Բագրատ Եսայանին չեն հաստատում իր պաշտոնում

Բագրատ Եսայանին չեն հաստատում իր պաշտոնում
Մոտ երկու տարի է, ինչ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն է, որը ոչ հեռավոր անցյալում ԿԳ փոխնախարար էր։ Շուտով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մրցույթ կհայտարարի տնօրենի ընտրության համար, սակայն մեծ է հավանականությունը, որ Եսայանը չի դառնա հիմնադրամի տնօրեն։



Նրա թեկնածությունը, մեր տեղեկություններով, ընդունելի չէ ծրագիրն իրականացնող կազմակերպության համար, ինչով պայմանավորված էլ՝ անընդհատ ձգձգվել է այս հիմնադրամի տնօրենի ընտրությունը։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, հիշեցնենք, Հայաստանում գործում է 2010 թվականից, ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են անվճար սնունդ: Սկզբում Պարենի համաշխարհային ծրագիրը հանձն է առել երեք մարզի դպրոցականների սննդով ապահովումը, 2017-ին եւս մեկն է ավելացել, իսկ այս տարվանից սկսած՝ 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիր կիրագործվի, մյուս հինգում կառավարությունն է սննդի հարցերը լուծելու պարտավորություն ստանձնել։ Իբրեւ դոնոր երկիր՝ հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչեւ 2018թ. կկազմի 35,61 մլն դոլար: Երկու տարի առաջ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, հիմնավորումը հետեւյալն էր՝ ծրագրի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։ Մեկ տարի անց ձեւավորվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում են ԿԳ նախարարը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,

վարչապետի խորհրդական Գ․ Մուրադյանը, առողջապահության, գյուղատնտեսության եւ կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դ. Մարյասին, ներկայացուցիչներ ՀՕՖ-ից, «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության հայաստանյան գրասենյակից եւ այլ կազմակերպություններից։



«Հիմնադրամների մասին» օրենքը նախատեսում է, որ հոգաբարձուների խորհուրդն է ընտրում հիմնադրամի ղեկավարին՝ սահմանված կարգի համաձայն։ Ինքը՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար **Բագրատ Եսայանն** էլ մեզ տեղեկացրեց հիմնադրամի տնօրենի ընտրության համար սահմանված կարգը․ «Հայտարարվում է մրցույթ, ցանկություն ունեցողները ներկայացնում են հայտեր, որից հետո խորհուրդը նշանակում է տնօրենին»։ Եսայանն ասաց նաեւ, որ ինքն անձամբ դեռ չի որոշել՝ հայտ ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ․ «Երբ որ մրցույթը հայտարարվի, նոր կորոշեմ»։



Հիշեցմանը, որ տեւական ժամանակ է, ինչ ինքը հիմնադրամի տնօրենի ԺՊ է, ի՞նչը կարող է իրեն հետ պահել առաջադրումից, պատասխանեց․ «Կհայտարարվի մրցույթը, կտեսնենք՝ ինչ պայմաններ են, նոր այն ժամանակ վերջնական որոշում կկայացնենք»։ Իսկ գուցե հիմնավորվա՞ծ են տեղեկությունները, որ ինչ-ինչ շրջանակներ ոգեւորված չեն իր թեկնածությամբ, դրանով էլ պայմանավորված է իր չկողմնորոշված վիճակը։ «Եթե կան նման շրջանակներ, ուրեմն Ձեր հարցով իրենց պետք է դիմել»։ Իսկ ինչո՞ւ մոտ երկու տարի հոգաբարձուների խորհուրդը տնօրենի ընտրության մրցույթ չի հայտարարել։ Պարոն Եսայանը պատասխանեց․ «Կազմակերպական աշխատանքներ էին ընթանում, ֆինանսավորման խնդիր պետք է կարգավորվեր, համաձայնագրեր էին կնքվում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ։ Բոլոր այս հարցերը պետք է լուծվեին, ինչպես նաեւ, երբ արդեն կվավերացվեր առաջիկա աշխատանքային պլանը, ֆինանսավորումը հաստատվեր, նոր արդեն պետք է մրցույթ հայտարարվեր։ Այս ամենը եղել է, եւ առաջիկայում, հավանաբար՝ փետրվար ամսվա ընթացքում, կհայտարարվի մրցույթ»։



Կրթության նախարարության իրավաբանական վարչության պետ **Լ․ Գրիգորյանը** մեզ հայտնեց․ «Հիմնադրամների մասին օրենքը ոչ մի ժամկետ չի նախատեսում, հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենք են ընտրում, թե երբ անցկացնել մրցույթը»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**