Ամիսներ շարունակ գաղտնալսել են Վահագն Աբգարյանին

Ամիսներ շարունակ գաղտնալսել են Վահագն Աբգարյանին
Օրերս Ալավերդու վենդետայի շրջանակներում, կարելի է ասել՝ բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ․ Կամո Փիրուզյանի գործի շրջանակներում ձերբակալվեց, այնուհետեւ կալանավորվեց քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը, որի նկատմամբ ամիսներ առաջ մահափորձ տեղի ունեցավ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ։ Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Վահագն Աբգարյանի ձերբակալության եւ կալանավորման վերաբերյալ։



Մեզ հասած տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանին ձերբակալելու օրը ԱԱԾ աշխատակիցները ներխուժել եւ խուզարկություն են իրականացրել Ալավերդու առնվազն 10 բնակարաններում, նպատակը զենք փնտրելն է եղել։ Իրավապահ մարմնի ներկայացուցիչները խուզարկության հետեւանքով զենք չեն հայտնաբերել, բացառությամբ Մանվել Ռամազյանին պատկանող խանութից, որտեղից գտել են պայթուցիկ։ Երեկ խուզարկության է ենթարկվել նաեւ Վահագն Աբգարյանին պատկանող «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան, որտեղից եւս ոչինչ չի հայտնաբերվել։



Մեզ նաեւ տեղեկություններ են հասել, որ Վահագն Աբգարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, առաջադրված մեղադրանքները նա չի ընդունում։ Աբգարյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նրա կալանավորման հիմքում, մեր տեղեկություններով, դրվել են մեկ անձի ցուցմունքը եւ գաղտնալսումները, որոնք երկար ժամանակ իրականացվել են, սակայն դատարան են ներկայացվել միայն 2017 թ․ դեկտեմբերի գաղտնալսումները։ Ցուցմունք տված անձն Ալավերդի քաղաքից է եւ այս գործով ունի վկայի կարգավիճակ։



Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Աբգարյանի փաստաբան **Հակոբ Ճարոյանից**, սակայն նա մեզ հետ զրույցում հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց, միայն նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են․ «Վստահ եմ՝ կապացուցվի տվյալ անձի անմեղությունը։ Ես պնդում եմ, որ ինքն անմեղ է, կապացուցվի, որ առաջադրված մեղադրանքներում անմեղ է»։



Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ․):



Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ Վլադիմիր Դավթյանը (ծնված 1991 թ.)։ Դեպքի պահին նա գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառասրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ. Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է վաճառասրահից դուրս գալուց հետո, ապա նաեւ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղադրյալը հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի, շարժառիթների վերաբերյալ։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**