Մենք իշխանափոխության կգնանք, եթե հիսուն հազար մարդ հավաքվի

Մենք իշխանափոխության կգնանք, եթե հիսուն հազար մարդ հավաքվի
Հարցազրույց «Ելք» դաշինքի պատգամավոր **Սասուն Միքայելյան**ի հետ։



-**«Ելք» դաշինքի՝ ուրբաթ օրը նախաձեռնած երթի մասին ձեզ քննադատողների պակաս չզգացվեց, շատերի գնահատականով՝ կարելի է ձախողված համարել, որ 120 հազարից ավելի էլեկտորատ ունեցող ուժը կարողանում է փողոց հանել մոտ հազար մարդու։ Դուք ինչպե՞ս կգնահատեք երթը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք**։



-Գնահատականը ժողովուրդն է տալիս, իսկ իմ կարծիքով՝ երթն անցել է շատ նորմալ։



-**Սպասո՞ւմ էիք, որ այդքան մարդ պիտի գար, հատկապես որ թանկացումներին, որի դեմ կազմակերպվել էր ակցիան, առնչվում է մեզնից յուրաքանչյուրը**։



-Բնական է, որ պիտի գար, հարցն այնպես էր դրված, որ պետք է գար։



-**Այսինքն՝ դուք համարում եք, որ շա՞տ մարդ է եկել**։



-Շատի ու քչի խնդիր չկա։ Երկրում պրոբլեմ կա, որին պիտի ճիշտ լուծում տրվի։ Մարդիկ պիտի հավաքվեն, որ մեր գործունեությունը ծավալենք, ու հարցը լուծվի։



-**Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել, որ 120 հազար մարդ է ձեզ ձայն տվել, բայց ուրբաթ օրը, տարբեր հաշվարկներով, մոտ 1000 մարդ էր ընդամենը մասնակցում**։



-Ես չեմ համարում, որ քիչ մարդ է մասնակցել, շատ նորմալ մարդ է մասնակցել, ու նորմալ երթ է անցկացվել, եւ հետագայում հաստատ ավելի կավելանա թիվը, ավելի շատ մարդ կմասնակցի։



-**Ձեր դաշինքից մշտապես հայտարարել են, որ մարդկանց փողոց դուրս չենք հանի, պարտության չենք տանի, երբ վստահ կլինենք, որ փողոց դուրս գալով հարցը կլուծվի, այն ժամանակ էլ դուրս կգանք։ Վստա՞հ եք, որ իշխանությունը կչեղարկի Հարկային օրենսգրքի այն դրույթները, որոնց հետեւանքով մի շարք ապրանքներ թանկացել են**։



-Մենք ժողովրդին փողոց չենք հանել, ասելով՝ գնում ենք իշխանափոխության, երկրում խնդիր կա, որը հետագայում ավելի կսրվի, որը պիտի կանխվի, եւ այդ նպատակով մենք երթ ենք անցկացրել։ Որպեսզի ցույց տանք, որ մարդիկ մտահոգ են, որ թանկացումները բոլորիս վրա է ազդում, որ տենան՝ մարդիկ ոտքի են կանգնել, երեկվա ընտրություններից հետո հասկացել են, որ էդ թանկացումներին բոլորիս ընտանիքն է բախվում։ Ճիշտ է՝ այդ ընտրություններին մարդկանց կարողացան խաբել, բայց ժողովրդի գիտակցության մեջ պետք է մտնի դա։



-**Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա ձեր երթն իշխանության վրա**։



-Ես գուշակ չեմ, որ կանխեմ, բայց իշխանության վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Դուք չե՞ք տեսնում ինչեր են գրում, տնտեսագետներ են մտցրել, վերլուծություններ են անում, չգիտեմ ինչեր, ինչեր։ Իրենք վախենում են, որ հետագայում ավելի չհզորանա, երթերի մասնակիցների թիվն ավելի չշատանա, ո՞նց կարող է դա իրենց չմտահոգի։ Իրենք մտահոգ են ոչ թե երկրի, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակով, այլ իրենց ճակատագրով, որ փողոց մարդ դուրս չգա։



-**Իսկ մարտավարություն փոխելո՞ւ եք, որովհետեւ միայն փողոց դուրս գալով՝ իշխանությանը չեք վախեցնի**։



-Ես նորից պիտի կրկնեմ, որ մեր նախկին առաջնորդները, որ ժողովրդին հանել են փողոց, ասել են՝ գնում ենք իշխանափոխության, բայց իրականում մենակ գոռացել են իշխանափոխություն ու չեն կարողացել հասնել իշխանափոխության, հիասթափություն են առաջացրել։ Մենք չենք ուզում նման քայլեր անենք։ Կա խնդիր, մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, եթե լուծվեց, ապա ժողովուրդը կհասկանա, որ, ի վերջո, այս երկրում հնարավոր է խնդիր լուծել։ Հետեւաբար, ժողովուրդը պիտի դա հասկանա ու մասնակցի երթին։



-**Բայց երբ խորշում եք իշխանափոխության պահանջից**…



-Մենք իշխանափոխության պահանջ չենք դնում, մեր պահանջները հստակ դրված են։



-**Ինչո՞ւ եք վախենում իշխանափոխության պահանջից, ես հենց դա էի ուզում հարցնել, որ երբ դուք անգամ այդ մասին եք խուսափում խոսել, գուցե դրա համար էլ մարդիկ չեն վստահում ձեզ**։



-Ես ո՛չ վախենում եմ, ո՛չ խուսափում, բայց երբ քաղաքական ուժը մի բան ասում է, պետք է իրագործի։ Մենք այն ժամանակ կմտածենք ու կգնանք այդ քայլին, եթե մի 50 հազար մարդ փողոց դուրս գա։ Բայց հիմա մենք չենք կանգնի ասենք՝ ժողովուրդ, գնացինք իշխանափոխության, հետո տանենք ժողովրդին մի պրոբլեմի առաջ կանգնացնենք։



-**Դուք ասում էիք՝ մենք ժողովրդին պարտության չենք տանի, հիմա վստա՞հ եք, որ հաղթանակի կհասնեք**։



-Լսեք, մենք քայլն արել ենք, իսկ մնացածն իշխանության հարցն է, ի վերջո, պիտի հասկանա։



-**Իշխանությունը ձեր խաղաղ երթերից ինչո՞ւ պիտի քայլեր անի, փոխարենը մի քանի երթից հետո մարդիկ էլի կհիասթափվեն։ Դուք նոր քայլեր մտածո՞ւմ եք**։



-Եթե իշխանությունը չհասկանա, հետեւություն չանի, իսկ ժողովուրդն էլ ըմբոստանա, հետագան ցույց կտա, թե ինչ ենք անելու։



-**Ձեր հաջորդ հավաքը փետրվարի հինգին է, ի՞նչ եք ակնկալում իշխանությունից մինչ այդ**։



-Իշխանությունն ինչ կանի, չի անի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե մենք ինչ կանենք, իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ ավելի շատ մարդ դուրս գա փողոց։



-**Շաբաթ օրը ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ է արել ու որոշել, որ մարտի 1-ի տարելիցին ընդառաջ զանգվածային միջոցառումներ կնախաձեռնի**…



-ՀԱԿ-ն ինչ անում՝ չի անում, ինձ չի հետաքրքրում, իրանց հարցրեք, ինձ իրենց մասին հարց մի տվեք։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**