Վրաստանի վարչապետը վաղը վերջապես կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը վաղը վերջապես կայցելի Հայաստան
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Կառավարությունում այսօր նախապատրաստվում էին այդ այցին։ Կառավարության մամուլի սրահում առավոտյան բերեցին, տեղադրեցին Հայաստանի և Վրաստանի դրոշները, որոնց մոտ կանգնելու են ՀՀ և Վրաստանի վարչապետները։



Սա այն այցն էր, որն անորոշ ժամանակով հետաձգվեց 2017-ի դեկտեմբերին։ Կվիրիկաշվիլին դեռ այդ ժամանակ պետք է գար Հայաստան, բայց վրացական կողմի խնդրանքով հետաձգեցին։ Պատճառը, ըստ տարածված տեղեկատվության, իրենց ներքին օրակարգային խնդիրներն են եղել։ Այդ ընթացքում Կվիրիկաշվիլին նաև Բրյուսել պետք է մեկներ, բայց այդ այցը ևս հետաձգվել էր։



Հիմա, ըստ երևույթին, այդ «օրակարգային խնդիրները» կարգավորվել են, և Վրաստանի վարչապետը վաղը, հուսով ենք, կժամանի Հայաստան։ Այցը տևելու է մեկ օր, դեռ ավելի քիչ՝ առավոտյան գալու են, երեկոյան վերադառնան։



Պատվիրակության կազմում կլինեն վարչապետ Կվիրիկաշվիլին և Վրաստանի կառավարության մի շարք նախարարներ։ Վրաստանի վարչապետը Հայաստանում հանդիպում կունենա ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի հետ։



Երկու վարչապետների հանդիպման օրակարգում կլինեն տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև տրանսպորտային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց մեջ հստակ նշված չէ՝ Լարսի հետ կապված հարցեր կլինե՞ն, թե՞ ոչ։ Հանդիպումից հետո կառավարությունում նախատեսված է նաև երկու երկրների վարչապետների հայտարարությունը մամուլի համար, սակայն առանց հարցուպատասխանի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**