Սուրենյանը կանխատեսում է՝ հունվարը ևս տաք կլինի

Սուրենյանը կանխատեսում է՝ հունվարը ևս տաք կլինի
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է՝ ջերմաստիճանը կրկին բարձրացել է, իսկ այսօր և վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Մինչև դեկտեմբերի 31–ը հանրապետությունում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Հունվարի 1–ից արդեն Հայաստանին կմոտենա տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-2 ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ՝ հիմնականում անձրևի տեսքով, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձնախառն անձրև:   



Հունվարի 1–ի գիշերը, ըստ Սուրենյանի, թռիչքաձև կբարձրանա  գիշերային ջերմաստիճանը: «Եթե վերջին օրերին եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում գիշերային ժամերին նկատվում էր բացասական ջերմաստիճան՝ -2, -4 աստիճան, ապա արդեն հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը Արարատյան  դաշտում և բոլոր հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կդառնա դրական՝ +4-ից +6 աստիճան, ցերեկային ժամերին կրկին +12 +14 աստիճան»,-ասել է նա ու հավելել, որ մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում, իսկ այս բարձր անոմալ ջերմային ֆոնը հանրապետության ողջ տարածքում կպահպանվի: Ավելին՝ Սուրենյանի կանխատեսման համաձայն, հունվարը ևս տաք կլինի: