Ի՞նչ է ակնկալում «Ելքը» Մարտի 1-ի թեմայով հայտարարության նախագծով

Ի՞նչ է ակնկալում «Ելքը» Մարտի 1-ի թեմայով հայտարարության նախագծով
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ, որը շրջանառության մեջ է դրել «Ելքը»։



Հայտարարության նախագիծը հետո քվեարկությամբ կարող է ընդունվել կամ մերժվել։ Դատելով նախագծի բովանդակությունից՝ այն հազիվ թե դուր գա իշխանություններին։ Հայտարարության նախագծում տեղ գտած 5 կետերից առաջինում, մասնավորապես, ասվում է․ «ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»։



«Ելքը» այս լսումներին մասնակցության հրավեր է ուղարկել Մարտի 1-ի զոհերի ներկայացուցիչներին, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, դատախազությանը, նաև այդ իրադարձությունների հիմնական մասնակիցներին՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությանն ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Վերջինիս կողմից ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի շուրթերով արդեն իսկ մերժման պատասխան է ստացվել։



«Դա իրենց որոշելիքն է, քաղաքական ուժ են՝ բավականին մեծ փորձով, չեմ կարծում, որ արժի ես իրենց որոշումները որևէ կերպ մեկնաբանեմ կամ գնահատական տամ, իրենք գիտեն։ Մենք մեր անելիքն անում ենք, գտնում ենք՝ դա է ճիշտ»,-ՀԱԿ-ի մերժումն այսպես «մեկնաբանեց» ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։



Հարցին՝ ինչ-որ ակնկալիք ունե՞ն, որ այս լսումներից հետո որևէ տեղաշարժ կլինի Մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացհայտման գործում, պարոն Գորգիսյանն ասաց․ «Կերևա, հա՞։ Քաղաքական աստղագուշակություն անելը շատ անշնորհակալ գործ է, ու որևէ կերպ չեմ ցանկանա ես էդ գործով զբաղվել։ Մենք հստակ դրել ենք նախագիծը հայտարարության, որով առաջարկում ենք, որ Ազգային ժողովն իր դիրքորոշումը հայտնի կատարվածի վերաբերյալ, լսումները դրա վերաբերյալ են, դրա շուրջ՝ լսելու կողմերին, մեկնաբանությունները և տեսակետները»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**