Աշխարհի ամենաթանկ գրիչները․ մաս 2-րդ

Աշխարհի ամենաթանկ գրիչները․ մաս 2-րդ

Աշխարհի ամենաթանկ գրիչների մեր վարկանիշային ցանկում երկրորդ հորիզոնականում Boheme Royal Pen-ն է՝  Montblanc ընկերության կողմից արտադրված։ Թեեւ ադամանդները կանանց «լավ ընկերներն» են, սակայն տղամարդիկ էլ հաճախ մեծ սեր են տածում այս թանկարժեք քարի հանդեպ։ Montblanc ընկերության արտադրած  Boheme Royal Pen գրիչը ուսումնասիրելիս կարող ենք ասել, որ ադամանդները նաեւ տղամարդկանց կարող են գերել։ Արքայական այս գրիչի վրա կա 1430 ադամանդ։ Այն ստեղծված է այնպիսի խառնվածքի տեր մարդկանց համար, ովքեր չեն վախենում ավելորդ ուշադրություն գրավելուց։ Կորպուսը 18 կարատանի ոսկի է, պլատինապատված, իսկ ահա արտադրող ընկերության լոգոն զարդարված է 19 ադամանդներով եւ նույնիսկ սեղմակի վրա կա թանկարժեք քար։ Գրիչն արժի 150 հազար դոլար։

Montblanc-ի հաջորդ գլուխգործողը Meisterstuck Solitaire Royal LeGrand գրիչն է։  Համակարգչային դարում Montblanc-ը ջանք չի խնայում, որպեսզի անի այնպես, որ ավանդական գրենական պիտույքները մնան շրջանառության մեջ եւ դառնան բարձրաշխարհիկության խորհրդանիշ։ Meisterstuck Solitaire Royal LeGrand-ը, կամ կարճ՝ Diamond Solitaire-ը հենց այդպիսի գրիչներից է։ Ապշեցնող գեղեցկության այս գրիչը Bonhams & Butterfields աճուրդում գնահատվել է 175 հազար դոլար։ Մակերեւույթին կա 4600 փոքրիկ ադամանդ, իսկ կորպուսը 18 կարատանի ոսկուց է պատրաստված։ Միայն կափարիչի վրա կա յոթ ադամանդ։