Ցանկանում են վարկաբեկե՞լ ԵՊՀ-ին

Ցանկանում են վարկաբեկե՞լ ԵՊՀ-ին
ԵՊՀ-ն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ մեղադրում էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ին սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացնելու և բուհի անունը վարկաբեկելու համար։ Մասնավորապես գրառման մեջ ասվում է․



«Օրեր առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի ԵՊՀ ակումբը դիմել էր ռեկտորատին՝ ցանկանալով փետրվարի 21-ից 23-ը ԵՊՀ-ում իրականացնել մի շարք միջոցառումներ, նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը, հնարավոր հանրային հետաքրքրությունը, միջոցառման ուղղակի և անուղղակի առնչությունը ԵՊՀ-ի հետ, ինչպես նաև տեխնիկական խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ՀԿ ներկայացուցիչներին առաջարկվել էր ներկայացնել նախատեսված միջոցառումների սեղմ նկարագրությունը: Նման արտաքին նախաձեռնությունների պարագայում համալսարանը պետք է դիտարկի նաև համալսարանական տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող ծրագրերը՝ նպատակ ունենալով խուսափել անհարկի կրկնություններից կամ զուգադիպություններից, իսկ հնարավորության դեպքում՝ փորձել գտնել արդյունավետ համագործակցության եզրեր:



Չսպասելով ԵՊՀ-ի պաշտոնական պատասխանին՝ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի ԵՊՀ ակումբի ղեկավարը «Facebook» սոցիալական ցանցով արդեն իսկ կանխատեսել է դահլիճի (տարածքի) տրամադրման մերժումը, անհարկի շահարկել է համալսարանի ուսանողական կազմակերպությունների (ուսխորհրդի) գործունեությունը, տվել անհիմն որակումներ: Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, վարկաբեկում է ԵՊՀ-ին և չի նպաստում համերաշխ և միասնական ուսանողական համայնքի կայացմանը: Զարմանալի է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ներկայացուցիչները այսպիսի աղմուկ են բարձրացնում այն պարագայում, երբ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն այս կազմակերպության գործունեությունը դադարեցված է: Գործունեությունը պաշտոնապես դադարեցրած կազմակերպությունը միջոցառում կազմակերպելու նպատակով գրավոր դիմում է ԵՊՀ-ին տարածքներ տրամադրելու խնդրանքով, չսպասելով պատասխանին աղմուկ բարձրացնում սոցիալական ցանցում և վարկաբեկում բուհին… Իսկապես հետաքրքիր ժամանակներում ենք ապրում…»,- կարդում ենք ԵՊՀ ֆեյսբուքյան էջում։



Թեմայի առնչությամբ կապվեցիք «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ։ Վերջինս չհերքեց, որ պետռեգիստրը իրենց գործունեությունը դադարեցրել է, սակայն նշեց, որ ուսանողները չեն դիմել որպես «Քաղաքացիական գիտակցություն» ԿՀ․ «Այո, պետական ռեգիստրում մեր գործունեությունը ապօրինաբար դադարեցվել է, և մենք ներկայումս պետռեգիստրի հետ դատական գործընթացների մեջ ենք, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք չենք գործում։ Հակառակը ներկայումս մեր կազմակերպությունը գտնվում է իր գործունեության ամենաակտիվ փուլում, ինչում համոզվելու համար կարող եք այցելել մեր ֆեյսբուքյան էջն ու պաշտոնական վեբկայքը (civilngo.com)։ Մենք չենք դիմել ԵՊՀ-ին որպես իրավաբանական անձ, այլ դիմել ենք, որպես ԵՊՀ-ում օրենքով թույլատրված գործող ուսանողական կամավոր միավորում՝ ակումբ։ Մենք տարբեր համալսարաններում ունենք ակումբներ, որոնք գրանցելու կարիք չունեն և, անկեղծ ասած, անլուրջ է նման շահարկումներ կարդալը մայր բուհի կողմից արված հայտարարության մեջ։ ԵՊՀ-ում գործող ուսանողական ակումբը դիմել է ռեկտորատ միջոցառման համար տարածք տրամադրելու խնդրանքով։ Նրանց հարցրել են, թե որևէ կազմակերպության անդամնե՞ր են, թե՞ ոչ։ Ուսանողները պատասխանել են, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավարության ներքո են գործում։ ԵՊՀ-ի կողմից մերժում չի եղել, սակայն չեն էլ հաստատել, բայց արդյունքում ստացել ենք ֆեյսբուքյան գրառում, որը, մեղմ ասած, մտահոգիչ է և որում չկա ոչ մերժման ոչ հաստատման հստակություն։



Միջոցառումը ենթադրում էր ընդամենը նկարների ցուցահանդես, որտեղ պատկերված էր լինելու 1988 թվականի երիտասարդությունը։ Իրենց ֆեյսբուքյան գրառումը վկայում է այն մասին, որ իրենք ՀՀ Սահմանադրությանը բացարձակ չեն տիրապետում։ Միջոցառման համար դիմել է ներհամալսարանական ուսանողական միավորում և այն մերժելու որևէ իրավական հիմք ԵՊՀ ղեկավարությունը չունի։ Պարզապես մեր ուսանողները նկատել են, որ կուսակցականացված ուսխորհուրդները որևէ բան չեն կազմակերպում այդ կապակցությամբ և որոշել են իրենք կազմակերպել, քանի որ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի մեր պետականության վերականգնման համատեքստում։ Մենք դեռևս սպասում ենք ԵՊՀ ղեկավարության պատասխանին, բայց անկախ դրա բովանդակությունից միջոցառումը տեղի կունենա և դրան կմասնակցեն ուսանողներ ոչ միայն ԵՊՀ-ից»,- մեզ ասաց Նարեկ Սամսոնյանը։



**Կորյուն Սիմոնյան**