Ժիրայր Սեֆիլյանն ազա՞տ կարձակվի

Ժիրայր Սեֆիլյանն ազա՞տ կարձակվի
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց, որպեսզի փոխվի իր պաշտպանյալի խափանման միջոցը։ «Ժիրայր Սեֆիլյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են, և նա չի կարող ազդել գործող վկաների և տուժողների վրա, ուստի դատարանը պետք է փոխի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը։ Իսկ այն մերժելու դեպքում պետք է կիրառվի գրավ»։



Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել գործի քննությանը, չներկայանալ դատաքննությանը։



Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։



Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:



Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։



**Աննա Պապիկյան**