Ի՞նչ կարիք կա երկու ամիս առաջ ասեն, հավայի քննարկեն

Ի՞նչ կարիք կա երկու ամիս առաջ ասեն, հավայի քննարկեն
ՀՀԿ-ում մեկ դերասանի թատրոնն ակտուալ է բոլոր ժամանակներում։ Գրեթե հաշված օրեր են մնացել, եւ պառլամենտական կարգերի անցած երկրի խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ հաջորդ նախագահին, սակայն կուսակցության շարքերում տոտալ անտեղյակություն է՝ ո՞վ է Էդուարդ Շարմազանովի ներկայացրած «հանելուկի հերոսը»։ Ի դեպ, նախնական տեղեկություններով, ընտրությունը կկայանա մարտի 2-ին, վերջին ժամկետը, ըստ Սահմանադրության, մարտի 10-ն է։ Երեկվա դրությամբ շրջանառվող թեկնածուների ցանկին գումարվեց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի անունը, ում մանկության երազանքն է ՀՀ նախագահ դառնալը, սակայն մեկ անհաջող փորձից հետո Վ․ Մանուկյանը «պայքարի» այլ ուղի ընտրեց եւ այսօր իշխանության ստեղծած Հանրային խորհուրդն է ղեկավարում։



Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակն անցած շաբաթ, գործադիր մարմնի նիստից հետո, ի պատասխան հայտարարեց, որ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ն կառաջադրի լուրջ ճանապարհ անցած, լուրջ հետք եւ կենսագրություն ունեցող քաղաքական գործչի, որն ունի նաեւ բարձր հեղինակություն: Խոսքը ՀՀ նախագահի մասին է, որը պետք է ընտրվի մարտին, Ազգային ժողովում՝ ըստ նոր Սահմանադրության եւ խորհրդարանական կառավարման մոդելի: ՀՀ հաջորդ նախագահն այլեւս երկրի առաջին դեմքը չի լինելու, բայց, այդուհանդերձ, իշխանության որոշակի կրող է, ունի օրենքների վրա վետո դնելու իրավունք, դեսպանների նշանակման-ընդունման գործում դերակատարում եւ այլն։ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը երեկ հրաժարվում էին անգամ այս թեմայով կարծիք հայտնելուց։ Բանն այն է, որ նրանք անտեղյակ են ու չեն էլ կարող գուշակել, թե անակնկալների սիրահար Սերժ Սարգսյանը վերջին պահին ում թեկնածությունը կարող է «դեմ տալ» կուսակիցներին, որպեսզի իրենք էլ ինքնամոռաց նետվեն այդ անձի փառաբանման գործին, իսկ վերջում, բնականաբար, սեղմեն «կողմ» կոճակը։



«Կարող ա Շարմազանովը որոշ բաներ իմանա՝ ով կարա լինի թեկնածուն, որովհետեւ ինքը խոսնակն ա, բայց ես չգիտեմ, հաստատ չգիտեմ»,- մեզ հետ զրույցում անկեղծորեն խոստովանեց ՀՀԿ խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր, առաջին նիստում մի քանի ժամով ԱԺ խոսնակի կարգավիճակում հայտնված խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։ Մեր հարցին՝ սովորաբար նման հարցերում կուսակցությունում քննարկում չի՞ ծավալվում, Հասանովը բացասական պատասխան տվեց․ «Դա՝ կուսակցության գաղտնիք ասեմ, ինչ ասեմ, նման բան է։ Կգա ընտրության ժամանակը, կկանչեն, ու մենք էլ մեր կարծիքը կասենք կամ ինչ-որ բան։ Հիմա էդտեղ գերագույն մարմինն է որոշում, էստեղ ԱԺ խորհուրդ կա, իրենք էլ են հարցեր քննարկում, որ շատ պատգամավորներ չկան էդ խորհրդում»։ Հասանովը խոստովանեց, որ նման հարցերը, սովորաբար, կուսակցության վերնախավում են քննարկում, իրենք ընդամենը քվեարկում են, սակայն ինքը դրանում վատ բան չի տեսնում․ «Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել։ Էդպես չի, որ բոլոր պատգամավորները երկու ամիս առաջ ամեն ինչ պետք է իմանան։ Դա ճիշտ չի, հիմա եթե ընտրություն չկա, ի՞նչ կարիք կա երկու ամիս առաջ ասեն, հավայի քննարկեն»։ Կուսակցական դեմոկրատիա չկա, փաստորեն՝ մեր դիտարկմանը պատասխանեց․ «Դե, դեմոկրատիան, որ ներկայացնեն մեզ, մենք էլ մեր ձեւով կմասնակցենք քննարկումներին, եթե կարիքը լինի»։ Հարցրինք՝ եթե ներկայացված թեկնածուն իրենց սրտով չլինի, կարո՞ղ են դեմ քվեարկել։ «Դե, ինչի՞ համար, եթե ԳՄ-ն ներկայացնի, ինչի՞ պիտի դեմ քվեարկեմ»։

Պատգամավորը վատ չի զգում, որ հանրությանը հետաքրքրող հարցերն անգամ կուսակցության ներսում լայն քննարկումների չեն ենթարկվում․ «Հանրությունն ուրիշ է, կուսակցությունը՝ ուրիշ։ Թեկուզ սովետի ժամանակ, երբ պոլիտբյուրոն հարցերը դնում էր նիստերի, համագումարի, հետո համագումարը որոշում էր, տալիս էր պոլիտբյուրոյի անդամներին, վերստուգիչ մարմիններին, մի խոսքով՝ էդ սկզբունքը ճիշտ է»։



Եվ մինչ ՀՀԿ-ում փորձում են հանելուկի մակարդակով խոսել թեմայի շուրջ, ՀՅԴ-ից ակնկալիք-առաջարկ է հնչում, որ նախագահի ընտրության հարցում մասնակցի նաեւ Սփյուռքը։ Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այդ առաջարկից շատերը եզրակացրել են, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանից ակնկալում է նախագահի պորտֆելը։ Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն Սփյուռքից լինի, ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանը** պատասխանեց՝ թեկնածուն պետք է ընդունելի լինի Սփյուռքի, արտաքին աշխարհի համար․ «Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա Սփյուռքում ազդեցություն, լինի ապակուսակցականացված։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե կան նմանատիպ մարդիկ, թե ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունների մասին հիմա չեք կարող իմանալ։ Ինձ համար կարող է մի քանի կերպար լինել, բայց ես չեմ բարձրաձայնում։ Այդ մասին կհայտնեմ մեր նիստի ժամանակ»։ Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ հենց այս շաբաթ էլ կսկսեն քննարկումները։ «Ծառուկյան դաշինքը», ինչպես Գագիկ Ծառուկյանը հայտնեց տարեվերջին, թեկնածու չի առաջադրի, քանի որ քվեարկության համար համապատասխան թվով պատգամավորներ չունի։ Խմբակցության պատգամավոր **Գեւորգ Պետրոսյանը** չի կարող ասել՝ կաջակցե՞ն ՀՀԿ-ի թեկնածուին, թե՞ ոչ։ «Խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել, մենք այլ թեկնածուի սատարելու խնդիր չունենք, նման քննարկում չի եղել։ Մենք որեւէ մեկին աջակցելու խնդիր չունենք` ո՛չ խոստում ունենք, ո՛չ պարտականություն, հնարավոր է նաեւ չմասնակցենք այդ քվեարկությանը»,- ասում է պատգամավորը։ Մինչդեռ «Ելք» խմբակցության ղեկավար **Նիկոլ Փաշինյանը** մեր հարցին ի պատասխան հայտարարեց, որ ընդդիմադիրների կողմից նախագահի թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել մեծամասնության թեկնածուի համար: Հիշեցնենք, որ «Ելք»-ը ցանկանում էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրել եւ այդ հարցով գրավոր դիմել էր «Ծառուկյան դաշինք» խմբակցությանը, սակայն նրանք հայտարարեցին, որ նման գրություն չեն ստացել։ ««Ծառուկյան դաշինք» խմբակցությունը չէր կարող ստացած չլինել մեր պաշտոնական գրությունը: Այդ գրությունը մենք պաշտոնապես ուղարկել ենք իրենց, իսկ ես ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքին այդ նամակի տպագրված տարբերակը տեսել եմ»,- ասաց Փաշինյանը։



Նա հիշեցրեց, որ այս խորհրդարանի մարմինների ձեւավորման ընթացքում իրենք կողմ են քվեարկել «Ծառուկյան դաշինքի» բոլոր թեկնածուների օգտին: «Մենք դա արել ենք անկախ ամեն ինչից, որպեսզի կարողանանք ձեւավորել առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ: Սակայն այդ ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս, եւ դա ցավալի է»։



Ի դեպ, Փաշինյանը նկատեց, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ներկայացրած երկու օրինագծեր երեկ ԱԺ մեծամասնությունը մերժեց, նույն տրամաբանությամբ՝ ինչո՞ւ են օրինագիծ մշակում, եթե գիտեն, որ մեծամասնություն չունեն։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**