Իջևանի քաղաքապետարանը խոչընդոտում է բնակչի բիզնես ծրագրերին

Իջևանի քաղաքապետարանը խոչընդոտում է բնակչի բիզնես ծրագրերին
Իջևանի բնակիչ, արցախյան պատերազմին մասնակցած ու վիրավորված Արամայիս Համբարձումյանը Իջևանի քաղաքապետարանի թեթև ձեռքով կրակն է ընկել իր կառուցած շինության ձեռքը։ Նա 2012 թվականին Իջևան քաղաքի Սպանդարյան 1/72 հասցեում քաղաքապետարանի կողմից 99 տարի վարձակալության կարգով հատկացված ամայի հողատարածքի վրա շինություն է կառուցել։ Նպատակն էր՝ այնտեղ իրականացնել մեծ մեքենաների, գյուղտեխնիկայի վերանորոգում։ Բայց շինությունը մինչ օրս չի կարողանում շահագործել, քանի որ քաղաքապետարանն ու քաղաքապետ Վարդան Ղալումյանը նրա համար խոչընդոտներ են հարուցում։



«2012 թվականին կառուցել-ավարտել եմ սպասարկման սրահը, էն ժամանակ խոչընդոտներ չկային, 2015 թվականին շենքը աֆորմիտ ենք արել, հիմա էլ ինչ-ինչ խախտումներ են եղել, էդ խախտումները ճշտել ենք, ճշտելուց հետո երկու հարևաններն ունեն հակառակ կողմից մուտքեր, ուզում են լրացուցիչ մուտքեր բաց անեն, բայց եթե նրանք դարպասներ են բացում, դրանք ինձ կխանգարեն, մեքենաների կանգնելու տեղ չի լինի։ Հիմա ես էլ դիմում եմ, որ էդ հողը իմ կողմից բարեկարգված, բայց համայնքի տարածք ա, խնդրում եմ հատկացրեք ինձ, որպեսզի ժամանակավոր կայանատեղ լինի։ Եթե դու նրանց լրացուցիչ խոդեր ես տալիս, մեծ մեքենա որ գա, ո՞նց ա կանգնելկու։ Եթե իմանայի, ժամանակին չէի կառուցի էդ բոքսը»,-մեզ հետ զրույցում ասաց Արամայիս Համբարձումյանը։



Նա նաև սալիկներ է բերել լցրել շինության բակում, որ բարեկարգի տարածքը, սակայն քաղաքապետարանը արգելում է, սալիկներն էլ այդպես մնացել են բակում, հիմա էլ, ըստ Համբարձումյանի, քաղաքապետարանը որոշել է վարչական ակտ կազմել այդ սալիկների՝ այդտեղ լինելու համար։ Համբարձումյանը բազմիցս դիմել է քաղաքապետ Ղալումյանին, բայց նա որևէ կերպ չի փորձել հարցին լուծում տալ, դեռ մի բան էլ սկսել է լրացուցիչ խոչընդոտներ հարուցել նրա համար։ Քաղաքացին մի քանի անգամ բողոքի ակցիաներ է արել կառավարության շենքի դիմաց, բաց նամակով դիմել է իշխանություններին, բայց սայլը տեղից չի շարժվել։ Մենք զանգահարեցինք Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին՝ հասկանալու իրավիճակը, նրա մեկնաբանությունը ստանալու։ Բայց նա որևէ կերպ չցանկացավ պատասխանել մեր հարցերին, անգամ չլսեց հարցը, ավելին՝ խոստացավ, որ մամուլի խոսնակն էլ չի պատասխանի, եթե զանգահարենք։ Պատճառը չհասկացանք որն էր։



Փաստորեն, Իջևանում տարեց մարդը փորձում է փոքր ու միջին բիզնես հիմնել, տարիներով շինարարություն է անում, որ հետո այն իր նպատակին ծառայեցնի, իսկ տեղական իշխանությունները դրան աջակցելու փոխարեն խոչընդոտներ են առաջացնում։ Մինչդեռ, կառավարությունը հայտարարել է, որ փորձելու է ամեն գնով նպաստել փոքր ու միջին բիզնեսի կայացմանը հատկապես մարզերում։ Հիմա կա՛մ կառավարությունն է սխալ ճանապարհ որդեգրել այս հարցում, կա՛մ մարզային չինովնիկներն են կառավարության քաղաքականությունը իրենց անձնական շահերով տապալում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**