Մրցույթում հաղթել է մշակույթի նախարարի դուստրը

Մրցույթում հաղթել է մշակույթի նախարարի դուստրը
Հունվարի 24-ին Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել են 30-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները եւ ամփոփվել են տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները։ 2017թ. դեկտեմբերի 10-31-ը հայտարարված՝ Շարժման 30-ամյակին նվիրված լոգոյի մրցույթին ներկայացվել է 26 հայտ, հանձնաժողովին է ուղարկվել 77 տարբերանշանի էսքիզ: Քննարկման ընթացքում հաղթող են ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը եւ Արմեն Ղուկասյանի նախագիծը՝ պաստառների համար: Գլխավոր հաղթողը՝ Նինա Շահվերդյանը, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար, ՀՅԴ-ական Սերգեյ Շահվերդյանի դուստրն է։ Շահվերդյանն էլ եղել է հանձնաժողովի կազմում, եւ «երջանիկ պատահականությամբ» հաղթել է հենց նրա դուստրը։ Մենք տեղեկացանք, որ մրցույթի հաղթողները նաեւ դրամական պարգեւ են ստանալու՝ նախատեսվել է 250 հազար դրամ պարգեւավճար, որը բաժանվելու է երկու հաղթողների միջեւ։



Նախարարի օգնական **Կարո Թովմասյանը** նախարարի դստեր հաղթող ճանաչվելու հանգամանքը փորձեց այսպես բացատրել․ «Ճիշտն ասած՝ էդ լոգոները հավաքագրողը ես էի, ես էի հավաքում եւ ուղարկում, ու առանց ինչ-որ անունի, առանց ինչ-որ մի հասցեի կամ հեռախոսահամարի բոլորը հավաքագրեցինք եւ համարակալված ուղարկեցինք Ազգային ժողով։ Հանձնաժողովն էլ համարակալված ընտրեց, հետո արդեն ես ասացի, թե հաղթողն ով է։ Իրենք չէին իմանում, թե ով է էդ լոգոյի հեղինակը, հետո, որ իրենք ընտրեցին հաղթողին, ես արդեն ասացի ով է»։



Ինչ խոսք, շատ «արդար» տարբերակով է անցկացվել մրցույթը, երբ անգամ հաղթողի հայրը չէր կարող ճանաչել իր դստեր աշխատանքը եւ անաչառ որոշում կայացնել։ Իսկ Նինա Շահվերդյանն ի՞նչ կրթություն ունի, նկարչական, դիզայներական ձիրք ունի՞։ Նախարարի օգնականն ասաց, որ տեղյակ չէ։ Նախարարի մամուլի խոսնակ **Նարե Նիկողոսյանն** էլ իր կողմից փորձեց փարատել մեր զարմանքը, թե ինչպես է ստացվել, որ 26 հոգուց հենց նախարարի դուստրն է հաղթել։ «Ես հասկանում եմ, որ կարող եք ենթատեքստ տեսնել, դա շատ նորմալ է, բայց էդտեղ պարզապես խրախուսված է եղել բոլորի մասնակցությունը, ինքն էլ մասնակցել է, ու հանձնաժողովն ընտրել է հենց դա»,- ասաց խոսնակը։



Ի դեպ, նա սկզբում ասաց, որ հաղթողները հրաժարվել են դրամական պարգեւից։ Երբ հարցրինք, թե այդ դեպքում ինչ է լինելու պարգեւը, ում է տրվելու, Նարե Նիկողոսյանն ասաց, որ պետք է ճշտի, նոր ասի։ Քիչ անց ճշտեց ու ասաց, որ իրականում չկա նման բան՝ դրամական պարգեւից որեւէ մեկը չի հրաժարվել։ «Այսօր այդ հաղթողներին ընդունելու է պետական հանձնաժողովը եւ դրամական մրցանակը տալու է իրենց։ Թե իրենք ինչ կանեն արդեն՝ կվերցնեն, կհրաժարվեն, թե ինչ կանեն, դրա մասին դեռ մենք չգիտենք»,- ասաց նա։



Շատ դեմոկրատական երկիր է Արցախի Հանրապետությունը՝ մշակույթի նախարարությունը մրցույթ է անցկացնում, ԱԺ նախագահը մրցույթի նախագահ է կարգվում, հաղթողն էլ ոչ թե պատահական մարդ է, այլ նախարարի դուստրը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**