Էն ժամանակ Արմեն Սարգսյանն իրեն էդքան էլ լավ չէր զգում՝ առանց անուններ տալու

Էն ժամանակ Արմեն Սարգսյանն իրեն էդքան էլ լավ չէր զգում՝ առանց անուններ տալու
Մոտ 150 հազարանոց ՀՀԿ-ում չկա՞ր Սերժ Սարգսյանի մատնանշած պարամետրերով գեթ մեկը, որ կարող էր դառնալ Հայաստանի չորրորդ նախագահը (անշուշտ, նախ կասեցնելով կուսակցական պատկանելությունը)՝ երեկ հարցրինք ՀՀԿ-ի հին գվարդիայի վերջին մոհիկաններից մեկին՝ նախկին պատգամավոր **Վազգեն Կարախանյանին**։ «Այդպես գռեհիկ կլիներ»,- պատասխանեց նախկին պատգամավորն ու պատկերավոր հիմնավորեց․ «Հիմա եթե Աշոտյան Արմենի կուսակցականությունը կասեցնեն, նրա մազերը հո չե՞ն աճելու, ինքը, պարզ ա, չէ՞, որ ճանապարհի վրա է»։



**- Պարոն Կարախանյան, ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը ՀՀԿ խորհրդում քննարկվել է մինչ ա՞յն, երբ Սերժ Սարգսյանը կհրապարակեր նրա անունը որպես ՀՀԿ-ի թեկնածուի, թե՞ ավելի ուշ։**



Դե, խորհուրդը ներկայացուցչական մարմին է, հիմա գործադիրում ամեն հարց լուծում են, ու վերջանում է։



**- ՀՀԿ խորհուրդը համարվում է ձեր կուսակցության կորիզը, եթե մի քանի տասնյակ մարդու հետ էլ չի քննարկվում որեւէ հարց, հատկապես ՀՀ հաջորդ նախագահի հարցը, ինչո՞ւ է պետք պահել այդ խումբը։**



Իհարկե, խորհրդի հետ չի քննարկվել, բայց կանոնադրության տառին ու ոգուն սխալ բան էլ թույլ չեն տվել, որովհետեւ վերջին համագումարի ժամանակ կանոնադրական փոփոխություններով որոշումներ կայացնելու գործը վերապահվեց Գործադիր մարմնին։



**- Իսկ մարդկային, բարոյական, ժողովրդավարության տեսանկյունից նորմա՞լ է, որ մեկ հոգի է որոշում կայացնում, կուսակցական շարքերը լրատվամիջոցներից են իմանում, որ իրենց թեկնածուն տվյալ անձն է։**



Ես էլի պետք է հղում անեմ կանոնադրությանը, որ դա թույլ է տալիս ԳՄ-ին, իսկ եթե Ձեր ասած բարոյական…, ապա քաղաքականության մեջ այդ տերմինները չեն օգտագործվում։



**- Բարոյակա՞ն…**



Նկատի ունեմ՝ այո։



**- Հիմա Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի՞ թեկնածուն է, թե՞ Սերժ Սարգսյանի ու ԳՄ-ի։**



Հարցը մի քանի թեքություններով տալուց չի փոխվում պատասխանը, ես կարծում եմ՝ այո, դե ֆակտո մեր թեկնածուն ներկայացված է, ուրիշ բան է… ոչ միայն խորհուրդն է խնդիրը, ես ինչքան հիշում եմ, Հանրապետականը 150 հազարանոց կուսակցություն է, ես կարծում եմ, որ մեր շարքերում էլ չի քննարկվել, բայց մինչեւ այդ, համագումարի ժամանակ կանոնադրական փոփոխություններով հնարավորությունը եւ իրավունքը տրվել է ԳՄ-ին։



**- Իսկ մի՞շտ է կուսակցությունում այդ ավանդույթը գործել, որ մի հոգի որոշել է, մյուսները լուռ համաձայնություն են տվել։**



Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ մերօրյա ժամանակներում որոշ բաներ փոխվել են։ Դե, հիմա ԳՄ-ում մարդիկ են հավաքված, այնտեղ կան նաեւ հին հանրապետականներ, նաեւ ԱՄԿ-ից եկած մարդիկ, եթե իրենց սրտով չլիներ, ես կարծում եմ՝ իրենք ձայն պետք է բարձրացնեին։ Եթե այդ ամեն ինչը լռելյայն ընդունվել է, ուրեմն բոլորն էլ համաձայն են, որ Արմեն Սարգսյանը լինի նախագահը։



**- Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Արմեն Սարգսյանին։**



Ես չեմ կարող ասել, թե այս տարիներին Արմեն Սարգսյանը որտեղ է եղել, ինչ ստորգետնյա կամ վերգետնյա կառույցների անդամ է եղել, ես չեմ կարող ասել, անկեղծ եմ ասում, որովհետեւ ես մտածում եմ, որ Լոնդոնում ապրող հարուստ մարդը չի կարող զերծ մնալ թեկուզ մասոնական որեւէ օթյակին չանդամագրվելուց։ Ես ենթադրում եմ ու մտածում, որ չէին կարող այդ ամենին նստել եւ նայել կողքից։ Ինքը վերջին տարիներին նաեւ դեսպան է, եւ կարծում եմ, որ մասոնական թեւը, եւ ոչ միայն, իր վրա որոշակի ազդեցություն ունի կամ աշխատանքներ տանում է։ Գիտեք՝ աշխարհում այսօր խառնակ ժամանակներ են, սրանք են մեր մոլորակի շարժիչ ուժերը։ Իհարկե, այս հարցերն ինձ մտահոգում են, եւ ես հույս ունեմ, որ մոտ ժամանակներս այդ խոսակցությունները կբացվեն։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է լսենք։ Ես չեմ պնդում, որ այդպես է, բայց կասկածներ կան։



**- Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը նման թեկնածուի առաջարկեր գալ ու զբաղեցնել նախագահի պաշտոնը։**



Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն իր այսօրվա քաղաքականության մեջ բավականին լուրջ քայլեր է կատարում, եւ նա ընտրել է թեկնածուի, որն ընդունելի կլինի Արեւմուտքի կողմից հովանավորվող որոշակի ուժերի, որոնք ընդդիմություն են կոչվում, բայց, ցավոք սրտի, իրականում այդպիսին չեն։ Ինձ հարցնում են՝ դուք տեսնո՞ւմ եք ապագա վարչապետ մեկ ուրիշին՝ Սերժ Սարգսյանից բացի, ես ասում եմ՝ ոչ, ո՛չ ՀՀԿ-ում եմ տեսնում, առավել եւս ընդդիմադիր դաշտից չեմ տեսնում՝ հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիքային խնդիրը կամ պասիվությունը եւ այլն։



**- Եթե Ձեր կասկածներն Արմեն Սարգսյանի հարցում հիմնավոր լինեն, չե՞ք կարծում, որ ձեր կուսակցությունը վտանգի տակ է դնելու Հայաստանը։**



Ես կարծում եմ՝ նախագահը բան չի կարող անել՝ հաշվի առնելով մեր ազգային անվտանգության մարմինները, վարչապետը եւ այլն… իհարկե, պահ կարող է գալ, որ կարողանա՝ հաշվի առնելով ընդդիմադիրների, ամբոխավար մարդկանց հետ համագործակցելով ձայն բարձրացնել, թե սահմանադրական կարգը խախտվել է։



**- Դուք ՀՀԿ խորհրդի ներկայացուցիչ եք, եթե ամփոփեք՝ նախագահի թեկնածուն Ձեր սրտո՞վ է, թե՞ ոչ։**



Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ կա նաեւ անձնական բան, որը խանգարում է ինձ լիարժեք կարծիք հայտնել, խոսքը տարիներ առաջվա մեր ոչ հաճելի զրույցի մասին է։ Երբ Արմեն Սարգսյանը վարչապետ էր նշանակվել, Լոնդոնից եկավ մորաքրոջս տղան ու պետք է ինչ-որ բան փոխանցեր վարչապետին, ես էլ գնացի, եւ մեր մեջ զրույց եղավ, որն ինձ այնքան էլ հաճելի տպավորություններ չտվեց… Այն ժամանակ Արմեն Սարգսյանը բավականին մինիատյուրնի տղա էր, բավականին համեստ մարդու տպավորություն թողեց, բայց իմ մոտ միշտ հարց էր առաջանում՝ ինչի՞ իրեն բերեցին, ո՞վ բերեց, ո՞վ տվեց այդ հրահանգը…



**- Իսկ ի՞նչ զրույց էր, որից այդքան տպավորված եք մինչ օրս։**



Անձնական զրույց էր, չեմ ուզում մանրամասնել… ինքն ուղղակի մի քիչ լիբերալ, ազատական հարաբերություններից ու մտքերից կոնկրետ հայկական միջավայրի մեջ էր ընկել էդ մարդը եւ իրեն էդքան էլ լավ չէր զգում, առանց անուններ տալու… Բայց եթե երկրի գործող նախագան գտել է իրեն հարմար, երեւի մի բան գիտի, որ գտել է։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**