«Ֆիդայիներ»

«Ֆիդայիներ»
Նրանք հեռավոր երթուղու վարորդ էին: Եւ գոց գիտեին Աղդամ-Բարդա-Եվլախ-Քյուրդամիր-Բաքու ճանապարհի բոլոր դարուփոսերը, ոլորանները:



Պետավտոտեսչության հետ խոսում էին հսկա բեռնամեքենայի բարձրությունից եւ այնքան էին համերաշխվել, որ նրանց հասանելիք երեք ռուբլին լուցկու տուփի մեջ դրած՝ շպրտում-անցնում էին՝ գնում երկաթուղու հարկավոր կայարանը, բարձում շինարարական տախտակ, ֆաներա, ցեմենտ, խորանարդիկ քար, կահույքի ֆաբրիկայի համար՝ ներկ, սոսինձ, հղկաթուղթ, հարկավոր այլ ապրանքներ, որ վերադարձի ճանապարհին որոշակի մասով պակասում էին, դառնում հնչուն փող:



Ավտոտրանսպորտային ձեռնարկության տնօրենին հասանելիքը նրանք առանձնացնում էին հիսուն, ցանկալի էր՝ հարյուր ռուբլանոց թղթադրամներով, իրենցը՝ ինչպես կպատահեր: Ճանապարհին նրանք ունեին իրենց մշտական խորտկարանը, որտեղ գառան խորոված էին ուտում, ձմռանը՝ փիթի եւ «արմուդլու» բաժակով մուգ թեյ էին խմում: Բաքվում նրանք ռուս սիրուհիներ ունեին, հեռավոր արվարձաններում՝ գիշերակացի տեղ: Մեծ քաղաքի քանդուքարափ հետնախորշերում նրանք գտնում էին հարկավոր ամեն ինչ՝ թարմ թառափաձուկ, սեւ խավիար, երբեմն էլ՝ «անաշա», որ չգիտես ինչ ճանապարհով, ինչպես, բայց Պարսկաստանի խորքերից հասցնում էին Արաքսի ափամերձ բնակավայրեր, ապա մաս առ մաս՝ Բաքու:



Բեռնամեքենաների խցիկներում՝ նստատեղերի տակ, նրանք հոգեպահուստ գումար էին պահում, կարճփող հրացան, սվին-դանակ: Ճանապարհներին երբեմն պատահում՝ նրանք ընկնում էին կռիվների մեջ, ծեծվում եւ ծեծում: Հետո բոլորով հավաքվում էին «շրջան նայողի» տանը, եւ ծանր գնով հաշտության գալիս: Նման դեպքերում տեղեկությունը հասնում էր ավտոտրանսպորտային ձեռնարկության տնօրենին, որ գործը կարգավորում էր երթուղուց զրկելու սպառնալիքով եւ մի «թեթեւ լավությամբ»:



Աշխարհը նրանց համար սկսվում եւ ավարտվում էր Աղդամ-Բաքու՝ վաղուց հարազատ դարձած, ճանապարհով: Բայց եղավ անսպասելին, երկաթուղու կայարանները դարձան հուշ: Եւ նրանք եղան «ֆիդայիներ»: Եւ Երեւան միլիոնանոց քաղաքն ու առհասարակ Հայաստան կոչվող երկիրն սկսեցին ճանաչել զոհվածների հասցեներով՝ մինչեւ Լաչինի ճանապարհը կբացվեր: Եւ երբ առաջին անգամ անցան Ուրծի լեռները եւ իջնում էին դեպի Երասխավան, տեսան Արարատը եւ զարմացան, որ լեռների թագուհին Թուրքիայում է, եւ հայաստանցիներն այն ազատելու, մերը դարձնելու համար ոչինչ չեն անում: Երասխում նրանք շփոթեցին ճանապարհը, իջան Սադարակի ուղղությամբ:



Երկրապահ զինվորները նրանց կանգնեցրին, բացատրեցին, որ մոլորվել են: Երեւանի ճանապարհը նրանք դժվար գտան: Երեւանում մի քանի տարի նրանց իմացած տեղն «Արցախ կոմիտեն» էր, բայց այդպես էլ չվարժվեցին, որ փողոցը կոչվում է Մոսկովյան: Փոխարենն արագ իմացան բանակային պահեստների տեղը, «Տեցի կռուգը», Չարբախը եւ մյուս արվարձանները: Քսան տարի նրանք դատարկ եկան, բեռնաբարձ վերադարձան: Եւ խցիկներում՝ նստատեղերի տակ, դարձյալ փողի քսակ էին պահում, ռազմավար ԱԿՄ, «Լիմոնկա» նռնակ, սվին -դանակ: Հետո նրանք զոհվածների հասցեներով սկսեցին շրջել Երեւան միլիոնանոց քաղաքի թաղերում: Եւ հասկացան, որ զոհվողը զոհվել, հեռացողը հեռացել է, եւ իրենց արդար վաստակած գումարներին են սպասում նրանց դատարկ-ցուրտ բնակարանները:



Նրանք արդեն վաթսունն անց են, բայց պարապ չեն մնում: Հիմա էլ Ստեփանակերտ-Երեւան գծի վրա ուղեւորներ են տանում-բերում: Եւ երբ պատահում է՝ անցնում են Երեւան քաղաքի իրենց փողոցով, պարտադիր արգելակում եւ ուղեւորին բաց հպարտությամբ ցույց են տալիս «եվրո» վերանորոգված պատշգամբը եւ դժգոհում, որ կյանքներն անցավ պատերազմում, իսկ երկիրն այդպես էլ իրենց «տեղը չգիտի»...



**Վահրամ Աթանեսյան**