Կառավարման նոր մոդել, ամեն ինչ «կարվել» է Սերժ Սարգսյանի «հագով»

Կառավարման նոր մոդել, ամեն ինչ «կարվել» է Սերժ Սարգսյանի «հագով»
Չնայած սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանը հրապարակային խոստում տվեց, որ այլեւս չի ստանձնի երկրի ղեկավար պաշտոնը, սակայն այլեւս կասկած չկա, որ հենց ինքն է դառնալու ՀՀ ապագա վարչապետը, որը նոր Սահմանադրությամբ երկրի թիվ 1 պաշտոնյան է լինելու, չնայած Սահմանադրությունը սահմանում է, որ պետության «գլուխը» ՀՀ նախագահն է։



Երեկ հրապարակել են Սահմանադրությունից բխող մի շարք օրենքներ, որոնցից պարզ է դառնում, որ պառլամենտական կառավարման համակարգում, ի հակադրություն այդ մոդելի դասական օրինակների, իշխանությունն առավելապես կենտրոնացված կլինի մեկ մարդու ձեռքում՝ վարչապետի։ Մինչդեռ Սահմանադրության փոփոխությունները հիմնավորելիս, նույն կենտրոնից հնչած հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը տանում էին դեպի կոլեգիալ կառավարում, որպեսզի իշխանությունը գերկենտրոնացված չլինի մեկ մարդու ձեռքում։ Ստացվում է, որ եթե նախկին մոդելի պարագայում նախագահի ձեռքում էր կենտրոնացված իշխանությունը, ապա խորհրդարանական մոդելում նույն լիազորություններով է օժտված լինելու վարչապետը։ Հիշեցնենք, որ ապրիլից, երբ ավարտվեն ՀՀ նախագահի լիազորությունները, Հայաստանն ամբողջովին անցում կկատարի խորհրդարանական համակարգին, իսկ մինչ այդ օրենսդրական համապատասխանություն պետք է իրականացվի։



Արդարադատության նախարարությունը երեկ հրապարակեց նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծերը, որոնք հստակ պատկերացում են տալիս ոչ միայն կառավարման ապագա մոդելի, այլեւ այն մասին, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու եւ լիազորությունների ինչ շրջանակ է ունենալու ապրիլից հետո։ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծից պարզ է դառնում, որ ապրիլին ձեւավորվելիք նոր կառավարությունն ունենալու է վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ եւ նախարարներ: Բնականաբար՝ առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրությունը կառավարությանն առընթեր մարմիններ չի նախատեսում, դրանք պետք է անցնեն կա՛մ կառավարության, կա՛մ որեւէ նախարարության ենթակայության տակ։ Առընթեր մարմիններն 8-ն են՝ ԱԱԾ, ոստիկանություն, անշարժ գույքի կադաստրի կոմիտե, պետգույքի կառավարման վարչություն, ՊԵԿ, քաղաքաշինության, քաղավիացիայի, կոմիտեներ, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծով ուժայինները կանցնեն վարչապետի ենթակայության ներքո: Վարչապետին ենթակա մարմիններն են լինելու ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունը, պետական վերահսկողական ծառայությունը: Վերջինը կփոխարինի նախագահի եւ վարչապետի վերահսկողականներին, թերեւս՝ ղեկավար կնշանակվի նախագահի վերահսկողականի պետ Հովհաննես Հովսեփյանը։



Իսկ կառավարության ենթակայության ներքո կանցնեն ՊԵԿ-ը, քաղաքաշինության, վիճակագրական, միջուկային անվտանգության կոմիտեները, առողջապահական, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության, բնապահպանական եւ ընդերքի, գյուղատնտեսական տեխնիկայի, էներգետիկայի, կրթության, շուկայի վերահսկողության եւ տրանսպորտի տեսչական մարմինները: Նախարարությունների ենթակայությանն են անցնում հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիոն ծառայությունները, որոնք արդարադատության նախարարությանը կենթարկվեն։ Սննդամթերքի անվտանգության, սոցիալական ապահովության, պետական արարողակարգի, միգրացիոն ծառայությունները, ջրային կոմիտեն, փրկարար ծառայությունը, գիտության, քաղավիացիայի, զբոսաշրջության, ռազմարդյունաբերական, կադաստրի, պետգույքի կառավարման, բարձրագույն որակավորման, անտառային եւ լեզվի կոմիտեները համապատասխանաբար կընդգրկվեն գյուղատնտեսության, սոցապ, առողջապահության, կրթության, էկոնոմիկայի նախարարությունների, ԱԻՆ-ի կազմում։ Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարներին կնշանակի վարչապետը։ Վարչապետին, նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարին եւս նշանակում եւ ազատում է վարչապետը։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ ԱԱԽ-ն նույնպես ղեկավարում է վարչապետը, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը փաստացի կստանձնի պետության ղեկավարումը, իսկ տնտեսական, ֆինանսական բլոկի պատասխանատվությունը կստանձնեն Կարեն Կարապետյանը եւ այլ անձինք, որոնց կարող է «զոհաբերել» ձախողումների ժամանակ։



«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը մշակել է ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը, այն պետք է դեռ ներկայացվի ԱԺ դատին։ Հիմնադրամի ղեկավար Տիգրան Մարկոսյանից փորձեցինք պարզել, թե ինչ սկզբունքով է այն մշակվել, եւ արդյոք պետական ապարատի կառավարման գերկենտրոնացում չի՞ ստացվում։ Մարկոսյանը «փարատեց» մեր կասկածները՝ Սահմանադրությամբ վարչապետն է համարվում կառավարության ղեկավարը, 152 հոդվածի համաձայն՝ որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները եւ համակարգում կառավարության աշխատակիցների գործունեությունը․



«Պետական կառավարման համակարգի մարմինների տարանջատումն ու ենթակայությունը որոշվել է՝ նրանց ուղղվածությունը հաշվի առնելով։ Մենք այնտեղ բնորոշում ունենք, թե որ մարմինը, իր ուղղվածությունից ելնելով, ինչ ուղղվածության հարցադրում է լուծում, ինչպես նաեւ հաշվի է առնվել օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը։ Այսինքն՝ եթե մենք ունենք որոշակի հարցի արագ արձագանքման խնդիր, ապա կոլեգիալ կառավարման դեպքում ավելի ուշ կարձագանքի, քան միանձնյա կառավարման դեպքում։ Թեպետ, եթե ուշադիր նայում ենք, ղեկավար մարմնի հետ կապված որոշակի հարաբերություններ են միայն, իսկ կարգավորումներն իրականում լինում են տվյալ մարմնի ներսում։ Ենթակայության ասպեկտը պետք չէ շատ բացարձակացնել, երբ մենք ունենք հետեւյալը՝ միայն կանոնադրություն, աշխատողների թվաքանակ, մնացած հարցադրումները տվյալ կառույցի ներսում են, եւ սկզբունքային որեւէ խնդիր չկա, թե ում ենթակայության տակ են»։ Բայց առանցքային պաշտոններում նշանակում-ազատումը կենտրոնացված է մեկ մարդու ձեռքում՝ վարչապետի, այսինքն՝ ոչ միայն կառավարության, այլեւ ԱԺ-ի դերն է չեզոքացված․ «Տվյալ հարցերով խորհրդարանը որեւէ լիազորություն չունի»։



Մարկոսյանը համամիտ չէ դիտարկմանը, թե այսպիսով վարչապետի ձեռքում է կենտրոնանում ողջ իշխանությունը, իսկ փոխվարչապետները լիազորությունների լայն շրջանակ չեն ունենալու․ «Ես նման մտահոգություններ չեմ տեսնում, բոլորը հավասարակշռված են, մեծ հաշվով։ Միայն նշանակումն ու ազատումն ինքնին որեւէ էական ազդեցություն ու նշանակություն չեն կարող ունենալ։ Որեւէ ղեկավար մարմին ունի հնարավորություններ՝ իր կողմից ներկայացված առաջարկություններով շատ հարցերի վրա ազդեցություն ունենալու համար»։



Ոստիկանության գործունեության նկատմամբ վարչապետի լիակատար վերահսկողությանը եւ այն հարցին, թե հնարավոր չէ՞ր ավելի անկախ կարգավիճակ տալ, Մարկոսյանը հարցով պատասխանեց․ «Իսկ դուք ի՞նչ այլ տարբերակներ եք տեսնում։ Մենք այնքան մեծ «ճոխության» հնարավորություն չունենք, որ ցանկացած մարմին ստեղծենք, մենք կարող ենք ստեղծել Սահմանադրությամբ չնախատեսված, բայց Սահմանադրության հիման վրա ընդամենը մի քանի տեսակի մարմիններ, որոնց շրջանակներում պետական կառավարման համակարգի մարմիններն են։ Իսկ ֆունկցիոնալ տեսանկյունից եթե հաշվի առնենք՝ ոստիկանության համար այլ տեղ պատկերացնելը դժվար է»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**