Մի համարձակ հրապարակման պատմություն

Մի համարձակ հրապարակման պատմություն
Եթե ասեմ, որ նոր սերունդը անտարբեր է դարձել ազգային արժեքների հանդեպ, դարձյալ գերանդիով ու եղանով հասնելու են վրաս, թե բա եղա՞վ, էդ ի՞նչ ես ասում: Շատ համարձակ է մեր նոր սերունդը: Մանավանդ լրագրության ասպարեզում նրա «բլբլոցին», խորհուրդ ու խրատ չընդունող կեցվածքին որևէ բան հակադրելը գրեթե անհնար է: Պատճառները շատ են, բայց դրանց մասին խոսելուց օգուտ չկա այլևս: Ասում է` ջուրը ջաղացը տարել է, դու չաչախն ես ման գալիս: Այնպես որ, կսահմանափակվեմ մի փաստի նկարագրությամբ, իսկ հետևություն անելու պատիվը կթողնեմ նոր սերնդին:



Ահավասիկ, «Հրապարակի» երիտասարդ և համարձակ գործընկերս, որի գրագիտությունն ու լեզուն իսկապես աչք են շոյում, իրոնիայով[ գրում է](https://www.hraparak.am/posts/5a2e478a34400b0647fc9b4e/%D5%BF%D5%B8%D5%AC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6%D5%B6-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6%D5%A8), որ ինչ է թե «ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման որակել է ադրբեջանական կերակրատեսակ, Հայաստանում չափազանց մեծ աղմուկ է բարձրացել, հայու գենն ու արժանապատվությունը վիրավորվել է։ «Ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ աշխարհում ամեն ինչ պետք է ստեղծված լինի Հայաստանում, իսկ «դավադիր» աշխարհը պետք է հաշվի նստի այդ փաստի հետ»,- գրում է գործընկերս: Իսկ փիլիսոփայությունը, որով նա մոտենում է հարցին, հետևյալն է. «… և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տոլմա ուտելու դեպքում, միևնույնն է, վերջաբանը նույնն է լինելու»:



Իսկապես, շատ էլ մեծ հանցանք չի գործել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, չի հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է, այլ բավարարվել է տոլման, որն ուտելու դեպքում վերջնարդյունքը երկրագնդի բոլոր ծագերում նույնն է, ադրբեջանական որակելով: Բայց ես ինձ հարց կտայի` ինչո՞ւ հենց ադրբեջանական և ոչ թե հայկական, վրացական կամ հունական… Հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները պայքարել են, դռներ են թակել, մարդ են մեջ գցել, որ տոլման ճանաչվի ադրբեջանական ոչ մշակութային ժառանգություն: Մի ուրիշ հարց էլ կա` ինչո՞ւ են դա արել, չէ՞ որ տոլմա ուտելու վերջնարդյունքը հայտնի է, քանզի բոլոր տեղերում այն նույնն է:



Աղեստամոքսային տրակտի լավ իմացությունը դեռևս հիմք չէ քոչվոր և բնիկ ժողովուրդների խոհանոցների տարբերությունը հասկանալու և մանավանդ մեկնաբանելու համար: Իսկ քոչվորների և բնիկների խոհանոցների տարբերությունները հսկայական են և սա վեճի առարկա չէ: Ավելին ասեմ, քոչվորները, որոնց կենսաձևը միշտ եղել է իրենց ճանապարհին հերթական ժողովրդի ունեցածը յուրացնելը (մշակույթ, խոհանոց, տարազ, արհեստներ, կենդանատեսակներ և այլն), երբեք չեն կարող հավակնել որևէ կոնկրետ մշակութային կամ ոչ մշակութային ժառանգության: Չենք ասում, որ քոչվորները չէին կարող իրենց «ճաշացանկը» տարածել այն երկրներում, որոնցում եղել են, բայց պնդել, թե այնպիսի ճաշատեսակ ինչպիսին տոլման է, կարելի էր պատրաստել նաև քոչվորական պարզ կենցաղում, մեղմ ասած, մանկամտություն է: Քոչվորները, հասկանում ես, պետք է կաղամբ մշակեին կամ խաղող, որ դրանց թփերի ու տերևների մեջ միս փաթաթեին և այդպես ուտեին: Հավատս չի գալիս ինչ-որ, կամ էլ պետք է ընդունել, որ ադրբեջանցիները քոչվորների հետնորդ չեն ու հատուկ նպատակով չեն պայքարել հայկական տոլմայի ծագումը յուրացնելու համար:



Իսկ թե ինչու են ադրբեջանցիները պայքարում այնպիսի մի բան յուրացնելու համար, ինչպիսին տոլման է, որը ուտելուց հետո, միևնույն է, զուգարան են գնում, կարծում եմ ավելորդ բացատրության կարիք չունի: Ինքնահաստատման խնդիր են լուծում նրանք, իսկ մենք կորցնում ենք մեր ունեցած հսկա ժառանգության մի փոքրիկ մաս, դիցուք` տոլման: Չաղմկե՞նք: Մեզ, ահա, ասում են` կարիք չկա աղմկելու, եղածը մի մեծ բան չէ:



Պիցցան (pizza) իտալական ծագում ունի: Աշխարհում ամենաշատը պիցցա են ուտում: Պիցցա ուտում էին մի քանի վայրկայն առաջ, ուտում են այս պահին, կշարունակեն ուտել մինչև այս հոդվածն ավարտենք, դրանից հետո էլ կուտեն, մենք քնած կլինենք, իսկ ԱՄՆ-ում պիցցա կոչնչացնեն այդ ժամանակ: Հետո նրանք քնած կլինեն՝ մենք կոչնչացնենք: Եվ այդպես, ամեն վայրկյան պիցցայի սիրահարները ակամա հիշում են Իտալիան: Մասնավորապես հայտնի է, որ Պիցցայի հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը, որտեղ Իտալիայի թագուհի Մարգարիտայի այցի ժամանակ նրան հյուրասիրել էին երեսին տարբեր սննդատեսակներով հարուստ տափակ հաց։ Սովորաբար պիցցայի վրա փորձում էին ընդգծվել նաև իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան): Հայկական եռագույնով տոլմա պատկերացնելը դժվար է մի քիչ, բայց այնպես էլ չէ, որ Իտալիայում մակարոնը հենց իրենց դրոշի գույների է, և այդ պատճառով է իտալական համարվում նաև մակարոնը: Փորձեք, սակայն, իտալացիներին համոզել, որ պիցցան և սպագետտին այլ ծագում ունեն: Դժվար է բառերով նկարագրել այն աղմուկը, որ կբարձրանա Իտալիայում, թեև, ինչպես տոլմայի, այնպես էլ պիցցայի ու մակարոնի պարագայում, ուտելուց հետո վերջնարդյունքը նույնն է լինում: Աշխարհում ոչ մի նորմալ ազգ չի վիճարկի պիցցայի ծագումը, եթե դրա համար լուրջ շարժառիթ չունենա: Բայց մի գեղեցիկ օր կլսենք, որ ադրբեջանցիները դա էլ են վիճարկում, քանզի իրենց նախնիները տաք քարի վրա տափակ հաց են թխել: Միակ խնդիրն այստեղ հացն է` քոչվորին որտեղի՞ց ալյուր, որ մի հատ էլ հաց թխեր: Եվ պատկերացրեք, չէր գտնվի իտալացի մի լրագրող, որ ասեր՝ ի՞նչ տարբերություն` իտալակա՞ն, թե՞ ադրբեջանական ուտեստ է պիցցան…



Պետք է նաև իմանալ, որ ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում նույնպես կան մարդիկ, որ պայքարում են մեր ժողովրդի ոչ մշակութային արժեքների պահպանման, դրանց հայկական գրանցում ու անուն տալու համար: Դա հենց այնպես չի արվում և արժանին պետք է մատուցել այդ մարդկանց ջանադրությանը: Երևի մեզ ոչինչ էլ չէր պատահի, եթե հայկական գամփռը համարվեր կովկասյան հովվաշան կամ միջինասիական ալաբաշի տարատեսակ: Բայց ընդունված է այսօր, որ գամփռը հայկական շուն է, ու ոչ ոք չի կարող յուրացնել նրա ծագումը: Ինչ ենք շահում դրանից` չեմ կարող ասել, բայց առանց անվանման մեջ շատ խորանալու էլ կարելի է հասկանալ, որ այդ շունը ստացվել կամ անհիշելի ժամանակներում ընտելացվել է Հայաստանում` հայերի կողմից: Կա՞ այստեղ հայու գենի հատուկ ընդգծման կարիք: Ոչ: Բայց այնպես էլ չէ, որ գամփռին կորցնելը ցավ չէր պատճառի մեզ, ինչպես հայկական «Վիշապագորգի» կամ հայկական տարազի որևէ մանրամասնի կորուստը:



**Էդիկ Անդրեասյան**