Մեկը գնում է, մյուսը՝ գալիս

Մեկը գնում է, մյուսը՝ գալիս
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հրայր Թովմասյանն արդեն մի քանի օր է՝ լռության ուխտ է արել․ նա մերժում է լրագրողներին։ Տեղեկություններ կան, որ հաջորդ շաբաթ նա կնշանակվի Սահմանադրական դատարանի անդամ, այդ պատճառով էլ որոշել է «վտանգավոր գոտուց» հեռու մնալ։ Մինչեւ վերջերս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարի «իրավահաջորդի» պաշտոնում քննարկվում էր Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը, որովհետեւ նույն հանձնաժողովի անդամ՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ասում են, ավելի մեծ ամբիցիաներ ունի, իսկ Արփինե Հովհաննիսյանին «պատիվ չի բերի» ԱԺ փոխխոսնակի պաշտոնին զուգահեռ նաեւ հանձնաժողով ղեկավարել, սակայն արդեն մի քանի օր է՝ քաղաքական կուլիսներում քննարկվում է Կորյուն Նահապետյանի անունը։



Նա այժմ ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարն է, սակայն ոչ միայն սույն հանձնաժողովի անդամ գեներալիտետի համար ընդունելի «նախագահ» չէ, քանի որ բանակում չի ծառայել, այլեւ նախարար Վիգեն Սարգսյանի հետ այնքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի։ Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն չի փայլում կադրերի առատությունից, եւ պաշտպանության հանձնաժողովում Նահապետյանին փոխարինող գտնելը հեշտ գործ չէ․ կա՛մ պետք է աղմկահարույց Միհրան Պողոսյանով փոխարինեն, կա՛մ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչով, կա՛մ Ֆելիքս Ցոլակյանով։ Մենք Նահապետյանին երեկ հարցրինք՝ ճի՞շտ է, որ գնում եք պետաիրավական, սակայն պատգամավորը զարմացած հետաքրքրվեց․ «Ո՞վ է ասում», պատասխանելով, որ ինքն իր տեղում, Հրայրն էլ իր՝ աշխատում են։ Հիշեցնենք, որ ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները պետք է դադարեցվեն՝ նրա 70-ամյակը լրացել էր դեռ 2017 թ․ հոկտեմբերի 15-ին, սակայն, քանի որ տարիքը լրանալու պահին մասնակցում էր երկու գործի դատաքննության, օրենքը թույլ է տալիս մինչեւ վեց ամիս երկարաձգել պաշտոնավարումը։



Ի դեպ, բազմիցս գրվել է, որ Թովմասյանը կզբաղեցնի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ: Գագիկ Հարությունյանն այս տարվա մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, եւ օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Սակայն նա էլ անգործ չի մնա՝ լուրեր կան, որ կդառնա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար, իսկ անդամների շարքում հնչում է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի անունը, որը բավականին մտերիմ է Գագիկ Հարությունյանի հետ եւ տեւական ժամանակ է՝ ՍԴ նախագահի խորհրդականն է։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**