Ռեյտինգայինի հարցում չորս հոգով հինգ երգ են երգում

Ռեյտինգայինի հարցում չորս հոգով հինգ երգ են երգում
ԲՀԿ-ականները, «խերված» վերջին խորհրդարանական ընտրություններից, որոշել են փոփոխություն մտցնել ՀՀ Ընտրական օրենսգրքում եւ հրաժարվել չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգից։ Բայց նրանց ներկայացրած նախագծին կառավարությունը նախորդ նիստերից մեկում բացասական եզրակացություն տվեց։ ԲՀԿ-ականները պնդում են, որ ռեյտինգայինը ոչնչով չի տարբերվում մեծամասնական համակարգից։ Ռեյտինգայինին հոգու խորքում դեմ են նաեւ ՀՀԿ-ական «գլադիատորները», որոնք միլիոններով փող ծախսեցին, նույն տարածքում մարտի ելան իրար դեմ, ու շատերն անգամ պարտվեցին՝ կյանքի գնով ապահովելով ՀՀԿ-ի հաղթանակը։ Նրանք այժմ իրենց օգտագործված են զգում, բայց չեն համարձակվում բացահայտ հայտարարել։



Արդարադատության նախարար, Ընտրական օրենսգրքի մանիպուլյացիոն հնարքների կնքահայր **Դավիթ Հարությունյանը**, սակայն, չի ընդունում «ռեյտինգային» ձեւակերպումը։ Նա կողմ է, որ դրան անվանենք «բաց ցուցակներով համամասնական համակարգ»։ Ավելին, կարծում է, որ սա շատ ժողովրդավարական ընտրական համակարգ է։ Առհասարակ, Դավիթ Հարությունյանը երբեմն ժողովրդավարության այնպիսի սանդղակ է սահմանում, որ երեւի միայն ինքն է հասկանում դրա արժեքը։



«Մի՛ ասեք ռեյտինգային, խնդրում եմ,- ուղղեց նա մեր զրույցի սկզբում ու շարունակեց։- Ինչ վերաբերում է նրան, որ շատերը քննադատելիս ասում են՝ սա ոչնչով չի տարբերվում մեծամասնական ընտրական համակարգից, նախ՝ էապես է տարբերվում, բայց դա չէ կարեւորը։ Կարեւորն այն է, որ մեծամասնական համակարգն ինքնին չի համարվում հակաժողովրդավարական։ Սակայն, մեր կարծիքով, պետք էր մեծամասնական համակարգից քայլ կատարել դեպի համամասնական, եւ մենք այդ քայլը կատարեցինք եւ օգտագործեցինք համամասնական համակարգի առավել արդյունավետ մոդելը, որը կոչվում է բաց ցուցակներով համամասնական մոդել»։



Զրուցեցինք նաեւ խորհրդարանական չորս ուժերի ներկայացուցիչների հետ։ Բայց նրանք տվեցին իրար հակասող, իրարամերժ պատասխաններ։ Կարճ ասած՝ չորս հոգով հինգ երգ էին երգում։ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական **Միքայել Մելքումյանն** ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում իրենք հետաձգել են այս նախագիծը երկու ամսով․ «Այն պայմանով, որ երկու ամսվա ընթացքում պետք է մշակվի մեր օրենքի բովանդակությանը համահունչ նախագիծ։ Եթե չլինի, մենք կշարունակենք։ Ոնց որ թե տարբեր քաղաքական ուժեր ուզում են միանալ»։



ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ խմբակցության ղեկավար **Արմեն Ռուստամյանն** էլ նախ հիշեցրեց, որ ռեյտինգայինին իրենք ի սկզբանե դեմ էին, իրենք կողմ են ոչ թե տարածքային, այլ անձերի ռեյտինգով պայմանավորված ընտրությանը երկրի ողջ տարածքով մեկ։ Դրա համար ունեն այլ փաթեթ եւ ուզում են, որ փաթեթով ներկայացվեն փոփոխությունները։ Հետեւաբար, ռեյտինգայինից հրաժարվելու այս նախաձեռնությանն էլ ՀՅԴ-ն, ինչպես հասկացանք, «ավանդույթի ուժով» կրկին կողմ ըլլալով դեմ կըլլա։ Ռուստամյանն ասաց, որ իրենք այս պահին ՀՀԿ-ի հետ են պատրաստվում մշակել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ։



Հստակեցրինք՝ աշխատո՞ւմ են հիմա նրա հետ, հնարավո՞ր է մոտ ապագայում համատեղ մշակված նախագիծ ներկայացնեն։ «Այո, մենք ուզում ենք միասին, համաձայնեցված, ավելի լիարժեք փոփոխությունների փաթեթ ներկայացնել»,- ասաց դաշնակցական պատգամավորը։



ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանը**, սակայն, տրամագծորեն հակառակն ասաց, որ որեւէ միտք չունեն նման նախագիծ մշակելու։ «Առայժմ էս փուլում, էս պահին մենք նման քննարկումներ չենք կազմակերպում, եւ Ընտրական օրենսգիրքը միշտ քննարկման առարկա է։ Ես ժամանակին միշտ կողմ եմ եղել մեծամասնական համակարգի գոյությանը։ Եվ այն իրավիճակը, որ կա մեր իրականության մեջ, ինձ թվում է, որ ռեյտինգային համակարգն անհրաժեշտություն է»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենք այս պահին փոփոխությունների անհրաժեշտություն չեն զգում։ Հիշեցնենք, որ ինքը՝ Բաղդասարյանը, հենց ռեյտինգայինով է ընտրվել, ընդ որում՝ այդ փուլում մամուլում բազում տեղեկություններ կային, թե ինչպես է նա գործի դրել Լոռվա մարզի իր բոլոր կապերը, ադմինիստրատիվ լծակները, անգամ՝ կրիմինալը։



Իսկ «Ելք»-ում էլ ընդհանրապես անորոշ վիճակ է․ նրանք չգիտեն ինչին են կողմ, ինչին՝ դեմ։ **Արտակ Զեյնալյանը** նախընտրեց իր խմբակցության դիրքորոշումը փոխանցելու փոխարեն մեզ փոխանցել իր զգացողությունները․ «Տեսակետը, որ հնչել է, թե ընտրություններն ապաքաղաքականացվել են, կիսում եմ։ Որ պետք է միջոցներ ձեռնարկել դա շտկելու ուղղությամբ, համաձայն եմ։ Հիմա խնդիրը հետեւյալն է՝ ինչպե՞ս է դա հարկավոր անել։ Խնդիրը պետք է քննարկման առարկա դառնա, անշուշտ, պետք է առաջարկվեն լուծումներ, թե արդյոք ամբողջությամբ համամասնականին անցնելն ապահովո՞ւմ է ամբողջական ժողովրդավարությունը, թե՞ ոչ։ Գուցե պետք է Հայաստանը դարձնել մեկ ընտրատարա՞ծք»։ Իսկ բացի իր անձնական զգացողություններից՝ «Ելքի» դիրքորոշումից ի՞նչ կարող է հայտնել, ի՞նչ վերաբերմունք ունի իր ներկայացրած քաղաքական ուժն այս հարցում։ Զեյնալյանն ասաց, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել այս հարցը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**