«Եվրատեսիլ»-ի գենդերը

«Եվրատեսիլ»-ի գենդերը
«Եվրատեսիլ»-ը հաճախ անվանում են «Գեյ օլիմպիական խաղեր», քանի որ մրցույթի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, որոնց կողքին շատ հաճախ հետերոսեքսուալները կեսկատակ ասում են՝ «Եվրատեսիլ»-ն իրենց հիշեցնում է, թե ինչ ասել է ապրել կաղապարներով: Հենց այդ կաղապարն էլ հաճախ դառնում է զենք՝ եվրատեսիլյան բեմից մարդու իրավունքների մասին անվերջ աղաղակելու համար:



1956-ին հիմնադրված մրցույթի մշակութային-քաղաքական նպատակն էր համախմբել եվրոպական երկրներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, եւ դա մշակութային եւ քաղաքական ինտեգրման առանձնահատկություններից մեկն էր: Մյուս առանձնահատկությունը, ինչպես արդեն նշեցի, մարդու իրավունքներն ու աշխարհաքաղաքական կոնֆլիկտների երևան գալն էր:



Նմանօրինակ քաղաքականությունը «Եվրատեսիլ»-ի առաջնային նպատակներից էր, որը մրցույթը որդեգրեց Սառը պատերազմից հետո: Այսպես՝ 20-րդ դարավերջին ճչացող Եվրոպայում ԼԳԲՏ իրավունքները դարձան եվրոպականացման եւ արդիականության խորհրդանիշ: Ու եթե սկզբնապես այդ իրավունքները քողարկված էին բոհեմական բեմադրությունների ու կանացի «պուդրաների» տակ, ապա 1997-1998 թթ.-ին «Եվրատեսիլ»-ում ԼԳԲՏ իրավունքների քարոզը դարձավ «տեսանելի»:



Հենց այդ տարիներին մրցույթի կազմակերպիչներից շատերն սկսեցին «Եվրատեսիլ»-ն օգտագործել՝ բացահայտորեն պաշտպանելով ԼԳԲՏ հավասարությունը: Իհարկե, սա պիտի հանգեցներ մրցույթում ներառված մի շարք երկրների բացահայտ ու թաքուն դժգոհությանը: Դրանք հենց այն երկրներն էին, որտեղ «եվրոպական արժեհամակարգի» դեմ երկաթե վարագույրներ են՝ ի դեմս Ռուսաստանի, նախկին ԽՍՀՄ պետությունների, Թուրքիայի և դեպի «արևելք ձգտող» մի շարք երկրների համար:



Ավանտյուրիստական Իսլանդիան առաջինն էր, որ 1997-ին «Եվրատեսիլ»-ի բեմ հանեց մրցույթի պատմության առաջին գեյ-մարդուն՝ Պոլ Օսկարին: 1940 թվականին միասեռականությունն օրինականացրած Իսլանդիան 20-րդ դարի առաջին եվրոպական երկրներից էր, որը համարձակություն արեց առաջին քայլն անելու ու ներկայանալու որպես ԼԳԲՏ հավասարության եվրոպական առաջնորդ: Այդ քայլն այսօր Իսլանդիայի ազգային պատմության կարևորագույն մասն է:



Այս ամենը շարունակվեց նաև 2000-ականների սկզբին: Ռուսաստանը 2003-ի մրցույթին ներկայացավ «Tattoo» խմբով, որի անդամները դարձան մեդիապայքարի «զոհերից», քանի որ երկու երգչուհիները, ըստ ասեկոսեների, լեսբուհիներ էին: Սրանից զատ, մեդիաշահարկումների կենտրոնում մի հարց էր. արդյոք նրանք կփորձե՞ն համբուրվել բեմում, եւ արդյոք կազմակերպիչները թույլ կտա՞ն: Չմոռանանք, որ աղջիկները ներկայացնում էին պոստսովետական գերտերությունը:



Նման մի «դեպք» էլ դարասկզբին պայթեցրեց սերբական մեդիան: Պետություն, որը, ինչպես գրում են միջազգային ԶԼՄ-ները, ինքնության ու ինքնորոշման առումով երկու քարի արանքում է: Մի կողմից ձգտում եվրոպական արժեքներին, ժողովրդավարությանը, մյուս կողմից՝ դեպի արմատներն ու ավանդույթը: Սակայն 2000-ականների կեսերին, ըստ եվրոպական մամուլի որոշ հրապարակումների, փորձ արվեց Սերբիայի ազգային հեռուստատեսությամբ նպաստել «եվրոպական Սերբիայի» գաղափարի քարոզին:



Մրցույթի կազմակերպիչները եւ շատ երկրպագուներ, որոնք այցելել էին Բելգրադ, հույս ունեին, որ «Եվրատեսիլ»-ը կօգնի Սերբիայում ԼԳԲՏ հավասարության հարցին ուշադրություն հրավիրել: Այսպես՝ 2007 թվականին «Մոլիտվա» երգի հաղթանակը հուսադրեց կազմակերպիչներին. հաջորդ տարի մրցույթը տեղի ունեցավ հենց Սերբիայում:



Ու քանի դեռ տարիներն անցնում էին, եվրոպական տոլերանտությունն ընդլայնում էր աշխարհագրությունը: 2007 թվականին Ուկրաինան մրցույթին ուղարկեց Վերկա Սերդյուչկա բեմական անվամբ դրագ-քուինի, որը մրցույթում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:



Իսկ առաջին դրագ-քուինը մրցույթի պատմության մեջ եղել է Նորվեգիան 1986-ին ներկայացնող խմբի մենակատար Քեթին Սթոքերը՝ «Ռոմեո» երգով։ Նմանօրինակ համարձակ քայլ էլ դարավերջին կատարեց Իսրայելը, տարիներ անց էլ՝ 2007-ին, համարձակության հերթը Դանիայինն էր։



Իսկ եվրատեսիլյան պատմության մեջ ԼԳԲՏ համայնքն ամենաշատը հոլովվեց 2014 թվականին, երբ մրցույթում հաղթանակ տոնեց Ավստրիան ներկայացնող դրագ-քուին Կոնչիտա Վյուրստը: Նրա մասին հրապարակումները, մեդիաարշավներն ու մեդիասատարումներն ամենաշատն էին մրցույթի պատմության մեջ: Կոնչիտայի «ֆենոմենը» «սարսափեցրեց» նաև հայերին:



Հենց այստեղ էր, որ առաջին անգամ Հայաստանը «բախվեց» ԼԳԲՏ իրավունքների «պողպատե կապանքներին», երբ տոլերանտություն սիրող Ավստրիան մրցույթի քվեարկության ժամանակ Հայաստանին տվեց ամենաբարձր միավորը՝ 12 բալ, մինչդեռ Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ մրցույթ մեկնած «ազգային» ժյուրին և ոչ մի բալ ու «շանս» չտվեց՝ ԼԳԲՏ իրավունքներին ի պաշտպան: Ի դեպ, Հայաստանում հանդիսատեսի քվեարկությամբ Կոնչիտան բավականաչափ ձայներ էր հավաքել:



Այսօր արդեն եվրատեսիլյան հայաստանյան պատմության ուղին շրջել է փորձում Արսեն Գրիգորյանը՝ Կամիլի կերպարով: Ինչ խոսք, հանրության իղձերը՝ կապված այս մրցույթի հետ, ի դերև են լինում, երբ հեռուստաէկրաններին հայտնվում է հենց նա: Սա նվեր է Եվրոպային՝ ցույց տալու, որ «հոմոֆոբ» Հայաստանում փակ դռներ չկան դրագ-քուինների համար, որ «մշտնջենական հայկականը» եվրոպական բեմում դրոշ դարձնելը ձանձրացրել է նաև մեզ՝ հայերիս:



Իսկ եվրատեսիլյան աշխարհաքաղաքական սեկտորը միշտ էլ կդրսևորվի թե՛ մասնակից երկրների քվեարկությամբ, թե՛ երգերի բովանդակությամբ: Ու այս փաստը գալիս է կոտրելու մրցույթի կազմակերպիչների «ոսկե կանոնը», ասել է թե՝ «Քաղաքականությունը պաշտոնապես արգելված է «Եվրատեսիլ»-ում»:



«Եվրատեսիլ»-ը, անշուշտ, քաղաքական ու իրավական ահռելի նշանակություն ունեցող մրցույթ է, որին անլուրջ վերաբերվելը նույնն է, ինչ «պատռես ու դեն նետես այդքան փափագած Եվրաասոցացման համաձայնագիրը»:



**Վով Մուշեղյան**



**Հրապարակ մշակութային հավելված**