Արմեն Սարգսյանն ընդունեց, որ օլիգարխներին չափից շատ ազատություն է տրված

Արմեն Սարգսյանն ընդունեց, որ օլիգարխներին չափից շատ ազատություն է տրված
ԳԱԱ-ում ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նախաձեռնած նախօրեի հանդիպումից հետ զրուցեցինք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս **Լենսեր Աղալովյանի** հետ։Նա մեզ վստահեցրեց, որ քննարկումը ոչ այնքան երկխոսության ֆորմատով է ընթացել, որքան մտահոգող հարցերի ու խնդիրների մասին բարձրաձայնել են գիտության ասպարեզի ներկայացուցիչները։



**- Արմեն Սարգսյանը չասա՞ց ձեզ՝ ընդունելո՞ւ է ՀՀԿ-ի առաջարկը, թե՞ հնարավոր է մերժի։**



Ոչ, նա մեզ նման բան չասաց, բայց մենք շատ ուրախ ենք, որ թեկնածուն կարեւորել էր ակադեմիայի դերը։ Ինքը ոչ թե որպես մտավորական, այլ որպես հայ մարդ՝ կարեւորում է գիտության դերը։



**- Իսկ գործող իշխանությունը չի՞ կարեւորում։**



Իշխանության մեջ ոչ բոլորն են այդպես տրամադրված։ Այն փաստը, որ երկու ամիս առաջ տարվում էր աշխատանք, որ ակադեմիայի շենքը վաճառվի, արդեն իսկ խոսում է, որ կան ուժեր, որ չեն ցանկանում, որ Հայաստանը լինի գիտատար պետություն։ Ես կարծում եմ, որ կանխվեց գործընթացը։



**- Իսկ ո՞վ էր ուզում վաճառել եւ ինչո՞ւ։**



Անձ դժվար է ասել, բայց նույնիսկ քաղաքապետարանից, այլ տեղերից էին գալիս, արդեն գին էր որոշված՝ 20 մլն դոլար, այդ մասին խոսակցություն գնաց ԳԱԱ-ի տարեկան ժողովում, եւ հատկապես լավ ելույթ ունեցավ Հենրիկ Հովհաննիսյանը, եւ մեզ թվում է, որ կանխվել է։



**- Իսկ ինչո՞ւ էին ուզում վաճառել։**



Այն մտայնությունը, որ մեզ ակադեմիան էլ պետք չէ, որ գնում էր 1990-ականների սկզբներից, թե գիտությունը պետք է զարգանա միայն համալսարաններում, բուհերին պետք է կցել ինստիտուտները, բայց քանի որ կա Վրաստանի օրինակը, որ այսօր ունեն համաշխարհային մեծության մաթեմատիկական դպրոց։



**- Վերադառնալով նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը, ի՞նչ խոստումներ տվեց նա, ինչպե՞ս է պատրաստվում աշխատել Հայաստանում։ Դուք, օրինակ, հարց տվե՞լ եք կամ ելույթ ունեցե՞լ եք։**



Արմեն Սարգսյանն ասաց, որ իր նպատակներից մեկն է հայության բոլոր ուժերը միաբանել, որպեսզի մենք դուրս գանք այս ծանր վիճակից։ Հարցեր ուղղվեցին հատկապես գաղթի հետ կապված, այդ խնդիրը շատ սուր դրվեց, այդ հարցը ես արծարծեցի, ինչպես նաեւ Պատմության ինստիտուտի տնօրենը տվեց։



**- Հետաքրքրվում էիք, թե կարողանալո՞ւ է կանխել արտագաղթը։**



Դե, քայլերի մասին ինքը չէր խոսում, ասում էր, որ ես դեռ նախագահ չեմ, ինքը հիմնականում լսողի դերում էր, ասում էր, որ, այո, թերություններ կան, բայց երբ ես համաձայնությունս տամ, ընտրվեմ, նոր այն ժամանակ էլ կխոսենք քայլերի մասին։



**- Իսկ Դուք ի՞նչ տպավորություն ունեք, Արմեն Սարգսյանը կկարողանա՞ այս իշխանություններին հակակշիռ լինել, չէ՞ որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին է աննախադեպ արտագաղթ գրանցվել։**



Դե ինչո՞ւ մենակ Հանրապետականի, վերջին տարիներին շատ են արտագաղթել։



**- Նկատի ունեմ, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու է, կարողանալո՞ւ է ինքնուրույն քայլեր անել։**



Գիտեք, պետք է հոգեբանություն փոխել նաեւ։ Բացի աշխատատեղեր ստեղծելուց, պետք է նաեւ արդարության սկզբունք ի վերջո դնել։ Օրինակ՝ հարց բարձրացվեց, որ օլիգարխներին չափից շատ ազատություն է տրված, եւ նրանք ոչ թե մտածում են Հայաստանի տնտեսության, ապագայի մասին, այլ ամեն մեկը մի խոշոր առեւտրի կենտրոն է ստեղծում, մինչդեռ կարող է արդյունաբերության որեւէ ճյուղ զարգացնել եւ այլն։



**- Իսկ այդ հարցադրումների հետ Արմեն Սարգսյանը համաձա՞յն էր։**



Այո, իհարկե, ասաց նաեւ, որ ամեն մի պետություն պետք է ունենա իր մագիստրալային ուղղվածությունը։



**- Իսկ, Ձեր կարծիքով, Արմեն Սարգսյանը կարո՞ղ է Սերժ Սարգսյանի իշխանության ներսում ինքնուրույն գործունեություն իրականացնել, նույնիսկ եթե, Ձեր պատմելով, ընդունում է այս կամ այն խնդիրը։**



Գիտեք, էդ մարդն ունի ամեն ինչ եւ այդ ամենն ստացել է իր ուժերով, հարուստ որեւէ մեկին չի ունեցել, հայր, բարեկամներ, ինչի հասել է, հասել է իր ունակություններով, իսկ դա բավականին տպավորիչ է։



**- Ինչպես գիտեք, Սերժ Սարգսյանը պատրաստվում է վարչապետ դառնալ, իսկ նոր Սահմանադրությունը լայն լիազորություններ չի վերապահում ՀՀ նախագահին, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ պիտի Արմեն Սարգսյանը, այդքան բան ունենալով, գա աշխատի եւ, առհասարակ՝ կկարողանա՞ հանրօգուտ աշխատել**։



Ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը լավ թիմ է ձեւավորում, պատահական չպետք է համարել գործող վարչապետին բերելը, դա նոր սերունդ է, եւ ինքը տեսնում է, որ հանրապետությունը պետք է տալ լավ սերնդի ձեռքերում։ Ես գործող նախագահին պատեհ առիթներով ասել եմ, որ ես բաժանում եմ իր տեսակետն արտաքին հարաբերությունների հարցերով, ես սխալ չեմ տեսնում, եւ դա շատ կարեւոր է, այս բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվում է, բայց ներքին ոլորտներում մեծ բացեր կան։ Այսօր մենք միայն տուրիզմով ու սննդի արդյունաբերությունը զարգացնելով չենք կարող ապրել։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**