Աշխարհի գլխավոր բանկիրները դեմ են բիթկոյնին

Աշխարհի գլխավոր բանկիրները դեմ են բիթկոյնին
Մոլորակի գլխավոր բանկիրները, կենտրոնական դրամատների ղեկավարները դեմ են բիթկոյնին եւ մի շարք կարեւոր հարցեր են առաջ քաշում այդ կրիպտոարժույթի հետ կապված: Առհասարակ հիմնական հարցը, որ աշխարհի գլխավոր ֆինանսիստները տալիս են իրենց այն է, թե արդյոք պե՞տք է այսօր մարդկությանը կրիպտոարժույթը, կամ արդյոք պետք է ուշադրություն դարձնել դրան եւ ապա նաեւ կա՞ կարիք, որ կրիպտոարժույթը պաշտոնականանա եւ որպես նոր դրամական միավոր թողարկվի: Այս հիմնական հարցերի հետ կան մի շարք լուրջ տարակարծություններ:



ԱՄՆ-ում Դաշնային պահուստային համակարգն, օրինակ, արդեն մի քանի տարի է ուշի ուշով հետեւում է բիթկոյնի եւ մյուս կրիպտոարժույթների վարքագծեին, եւ առանձնապես մեծ էնտուզիազմ այստեղ չկա այս ամենի հետ կապված: ԴՊՀ կառավարիչների խորհրդի ներկայիս անդամ, իսկ հաջորդ տարվա փետրվարից արդեն ԴՊՀ ղեկավար Ջերոմ Փաուելը բավական մեծ երկմտանքով է խոսել կրիպտոարժույթների մասին:



Նրա կարծիքով՝ մի քանի լուրջ տեխնիկական հարցեր կան, որոնք կապ ունեն տեխնոլոգիաների հետ եւ վերաբերում են կրիպտոարժույթիների վերահսկողությանը: Փաուելը կարծում է, որ պետությունների կենտրոնական դրամատների համար դժվար կլինի իրենց կրիպտոարժույթների թողարկումը, քանի որ օրինակ հաշիվների եւ գործարքների գաղտնիության ապահովումը այս դեպքում լուրջ խնդիր է: Մասնավոր սեկտորը, ըստ Փաուելի, կարող է այս արժութատեսակով աշխատել: Բացի այդ թվային արժութատեսակի քանակը շուկայում այնքան էլ մեծ չէ ԴՊՀ փոխնախագահ Ռենդել Կուորլսն էլ հայտարարել է, այս տարվա դեկտեմբերի 1-ին, որ թեեւ բիթկոյնը չի կարգավորի, սակայն գաղափարը արժանի է ուսումնասիրության:



Եվրագոտում տրամադրությունները նույնպես խոստումնալից չեն: Եվրոպական կենտրոնական դրամատունը բազմիցս է նախազգուշացրել, որ թվային արժութատեսակներում ներդրումները շատ ռիսկային են: Եվրոպական կենտրոնական դրամատան փոխնախագահ Վիկտոր Կոնստանցիոն դեռ այս տարվա սեպտեմբերին էր հայտարարել, որ բիթկոյնը նման է հայտնի «կակաչին» եւ չի կարելի այն համարել արժույթ: Խոսքն այս դեպքում XVII նիդերլանդական «ֆինանսական փուչիկի» մասին է, եւ դրա հետ կապված կակաչների սպեկուլյացիայի: Եվրոպական կենտրոնական դրամատան կառավարիչների խորհրդի անդամ Բենուա Կյուրեն էլ իր հերթին կարծում է, որ բիթկոյնի փոխարժեքը շատ անկայուն է եւ այս թվային արժույթը մեծապես կախված է հարկային վճարումներից խուսափել ցանկացողների եւ հանցավոր այլ շրջանակների հետ:



Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին էլ այս տարվա նոյեմբերին հայտարարություն տարածեց, ըստ որի, կրիպտոարժույթի ազդեցությունը եվրագոտում սահմանափակված է եւ նրանք կենտրոնական բանկերի համար որեւէ սպառնալիք չեն կարող հանդիսանալ: Չինաստանի կենտրոնական դրամատունը չի էլ թաքցնում, որ լիովին վերահսկում է երկրում թվային արժութատեսակի շրջանառությունը: Ավելին, 2014-ին հատուկ պետական հանձնաժողով է ստեղծվել թվային փողերի զարգացման հետ կապված հարցերն ուսումնասիրելու համար: Պեկինում կարծում են, որ հասունացել են պայմանները, որպեսզի տեխնոլոգիաները վերցվեն պետական վերահսկողության տակ: Չինական Կենտրոնական դրամատունը արդեն լուծել է հարցերը նրանց հետ, ովքեր ինքնուրույնաբար թողարկում են թվային արժութատեսակներ եւ արգելել բորսաներում թվային արժութատեսակների շրջանառությունը: Թե երբ Պեկինը շրջանառության մեջ կդնի իր պաշտոնական կրիպտոարժույթը, դեռ չի նշվում, սակայն չինացի ֆինանսիստները կարծում են, որ դրանք կօգնեն վճարումների կատարման արդյունավետության բարձրացմանը եւ կնպաստեն ֆինանսական շուկայի վերահսկողության բարձրացմանը:



Bank of Japan-ի նախագահ Հարուհիկո Կուրոդան որպես Ճապոնիայի Կենտրոնական դրամատան ղեկավար հայտարարել էր դեռ հոկտեմբեր ամսին, որ բանկը չունի իր ընթացիկ պլանների մեջ թվային արժութատեսակի թողարկման հետ որեւէ նախագիծ, թեեւ կարեւոր է համարել այս ոլորտի համակողմանի ուսումնասիրումը: Տոկիոյում կարծում են, որ թվային արժույթ թողարկելը բնակչության համար նույնն է, ինչ հասանելի դարձնել բոլորի համար Ճապոնիայի Կենտրոնական բանկի ողջ ակտիվների բազան: Նույն տրամադրություններն են նաեւ Կանադայում, Գերմանիայում, որտեղ նույնիսկ գերադասում են կանխիկ կատարել վճարումները, Հնդկաստանում, Ռուսաստանում, որտեղ որոշ արգելքներ արդեն օրենսդրորեն են ամրագրվել, Միացյալ Թագավորությունում եւ Ֆրանսիայում: