Մասոն, այլմոլորակային, ինչ ուզեք՝ ասացին

Մասոն, այլմոլորակային, ինչ ուզեք՝ ասացին
Իր հանդիպումների շարքը ՀՀԿ-ի նախագահի թեկնածու **Արմեն Սարգսյանը** երեկ շարունակեց Ազգային ժողովում։ Նա այցելել էր ընդդիմադիր «Ելք» խմբակցություն, որտեղ նրան սպասում էին ողջ կազմով։ Ի դեպ, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ հանդիպումից եւ Գիտությունների ազգային ակադեմիա հյուրընկալվելուց հետո թեկնածուն մեկնել էր Մոսկվա, հետո՝ կրկին Լոնդոն, նախօրեին վերադարձել Հայաստան ու շարունակում էր հանդիպումները։ Մինչ նախագահացուն կհյուրընկալվեր խմբակցությունում, դռան շեմին Արտակ Զեյնալյանին հասցրեց ասել, որ «համակրում» է նրան։



Զեյնալյանը, հիշեցնենք, «Ելք»-ի նախագահի թեկնածուն էր լինելու, եթե «Ծառուկյան դաշինք» խմբակցության կողմից աջակցություն ստանար․ Սահմանադրությունը ՀՀ նախագահի թեկնածություն ներկայացնելու համար 27 ստորագրության անհրաժեշտություն է պահանջում։ Մեկ ժամից ավելի տեւած հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը մոտեցավ միջանցքում սպասող մոտ երկու տասնյակ լրագրողներին, որոնք փակել էին թեկնածուի ճանապարհը, եւ ստիպված եղավ պատասխանել մի քանի հարցի։



Նախ պատմեց ընդդիմադիրների հետ հանդիպման տպավորությունների մասին։ «Ես իմ կողմից բավարարված եմ զգում, որովհետեւ շատ բաց զրույց էր, եւ ես կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չէ, մենք խոսեցինք նաեւ հետագա նոր հանդիպումների մասին: Ես հստակ գիտեմ, որ «Ելք»-ը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու ինձ, ես էլ, իհարկե, հարգում եմ իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ես համաձայնեմ թեկնածու լինել, հետո ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու: Ընդհակառակը` իրենք ընդդիմախոս կառույց են, որոնք արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը, այնպես որ, ես նայում եմ առաջ, իրենց հետ շարունակելու եմ աշխատել»։



Մենք հարցրինք՝ արդյոք Սահմանադրության նորմ չի՞ խախտվի իր առաջադրմամբ, քանի որ բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը 2014 թվականի տվյալներով ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, մինչդեռ նոր Սահմանադրության պահանջն է, որ ՀՀ նախագահի թեկնածուն վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինի։ «Այստեղ, որ դուք խնդիր եք փնտրում, խնդիր չկա: Ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ որ ես հրամանով ազատվեցի հանրապետության դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ աշխատում էի նորից առանց աշխատավարձի, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության Բրիտանիայում եւ ստացել եմ 2002 թվականին, օքե՞յ»,- հարազատ լեզվին ապավինեց շփոթված թեկնածուն, ապա ցաքուցրիվ հիշողությունների գիրկն ընկավ, որպեսզի մանեւրի բուն պատասխանից։ Նախ ասաց, որ քաղաքացիությունից հրաժարվել է 2011-ին․ «Հիմա դուք Companies House-ից օրինակներ եք բերում, բայց ես տասնյակ ընկերությունների խորհրդի կազմում եմ: Այդտեղ ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ հայ եմ, իսկ ինչ-որ տեղեր՝ անգլիացի: 2011-ին քաղաքացիություն տալուց հետո չեմ հայտարարել, որ քաղաքացիությունից հրաժարվել եմ: Այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի»։ Մինչդեռ այդ փաստաթղթերը Սարգսյանն անձամբ է լրացրել, եւ դրանց տակ կա նրա ստորագրությունը։ «Դուք կարծում եք, որ մեկը քաղաքացիությունից հրաժարվեց, ուրեմն Բրիտանիան միանգամից հանե՞ց»,- անդրդվելի մնաց նա։



Հաջորդ հարցը Հայաստանում քաղբանտարկյալների մասին էր, որն ըստ էության ՀՀԿ-ի կողմից ներկայացված թեկնածուի առաջին քաղաքական քննությունը դարձավ։ Կա՞ն քաղբանտարկյալներ մեր երկրում, թե՞ ոչ։ Բրիտանիայում ՀՀ դեսպանը հարցին դիվանագիտական պատասխան տվեց․ «Ես չգիտեմ` կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, եւ իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն»։



Իրավապաշտպան **Արթուր Սաքունցը**, անդրադառնալով թեկնածուի հայտարարությանը, մեզ հետ զրույցում հեգնեց։ «Եթե լավ ուսումնասիրեր իր նշած միջազգային փաստաղթերը, ապա կիմանար, թե ինչ պետության նախագահի պաշտոնին է հավակնում»,- ասաց Սաքունցը եւ մեր դիտարկմանն ի պատասխան՝ արձագանքեց․ «Եթե գիտի միջազգային գնահատականների մասին, նշանակում է անմիջապես պետք է ընդուներ Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստը»։ Իրավապաշտպանի կարծիքով՝ չի կարելի ակնկալել, որ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն կարող է արբիտրի դեր ստանձնել․ «Նման ակնկալիքները զուրկ են տրամաբանությունից»։



Իսկ երկրորդ հարցից հետո Արմեն Սարգսյանը ճեղքեց լրագրողների եւ օպերատորների «պատնեշն» ու սլացավ դեպի վերելակ՝ ասելով, որ իրեն սպասում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Հընթացս նա պատասխանեց նաեւ մի քանի հարցի՝ ինքը չի՞ վիրավորվի, եթե նախագահ դառնա եւ Բաղրամյան 26-ում չնստի, քանի որ նախագահի նստավայր է նախատեսված կառավարության ընդունելությունների տունը։ «Ընդհակառակը, եթե ես աշխատեի Բաղրամյան 26-ում, ապա կլինեի 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, իսկ հիմա, որ այլ տեղում է լինելու իմ աշխատավայրը, կլինեմ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»,- ասաց Արմեն Սարգսյանը։ Դիտարկմանը, որ իր հետ կապված որակումներ, գնահատականներ կան, անգամ ԿԳԲ-ի գործակալ անվանեցին, արդեն վերելակում տեղավորված նախագահի թեկնածուն կատակով արձագանքեց․ «Գիտեմ՝ մասոն, այլմոլորակային, ինչ ուզեք՝ ասացին»։

«Ելք»-ը եւս անորոշության մեջ թողեց լրագրողներին՝ չբացահայտելով, թե ինչ են զրուցել Արմեն Սարգսյանի հետ։ Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «կոռեկտ» չէ հիմա խոսել Արմեն Սարգսյանի պատասխանների մասին, երբ Սարգսյանը կընդունի ՀՀԿ-ի առաջարկը ու կներկայանա որպես թեկնածու, այն ժամանակ կքննարկեն ու կներկայացնեն նրա ասածը։ «Հարցրել ենք՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ, ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, եւ նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի եւ դերակատարման մեջ կարող է հայտնվել: Հարցրել ենք, թե Սարգսյանն ինչպես է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել, ու նաեւ, թե ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ հստակ նախագահին էր վերաբերում, հիմա այն դեֆակտո դառնում է վարչապետի լիազորությունը: Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, Մարտի 1-ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել, նաեւ խնդրել ենք պարզաբանել իր քաղաքացիության հարցը, որ մամուլում նշվում է»,- հանդիպումից հետո տեղեկացրեց Փաշինյանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**