Էականը հայրենիքին փաստացի ծառայելն է, այլ ոչ թե մշտական բնակությունը

Էականը հայրենիքին փաստացի ծառայելն է, այլ ոչ թե մշտական բնակությունը
Իշխանությունն իր սահուն վերարտադրության համար բոլոր օրենքները փոխել է՝ ձեւելով յուրայինների վրայով թե՛ Սահմանադրությունը, թե՛ դրանից ածանցվող օրենքներն ու նորմատիվ ակտերը։ Ըստ այդմ՝ ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Սարգսյանը համարվում է վերջին 6 տարում ՀՀ-ում բնակված, թեպետ, ինչպես հայտնի է, վաղուց Հայաստանում չի բնակվում։ 2013 թ. սեպտեմբերի 27-ին նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: Միջազգային կոնվենցիաների համաձայն, իհարկե, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք։ Սակայն դրանից առաջ էլ նա չի բնակվել Հայաստանում, այսինքն՝ վերջին 4,5 տարին է համարվում Հայաստանում բնակված։ Մեկուկես տարի պակասում է, որ Սահմանադրության պահանջը՝ 6 տարի մշտապես Հայաստանում բնակված լինելու ցենզն ապահովված լինի։ Սակայն, ինչպես ժամանակին լուծվեց Ռոբերտ Քոչարյանի բնակության տեղեկանքի հարցը, այնպես էլ կլուծվի Արմեն Սարգսյանինը։



Մինչդեռ ընդամենը երեք տարի առաջ մի 6 ամիս Հայաստանից բացակայելը խոչընդոտ էր հանդիսանում, որ մարդուն ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցեին։ Բնակության հետ կապված ցենզը պահանջում էր, որ յուրաքանչյուր տարվա 6 ամիսը մարդը Հայաստանում բնակված լինի, որպեսզի կարողանա առաջադրվել պատգամավորի կամ նախագահի թեկնածու։ «ՍԻԼ կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին, օրինակ, 2012-ին թույլ չտվեցին թիվ 10 ընտրատարածքից առաջադրվել մեծամասնականով։ Եթե քաղաքացին վեց ամսից ավելի անընդմեջ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, ապա նա այլեւս Հայաստանի մշտական բնակիչ չի համարվում՝ եղավ պաշտոնական պարզաբանումը։ Այս խնդիրը կարգավորվում էր «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով եւ 2005 թվականին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» կառավարության որոշմամբ: Այդ որոշման համաձայն՝ ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի հասցեն փոխվում է, եթե Հայաստանի քաղաքացին ՀՀ տարածքից դուրս է գտնվել վեց ամսից ավելի ժամկետով: Հենց այս իրավական ակտերից ելնելով էլ՝ Անձնագրային եւ վիզաների վարչությունը պնդեց, որ Խաչատուր Սուքիասյանին մշտական բնակության թույլտվություն չի հասնում, վերջին հինգ տարիների ընթացքում նա Հայաստանում մշտապես չի բնակվել, Հայաստանից անընդմեջ բացակայել է վեց ամսից ավելի՝ 10 ամիս 20 օր։ Չնայած պարզ էր, որ այս որոշումը քաղաքական հիմք ունի։

Մինչդեռ ՀՀ նոր Սահմանադրության 124-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ դրույթները սահմանում են, որ «հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:



Իսկ Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 4-րդ մասն էլ «մշտական բնակչի» կարգավիճակն է սահմանում․ «Թեկնածուն վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 2190 օրերի ընթացքում նա առնվազն 1095 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով»:



Այսինքն՝ եթե անձը վերջին 2190 օրերի, այսինքն՝ 6 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել է ավելի քան 1095 օր, ասել կուզի՝ 3 տարի, ապա համարվում է, որ նա վերջին վեց տարում մշտապես չի բնակվել Հայաստանում: Արմեն Սարգսյանը 2012-2018 թվականների ընթացքում առնվազն 5 տարի մշտապես բնակվել է Հայաստանում, քանի որ եղել է ՀՀ դեսպան, այսինքն՝ եղել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձ՝ ծառայողական նպատակներով գործուղված»։



Մեր հարցմանը, թե ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին բնակության վերաբերյալ տեղեկանք տրվե՞լ է, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ մինչ այժմ ՀՀ ոստիկանության կողմից որեւէ անձի տեղեկանք չի տրամադրվել, իսկ լրագրողական հետաքրքրությունը բավարարել չեն ուզում՝ հղում անելով «անձնական տվյալների պաշտպանության» անհեթեթ օրենքին, որը հատուկ ներմուծվեց՝ մամուլի աշխատանքը բարդացնելու համար:

Ոստիկանության պատասխան գրության մեջ ընդամենը մատնանշված է, որ նախագահի թեկնածուի առաջադրման դեպքում տեղեկանք տրամադրելիս հաշվարկն իրականացվում է տեղեկանք ստանալու նպատակով դիմում տալու օրվան նախորդող 2190 օրվա հաշվարկով: Ի դեպ, նույն սկզբունքով է արվում պատգամավորության թեկնածուների դեպքում արդեն 4 տարվա մշտական բնակության հաշվարկը, մշտական բնակիչ չի համարվում այն անձը, որը դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Ստացվում է, որ քաղաքական հավակնություններ ունեցող անձը չորս տարվա ընթացքում կարող է երկու, իսկ վեց տարվա ընթացքում երեք տարի բացակայել երկրից։ Իշխանություններին մանեւրի անծայրածիր հնարավորություն է տալիս նաեւ «բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով» դրույթը։ Հիմա կարող են ցանկացածի բացակայությունը «մեկնաբանել» որպես «ծառայողական նպատակներով» գործուղում։



Սահմանադրագետ, նոր Սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Գեւորգ Դանիելյանը դեմ չէ, որ ընդհանրապես հանեն մշտական բնակության պահանջը։ «Վերջին հաշվով, էականը հայրենիքին փաստացի ծառայելու, իր ժողովրդին պիտանի լինելու գործոնն է, ինչն անմիջականորեն պայմանավորված չէ բնակության ցենզով...»,- հիմնավորում է նա։ Իսկ մշտական բնակության ցենզի փոփոխության հարցին անդրադառնալով էլ հիշեցնում է․ «Ընդհանրապես, նման դեպքերում միջազգային իրավական չափանիշների տեսանկյունից (իսկ մեծ սփյուռք ունեցող Հայաստանի պարագայում՝ առավել եւս) Սահմանադրությամբ մշտական բնակության ցենզ չի սահմանվում, բավարար է համարվում ընտրական իրավունք ունենալու հիմքը»:



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**