչ որ արել են, դա շինարարություն ասել չի կարելի՝ կիսատ-պռատ, հատված-հատված։ Մոտ 80 մլն-ի նախահաշիվ է կազմված եղել, շինարարությունն իրականացնող ընկերությունը 54 մլն-ով պետք է աներ գործընթացը, բայց բացարձակապես բան չեն արել, ինչ էլ արել են, հետո իրենց տախտակամածները հավաքելուց տվել պատերը փչացրել են։ Մենակ ներկել են, բայց դա էլ այնպես են ներկել, որ տակից հին ներկածի լաքաները երեւում են։ Բեմի տախտակները սխալ են կպցրել, եւ տախտակների արանքում մոտավորապես 1 սմ փոս կա։ Այսինքն՝ եթե պրոֆեսիոնալ պարող բերեք եւ ասեք՝ պարի, պարողների անսամբլի կեսը հաշմանդամ կդառնա։ Բեմը պտտվող շրջան ունի, որը չի աշխատում, շարժիչը տարել են վերանորոգեն, բերել են ուղղակի ներկած, ամեն շարժիչ պիտակ ունի, բայց պիտակը պոկված է»։



Ռոստոմյանն ընդգծում է՝ շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի, տարիներ առաջ Հովիկ Աբրահամյանի միջնորդությամբ վերանորոգվեցին թատրոնի միայն գրիմանոցները, աստիճանավանդակը, միջանցքը, ծառայողական զուգարանները, բայց 37-ին նախագծված թատրոնն այսօր աշխատում է 53-ի մեխանիզացիաներով, որոնք լրիվ շարքից դուրս են եկել։ Դա քիչ էր, վերանորոգմանն ուղղված գումարներն էլ փոշիացվեցին։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**