Մի փոքրիկ գաղտնիք

Մի փոքրիկ գաղտնիք
Երբ «ձիու վրա ես»՝ պաշտոնի, թվում է, թե քեզ սիրում են քո արժանիքների համար։ Բայց երբ «իջնում ես ձիուց», տեսնում ես, որ այնքա՜ն քիչ են քեզ սիրողները։



Նոր չէ այս ամենը, բայց երբ պաշտոնի ես, թվում է, թե դու բացառություն ես, այդ ամենը քեզ չի վերաբերվում։ Այն մարդիկ, որոնց բարձրացրել ես, չեն կարող մոռանալ արածդ, ու միշտ էլ, անկախ ամեն ինչից, քո կողքին կլինեն։



Ցավոք դա այդպես չէ ու կվկայեն այն մարդիկ , ովքեր պաշտոններ են զբաղեցրել ու իրենց շրջապատել մարդկանցով, ովքեր ժամանակին նրանց զրահ են թվացել, թև ու թիկունք։



Մտորումներիս առիթը Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան շնորհակալագրի տակ գրված մի փոքրիկ գրառում է․



[Hovik Abrahamyan](https://www.facebook.com/Hovik-Abrahamyan-203473279674265/?hc_ref=ARScT39-Acty5WgGq7wJar6Pfq5nqXVJItTFtFbaW2fpPeGsyqrN0eDda662F7Rk-Cc&fref=nf)



[26 January at 00:32](https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1747096671978577&id=203473279674265) ·



Ծննդյանս 60-ամյակի կապակցությամբ ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Շնորհակալ եմ ուշադրության, ջերմ խոսքերի և նվիրական մաղթանքների համար:



[Mkrtich Grigoryan](https://www.facebook.com/mkrtich.grigoryan.315?fref=ufi&rc=p)



Բա տեսնում եք ինչքան լավ բան է պաշտոն չունենալը, հանգիստ խղճով ստանում եք այն մարդկանց բարեմաղթանքները, ովքեր պարզապես հարգում են Ձեզ, ոչ թե քծնում պաշտոնի ահից։



Թվում է աննշան գրառում է, բայց այն լուրջ մտորելու տեղիք է տալիս։ Մեր բարձրաստիճանները գիտե՞ն, որ իրենք էլ անցնելու են նույն ճանապարհը և այդ ճանապարհը վերանորոգման կարիք ունի։



Մի փոքրիկ գաղտնիք, որ բոլորը տեսականորեն գիտեն, բայց հասկանում են գործնական ճանապարհ անցնելուց հետո։ Կոնկրետ նախկին վարչապետի դեպքում շատերը դեռևս հույս են փայփայում, որ նա կվերադառնա, ու դա ստիպում է, որ վերջնականապես չհեռանան․․․



ՀԳ Պաշտոնը թողնելուց հետո մնում ես քեզ սիրողների, հարգողների հետ։



Հասմիկ Բաբաջանյան