ՊԵԿ-ը հրապարակել է մեքենաների հայտարարագրման ժամանակ մաքսային արժեքի տեղեկատվությունը

ՊԵԿ-ը հրապարակել է մեքենաների հայտարարագրման ժամանակ մաքսային արժեքի տեղեկատվությունը
Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և մաքսային ձևակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ,- հայտնում է ՊԵԿ-ի լրատվության ծառայությունը:



2018 թվականի հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:



Ըստ ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանի, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա:



Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար», «Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքների վերաբերյալ»: Տիգրան Մինասյանի հավաստմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է. անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի և կթարմացվի: