Ո՞ւր է «զապասով» դատավորը. ինքնաբացարկի միջնորդություն՝ Մեսրոպ Մակյանին (տեսանյութ)

Ո՞ւր է «զապասով» դատավորը. ինքնաբացարկի միջնորդություն՝ Մեսրոպ Մակյանին (տեսանյութ)
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը:



Նիստի ընթացքում Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:



Արա Ղարագյոզյանը նշեց, որ չնայած «Սասնա ծռերի» անդամները դեմ էին հանրային պաշտպանների ներգրավմանը՝ դատարանը բացահայտ խախտելով մարդու իրավունքները՝ գործում ներգրավեց հանրային պաշտպաններին. «Նախագահող դատավորը սույն գործով ներգրավում է հանրային պաշտպաններ, երբ հանրային պաշտպանները չեն ցանկանում այս գործով պաշտպան հանդիսանալ: Դատարանը խախտելով Մարդու իրավունքների կոնվենցիայի վեցերերոդ կետը՝ գործում ներգրավեց հանրային պաշտպաններին և տեղի ունեցավ պաշտպանական իրավունքի խախտում: Փաստորեն դատարանը «զապասով» պաշտպաններ ներգրավեց գործում և պատրաստվում է իրականացնել «զապասով» արդարադատություն: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ւր է «զապասով» դատավորը: Անձիք ունեն վճարովի պաշտպաններ, սակայն դատավորը գերադասեց ներգրավել հանրային պաշտպաններին ու սրանով խախտեց անձի պաշտպանական իրավունքը»,- նշեց Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ սույն գործով արդարադատության մասին խոսելը դառնում է պատրանքային:



Գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը միանալով միջնորդությանը՝ ընդգծեց, որ դատարանը վկայակոչում է այն հանգամանքը, թե փորձում է իրենց պաշտպանյալների նկատմամբ հավասարություն սահմանել, սակայն խախտում է արդյունավետ դատավարության իրականացման սկզբունքը:



«Ձևական ընթացակարգ ապահովելով՝ դատարանը ցույց է տալիս,որ դատավարությունն է ձևական բնույթ կրում»,- նշեց Արայիկ Պապիկյանը:



Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։